1947 թվականի հուլիսի 17-ը Մոսկվայի «Լյուբլյանկա» բանտում Ռաուլ Վալենբերգի մահվան ենթադրական օրն է: Ըստ պաշտոնական Մոսկվայի հայտարարության՝ Ռաուլ Վալենբերգը մահացել է հուլիսի 17-ին, իր բանտախցում, «սրտի կաթվածից»:
1989 թվականին հետաքննական «գործ» -ը փոխանցվում է Շվեդիային, բայց շվեդներին չի հաջողվում ճշգրտորեն պարզել, թե ինչ հանգամաքներում է մահացել Վալենբերգը, և թե ինչու է խորհրդային հետախուզությունը որոշել նրան վերացնել: Ըստ ԽՍՀՄ-ում շրջանառության մեջ դրված վարկածի՝ համակենտրոնացման ճամբարներում հայտնվելուց տասնյակ հազարավոր հունգարացի հրեաների փրկած շվեդ դիվանագետ Վալենբերգը, որին խորհրդային հատուկ ծառայությունները կալանավորել էին Բուդապեշտը գրավելուց հետո և գաղտնի տեղափոխել էին Մոսկվա, եղել է ամերիկյան հատուկ ծառայությունների գործակալ, և որ նա, իբր, Հունգարիայում նախապատրաստել է հակախորհրդային հեղաշրջում (որպեսզի ակնառու լինի ԽՍՀՄ ապօրինի գործողությունը Վալենբերգի նկատմամբ, հարկ եմ համարում նշել որ նա, լինելով շվեդական առաքելության աշխատակիցը Բուդապեշտում, չեզոք երկրի դիվանագիտական անձեռնմխելիության կարգավիճակ է ունեցել, բայց կալանավորվել ու բանտարկվել է որպես ռազմագերի):
2000 թվականին, Ռուսաստանի Գլխավոր դատախազի որոշմամբ, Վալենբերգն արդարացվում է, այսինքն Ռուսաստանն ընդունում է, որ շվեդ դիվանագետի նկատմամբ շինծու մեղադրանք է հարուցվել: Հետաքննությունը պարզում է, որ դիվանագետը «որևէ կոնկրետ հանցագործության համար առանց մեղադրանք ներկայացվելու, առանց դատարանի որոշման, անհիմն կերպով ձերբակալվել ու զրկվել է ազատությունից քաղաքական դրդապատճառներով»:
Բանտում Վալենբերգին պահելու հանգամանքների ու մահվան մասին Ռուսաստանի Գլխավոր դատախազության հաղորդագրությունը մեկ բառ անգամ չի ասել:
Վալենբերգի կենսագիրներից մեկը՝ Պոլ Լևինը, գրել է.
«Ռաուլ Վալենբերգը եղավ քրիստոնեական դավանանքի այն սակավաթիվ եվրոպացիներից մեկը, որը 1933 – 1945 թվականներին իսկապես ջանաց օգնել հրեա եղբայրներին» (նրա մայրը հրեա է եղել):
Վալենբերգին հետմահու շնորհվել է ԱՄՆ-ի, Կանադայի, Հունգարիայի և Իսրայելի պատվավոր քաղաքացու կոչում: Նրա անունով փողոցներ կան Բեռլինում, Վաշինգտոնում, Բաթումիում, Բուդապեշտում, Տորոնտոյում, փողոցներ Իսրայելի բազմաթիվ քաղաքներում, նրա անունն են կրում Սանկտ Պետերբուրգի Հատուկ մանկավարժության և հոգեբանության ինստիտուտը, Շվեդիայի Մանկական հիմնադրամը, նրան նվիրված մի քանի կինոնակար է ստեղծվել: