Սլավի-Ավիկ Հարությունյան - բանաստեղծ, կինոսցենարիստ, փիլիսոփայության գիտությունների դոկտոր։ Ծնվել է 1965թ․ Լեռնային Ղարաբաղում։ Տպագրվել է դեռ 15 տարեկանից։ Սլավի-Ավիկ Հարությունյանի գրականությունը հեղափոխություն է, նոր մոտեցում, նոր ելքեր, նոր գույներ։
Ընթերցողին ենք ներկայացնում հեղինակի մի քանի բանաստեղծություններ՝
ԲԱԽՏ
երբ վերջանում է
ու էլ չի լինում,
դրսից շոշափում
ու չես գտնում քեզ-
փախած մի ձի է
հեռվում՝ վրնջում,
որի անունը պիտի,
որ հիշես:
պիտի որ հիշես,
բայց էլ չես հիշում:
ճերմակ-սև,
պուտ-պուտ՝
վիզը երկարել ու
նայում է քեզ-
խոտերի
գույնը
քեզնից դուրս,
քո մեջ՝
փխրուն
մի
մարմին՝ հեռու
մի համբույր
այդ խոտերի մեջ.
պիտի որ հիշես
անունը նրա,
բայց էլ չես հիշում:
ինքդ քեզնից դուրս,
բախտդ՝
խոտերում
ու չես հասկանում,
թե ինչո՞ւ է ձին խոտը համբուրում:
***
Ներս-դուրս
բոլորս
իրար կյանքի մաս ենք
Երկրում-
թեկուզ
մաս-մաս
մենակ
ինչ ծանր են ու երկար հեռացումները, Աստված
Երկրից դուրս-
տխուր ու հուսահատ օրերիդ
սիրուն կանանց
սկսում ես
անկողիններում դիմել
Անուն-Հայրանունով
***
Թռիչքների ժամանակը
ինձ չեն փնտրում–
ինքնաթիռները
վայրէջք են կատարում
ճիշտ ժամանակին
(երբեմն–բացառությամբ–
փոքր-ինչ ուշացումով)
փորձանքները–
не в счет
ոչ մեկն էլ
չի՜ փնտրում-հիմա
գտած–գողացածն են
մի կերպ պահում
(թռիչքների ժամանակ-
թե վայրէջքներից հետո)
բայց երկնքի
ամպերում
արևի շողեր են լինում
մաքուր
մարգարիտների նման
թռիչքների ժամանակ
ես լսել եմ
նրանց–
ջարդվող
ձայների
հառաչը
****