ՔՄԱՅՔ /մեկ արարով խաղ/
ՏԵՍԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ Լուսառատ սրահ: Առանձնացված սեղաններ՝ շուրջը մարդիկ, ցածրաձայն երաժշտության ներքո պարողներ, երբեմն-երբեմն նստածներին մոտեցող սպասավոր: Սրահի առաջամասում՝ գործող անձինք: Սեղանին՝ վիսկի, գինի, սուրճ, մրգեր: Սրահի կողապատերին դռներ, ժամանակ առ ժամանակ մտնող-ելնող զույգեր: Ներսում մարդ եղած ժամանակ ցուցանակը վառվում է, հուշումը՝ ԶԲԱՂՎԱԾ Է: Բ տղամարդ - Իզուր եկանք, կարող էինք տանն էլ ժամանակ սպանել: Ա տղամարդ – Խմենք, կաշկանդվածությունը կանցնի: ՈՒմ՝ ի՞նչ, -լցնում է գավաթները՝ բոլորին վիսկի: Բ կին - Օյ, ի՜նչ արիր. վիսկի խմած չկամ: Ա տղամարդ - Իսկ դու փորձիր: Պիտի՞ մի օր սովորես: Բ կին – Չխեղդվե՞մ /հայացքն ուղղելով ամուսնուն՝ Բ տղամարդուն, պատասխան չստացած՝ ըմպում է/: Բ տղամարդ – Առաջադիմությունն ակնառու է: Խոստովանեմ՝ ինձ չի հաջողվել համոզել: Ա կին /հեգնանքով, որ հասցեագրված է ամուսնուն՝ Ա տղամարդուն// - Նման բաներից նա լավ է: Ա տղամարդ /ուշադրություն չդարձնելով/ -Սա դեռ սկիզբն է: Բ կին – Եթե խմելը նկատի ունես /տարուբերում է գլուխը/... Արդեն ազդում է: Շա՞տ էր թունդ: Բ տղամարդ /հայացք գցելով պիտակին/ - Ընդամենը քառասուներեք աստիճան: Բ կին – Ներսս այրեց: Ա տղամարդ – Հրաշալի է: Տաք մարմնում հոգին ևս ջերմանում է: Ա կին – Զգուշացեք. սկսում է սիրահետել: Բ տղամարդ – Նա վաղուց կնոջս վրա աչք ունի: Ա կին – ՈՒ դու հանդուրժու՞մ ես: Բ տղամարդ – Եթե հինգ տարի առաջ լիներ... Բ կին – Ի՞նչ, ուզում ես ասել՝ այլևս ինձ չե՞ս սիրում, քեզ համար միևնու՞յն է: Բ տղամարդ – Դու ասացիր: Բ կին – Ավետարանից ես էլ եմ գլուխ հանում: Ա տղամարդ – Այսօր սիրո օր է, ոչ մի կշտամբել: Դրա համար չենք այստեղ: Ա կին – Գուցե ասե՞ս՝ որտեղ ենք: Ա տղամարդ – Երկրորդ գավաթից հետո՝ թերևս: Սա մեր գաղտնիքն է /աչքով է անում ընկերոջը/: Բ տղամարդ – Գաղտնիք չկա. մայրաքաղաքի առաջին նորաբաց էլիտար ակումբում ենք; Թերթերը, հեռուստատեսությունը թեման շատ ծամեցին: Բ կին –Ա՛խ, ձեր ինչն եմ ասել /խոսքն ուղղելով Ա կնոջը/: Մեր դեմ դավ են նյութել: Խորամանկներ... Ա կին – Նախաձեռնությունն ամուսնունս կլինի: Խոստովանիր: Ա տղամարդ – Ամենևին: Ես քեզնից դեռ չեմ հագեցել: Ա կին – Այդուհանդերձ համաձայնեցիր: Ա տղամարդ – Փոփոխությունները երբեմն անհրաժեշտ են: Բ տղամարդ – Փրկելու, չէ՝ սխալ արտահատվեցի, նորոգելու համար հինը: Բ կին – Ասացիր՝ հի՞նը: Բ տղամարդ – Դարձյալ թերի եղավ, ներիր ինձ: Արժևորելու համար... Ա կին /զմայլանքով/ - ՈՒրեմն՝ իսկապե՞ս քո ձեռնարկն է: Այդ դեպքում սրտովս է, միայն թե... Թերթերում տպածից գրեթե բան չեմ հիշում: Բ տղամարդ – Ես ընդամենը պահի տակ միտքն եմ հուշել: Ա տղամարդ – Չխորանանք: Եթե բոլորս ենք կողմ, պետք է փոխատեղում կատարենք: Բ կին – Պարտադի՞ր է: Ա տղամարդ – Որոշողը մենք ենք; Այստեղ թույլատրելի են երկուսն էլ. կարելի է թե՛ ձևական կողմը պահել ու թե՝ ըստ էության: Ա կին – Հիմա եմ հասկանում, թե ինչ սիրո օրվա մասին էիր ակնարկում: «Էլիտար ակումբ»: Ի՜նչ անունի տակ են քողարկվել: Չենջ-քլաբ ասեք պրծեք /ծիծաղում է/։ Ես երկու ձեռքով կողմ եմ՝ թող տղամարդիկ փոխեն տեղերը: /Ա տղամարդը նստում է Բ կնոջ կողքին, Բ-ն՝ Ա-ի: Առպահ լռում են, ապա՝ քրքջում/: Բ կին – Հետո՞... Ա տղամարդ – Հետո այն, որ պիտի խմենք: Բ կին – Սիրո՞ կենացը: Ա տղամարդ – Նոր սիրո: Բ տղամարդ – Նոր սերերի: Ա կին /գլուխը հենելով Բ տղամարդու ուսին/ - Ես խմում եմ ըստ էության: /ըմպում են/ Ա տղամարդ – Հիմա կարող ենք պարել: Բ կին – ՈՒրիշ... Էլ ի՞նչ է կարելի այստեղ: Տեսնում եմ՝ առաջին անգամ չեք: Բ տղամարդ /փոքր ինչ խանդով/ - Կողքի դռները տեսնու՞մ ես: Ննջարաններ են: Կարող ես նոր ընտրյալիդ հետ առանձնազրույց վարել: Ա տղամարդ / կատակի տալով՝ փորձում է փրկել դրությունը/ - Ի՞նչ ունենք իրարից թաքցնելու: Մեկ անգամ ևս հիշեցնում եմ՝ եթե մեկնումեկը տատանվում է, թող արտահայտվի: Ի վերջո, սրահը լի է այլ կանանցով, տղամարդկանցով: Ա կին - Կարելի է նաև այլոց հե՞տ: Ա տղամարդ - Եթե ի վիճակի ես գայթակղել, իհարկե՛: Ակումբ է, որի այցելուները, ցանկության դեպքում, կարող են ծանոթություններ հաստատել, թե հետո այն ինչ ընթացք կունենա, ցույց կտա կյանքը: Ամեն բան ազատ կամքին է թողնված: Բ կին - Գործ չունենք ուրիշների հետ: Բ տղամարդ - Դու կարող ես միայն քո անունից խոսել: Բ կին - Այդ կերպ էլ վարվում եմ: Ես փնտրելու, առավել ևս նորն ընտրելու կարիք չունեմ: Բ տղամարդ - Բնականաբար՝ ինձ նկատի չունես: Բ կին – Ճիշտ այդպես: Բ տղամարդ – Վիճակը նետված է: Ամեն բան բացորոշ է: Ա կին – Կկարողանա՞նք: Այնքա՜ն անսովոր է: Ա տղամարդ - Առանց վարանելու: Դու դա կարող ես: Բ կին - Մենք շա՞տ վատ բան ենք անում: Ա տղամարդ – Ավելի ճիշտ չէ՞ անթաքույց ընդառաջ գնալ ցանկությանը, քան ընտրել զարտուղի ճանապարհը: Շատ ժամանակ թվում է, թե կողքինը չի նկատում, մինչդեռ համարձակություն չունենալով խորանալ զգացածում՝ ինքներս մեզ խաբում ենք: Քեզ, գիտե՛մ, իմ ընկերը վաղուց է գրավում, նրա հանդեպ անտարբեր չես: Այդպե՞ս է: Ա կին - Չե՞ս խանդի: Ա տղամարդ - Ամենևին: Ա կին - Առաջին իսկ օրից: Ա տղամարդ - Գուցե տրվել է՞լ ես: Ա կին – Խոստացար չխանդել: Ա տղամարդ – Այնուամենայնիվ: Ա կին - ... Ա տղամարդ – Չեմ խորանա, լավ: Բ տղամարդ – Երեկ, թե այսօր. քեզ համար նույնը չէ՞: Ա տղամարդ – Իսկ քե՞զ: Բ տղամարդ – Ինձ ի՞նչ: Ա տղամարդ - Եթե իմանաս իմ ու կնոջդ հարաբերությունների մասին: Բ տղամարդ - Դուք նույնպե՞ս: Մի՞թե /ձեռքն ակամա գնում է շշի կողմը, բռնում վզիկից/... Ա տղամարդ - Ընդունիր, իբրև կատակ: Բ տղամարդ - Իմը նույնպես /մատները թողնում են շիշը/: Ա կին - Տղամարդիկ առավել խանդոտ են, երբ խոսքն իրենց սեփականությանն է վերաբերում, արժանապատվությանն սպառնացող վտանգ են տեսնում: Բ կին - Ինձ թվում է՝ մարդու բնույթն է այդպիսին. բոլորս նույն կավից ենք հունցած: Բ տղամարդ - Հունցած ենք... Հունցած էգ: Բ կին - Մի վիրավորիր: Բ տղամարդ - Ես ընդամենը հունցել բայը խոնարհեցի անցյալ կատարյալ ժամանակով; Տեսնու՞մ եք /բոլորին հայացքն ուղղելով/ հայերենը չեմ մոռացել: Առաջարկում եմ ուսուցչիս կենացը խմել, հանձին նրա՝բոլորինը /չսպասելով մյուսներին՝ ըմպում է/: Բ կին –Եթե նրանք տեսնեն իրենց տարիների տքնանքի արդյունքը, կապշեն, լիովին կհիասթափվեն կյանքից, խաբված կզգան իրենց: Ա կին – Նրանք դեռ ոչինչ՝ անցյալ են, հանդիպելու հավանականությունը՝ աննշան: Թատերականի ուսանողների աչքերը ճակատը կթռչեն, եթե մեզ տեսնեն այս միջավայրում: Ա տղամարդ – Համոզված եմ՝ դասատուները մեզնից ավելի բարոյական չեն, իսկ նման հարցերում ուսանողների համեմատ մենք կաթնակեր ենք: Ա կին – Այնքան վստահ ես այլոց մասին դատողություններ անում: Ա տղամարդ - Ես կյանքի փուլեր եմ անցել, որպեսզի գոյի շուրջ դատեմ տեսանելի մասով, առավել ևս՝ եթե անձ է: Բ տղամարդ - Հակադարձելու եմ քո իսկ զենքով. եթե աշխարհն այն չէ, ինչ տեսնում ես, բարի եղիր չափանիշներդ չտարածել դիմացինի վրա. Նա դու չես: Ա կին - Բարդ բաներից մի խոսեք: Մենք մեզ չենք հասկանում, ուր մնաց՝ ուրիշին: Ես պարել եմ ուզում: /տղամարդիկ շփոթված՝ իրար են նայում/ Ա տղամարդ /Բ տղամարդուն/ - Նա քեզ պարի է հրավիրում: Բ տղամարդ - Կնոջս հետ մնալու հաճույքից քեզ զրկելու համար քիչ է մնում մերժեմ առաջարկը, բայց այնչափ ապուշ չեմ, որպեսզի բաց թողնեմ րոպե առաջ նախկին կնոջդ գրկելու հնարավորությունը /ելնելով՝ Ա կնոջ հետ թևանցուկ դիմում է պարողների կողմը/: Բ կին – Բրավո... Անցավ ռուբիկոնը /ամուսնուն նկատի ունի/: Ա տղամարդ – Վերջապես: Բ կին – Դու դիտմամբ այդպես ասացիր՝ նրան գրգռելու համար, այո՞: Ա տղամարդ – Ճշմարտությունից հեռու չեմ: Ես տարիներ շարունակ քո մասին եմ երազել: Մտքումս դու ես եղել, երազներում այցի ես եկել, մերկացրել եմ, գգվել ենք իրար /նա ձեռքը տանում է կնոջ ազդրի ուղղությամբ, սեղմում/: Ի՜նչ ողորկ մաշկ ունես: Բ կին – Ինչու՞ էիր լռում: Ա տղամարդ – Սպասում էի պատեհ առիթի, որը չէր գալիս: Բայց իմ հայացքը մի՞թե բան չէր ասում: Բ կին – Անշուշտ, խոսուն էր: Ա տղամարդ – Քեզ տեսնելիս կորցնում էի գլուխս, լեզուս կապ էր ընկնում: Բ կին – Ինչպես հիմա՞ /ժպիտը հեգնալից է/: Ա տղամարդ – Ինչպես բոլոր սիրահարները: Ա կին – Չեմ հավատում, սակայն ճիշտ են ասում՝ կանայք ականջներով են սիրահարվում. բոլոր դեպքերում հաճելի է: Ա տղամարդ – Այսուհետ իմն ես լինելու: Ես քեզ չեմ զիջի: Բ կին – Նրանից պետք է զգուշանալ. խանդոտ է, կարող է բռնկվել և, մոռանալով ամեն նախապայման, գրողի ծոցը ճամփել մեզ: Ա տղամարդ – Առաքինության բարձունքից գլորվելուց հետո այլևս չի կարողանա նույն պահվածքը դրսևորել: Նա արդեն կեսճամփին է, ընդունել է պայմանը՝ կամովին է եկել և բերել է քեզ: Նախաձեռնությունն էլ, հավատա, իրենն է: Բ կին – ՈՒզում ես ասել, որ նրանք նախկինում իրար հետ չե՞ն եղել: Ա տղամարդ – Վստահ եմ: Բ կին – Այդ դեպքում կինդ ինչու՞ ջուր առավ բերանը: Ա տղամարդ – Որովհետև ուզածը հենց դա է: Համոզված եմ՝ չորսիցս բոլորից լավ հիմա նա է զգում: Բ կին – Նրանց ներկայությունն ինձ որոշ ճնշում է: Ա տղամարդ – Իզուր: Տես՝ ինչպես են սեղմվել մեկմեկու: Բոլորովին վերացել են շրջապատից: Նկատեցի՞ր՝ երաժշտության ավարտից հետո անգամ ձևի համար չհեռացան իրարից: Տեսնես ի՞նչ է գեղգեղում ականջին: Բ կին – Քո մեջ, կարծես, խանդն է գլուխ բարձրացնում: Ա տղամարդ – Իմ տխմարը, երևի, վարտիքն արդեն թրջել է /բաժակը դատարկելուց հետո մոտ է հրավիրում սպասավորին, որն աճապարում է/: Մեզ համար է պետք: Սպասավոր – Ո՞ր կարգի և՝ ի՞նչ տևողությամբ: Ա տղամարդ – Միևնույն է, միայն թե արագ: Տևողությունը՝ կես ժամ: Սպասավոր /ցածրաձայն ինչ-որ բան է ասում պատվիրատուին: Վերջինս գլխով հաստատական շարժումներ է անում: Խոսակցությունը փոքր ինչ երկարում է, այնուհետ՝ բարձրաձայն / - Աջակողմյան չորրորդ դուռը: Խնդրեմ /այնուհետ, իբրև արդարացում/: Ներող կլինեք աննրբանկատ պահվածքի համար: Մեզ հանձնարարված է հյուրերին մանրամասնել կարգը, եթե վերջիններս առաջին անգամ լինելով՝ չեն կամեցել անձամբ ծանոթանալ պայմաններին: Ա տղամարդ - Գնանք, սիրելիս: Բ կին - Նրանց զգուշացնելու կարիք չկա՞: Ա տղամարդ - Եթե հետաքրքրվեն, սպասավորը կբացատրի: Բ կին- Դրա շու՞րջ էիք գաղտնախոսում: Ա տղամարդ - Հարցնում էր՝ լրացուցիչ ծառայության կարիք ունե՞նք: Բ կին – Ի՞նչ նկատի ունեն: Ա տղամարդ – Օրինակ՝ բժշկի. սեռավարակությունը բացառելու նպատակով: Բ կին – Ես՝ ոչ: Ա տղամարդ – Ես՝ նույնպես: Բ կին – ՈՒրի՞շ: Ա տղամարդ – Կարևոր չէ: Բ կին /քնքշորեն/ - Ասա: Ա տղամարդ - Բարձրակարգ համարի առավելություններն էր թվում: Բ կին -Հարկ կա՞: Ա տղամարդ - Հարկավ: Դու ավելիին ես արժանի: Բ կին – Ես խոտ բառը լսեցի: Ա տղամարդ – Հաշիշի մասին էր հիշատակում: Ա կին – Մակարդակ եմ ասել, հո չպատվիրեցի՞ր: Ա տղամարդ /աչքով է անում/ - Գնի մեջ է մտնում: Կարիքը չես զգում, չես գործածի: /Ա տղամարդը և Բ կինը մտնում են չորրորդ դռնով/ ՏԵՍԱՐԱՆ ԵՐԿՐՈՐԴ Նույն սրահն է; Երաժշտությունն ավարտվում է, հայտարարվում ընդմիջում: Բ տղամարդը և Ա կինը վերադառնում են սեղանի մոտ: Նրանք՝ երկուսով: Ա կին - ՈՒ՞ր կլինեն գնացած: Բ տղամարդ - Մինչև վերջին պահը նստած էին: Թվաց՝ պարելու են գալիս... Ա կին - Ինձ գինի լցրու: Բ տղամարդ - Գլխապտույտդ անցա՞վ: Ա կին - Խմիչքից չէր: Բ տղամարդ - Չասես՝ սիրուց: Ա կին - Եթե իրոք այդպե՞ս է: Ես չեմ խաղում: Բ տղամարդ –-Հավատում եմ, բայցևայնպես՝ դերակատար ենք բոլորս, ուղղակի ոմանք չգիտեն այդ մասին: Ի վերջո հասկանում են, իհարկե, եթե հանկարծաբար ընդհատում չլինի: Ա կին - Անգիտակ վիճակը գերադասելի է խաղալիք լինելդ գիտակցելուց: Բ տղամարդ - Թերևս: Ներիր շեղվածիս, վերստին մոռացա խնդրանքդ. կանանց հետ պիտի միայն սիրուց խոսել: Ա կին - Այդքանն էլ բավական է: Բ տղամարդ - Ինձ սկսնակի պես եմ պահում, ճի՞շտ է: Հակոտնյա հույզերը հանգիստ չեն տալիս: Շփոթված եմ՝ գլուխը կորցրածի պես: Ա կին - Նույն կացության մեջ բոլորս ենք: Էլի կլցնե՞ս: Բ տղամարդ – Գինի՞: Ես այլ առաջարկ ունեմ. մտնենք այն ազատ խուցը: Ա կին /ծիծաղելով/ – Աղոթելու՞: Բ տղամարդ – Դա՝ հետո: Ա տղամարդ – Ի՞նչ կտա մեզ: Բ տղամարդ – Մոռացություն, թոթափում կրքի: Ա կին – Վայե՞լք: Ա տղամարդ /լռիկ գլխով է անում/: Բ կին – Ես քեզ մերժել չեմ կարող: ՏԵՍԱՐԱՆ ԵՐՐՈՐԴ Նույն սրահը՝ գրեթե ինչպես առաջին տեսարանում: Խորքում պարում են, սեղանների շուրջ՝ մարդիկ: Այն դռնից, որով մտել էին գործող անձինք, դուրս են գալիս, մոտենում իրենց սեղանին, սկզբում՝ Ա տղամարդը և Բ կինը, առժամանակ անց՝ Բ տղամարդը և Ա կինը: Դեմքերի արտահայտությունից, հագուկապից հնարավոր չէ գուշակել, թե ինչով են զբաղված եղել առանձնասենյակներում: Բ տղամարդ – Դուք արդեն այստե՞ղ եք: Բ կին – Ինչպես տեսնում ես: Բ տղամարդ – Չե՞ք զլանա ասել, թե որտեղ էիք: Ա տղամարդ – Որտեղ դուք: Ա կին – Հուսով եմ՝ չձանձրացաք: Ա տղամարդ – Դու, կարծեմ, իմ որակներին ծանոթ ես: Ա կին /ծաղրանքով/ - Ի՜նչ ես ասում: Հավատա՝ այս անգամ ևս համեմատությունը քո օգտին չէր: Ա տղամարդ – Նույնիսկ այդպե՞ս: Մինչ օրս չգիտեի, որ առաջնությունը խամրած գույներին ես տալիս: Ա կին – Նա, հիրավի, փառահեղ էր: Բ կին – Քեզ եմ ի խորոց սրտի ընծայում: Ա կին – Ինչո՞վ վարձահատույց լինեմ: Բ կին – Ես լիուլի բավարարված եմ /գլուխը հենում է Ա տղամարդուն/: Ինձ այլևս ոչինչ պետք չէ: Բ տղամարդ – Այլևս, թե՞ առայժմ: Բ կին – Դու ինչպե՞ս կկամենայիր: Բ տղամարդ /անսպասելի/ - Ես չեմ ուզում քեզ կորցնել: Ա կին – Իսկ ի՞նձ: Բ տղամարդ – Քեզ նույնպես: Ա տղամարդ – Ինձ բաժին չե՞ս թողնում: Բ տղամարդ – Համատեղել հնարավո՞ր է: Բ կին – Նա պարզապես հարբած է: Շատ խմեց: Բ տղամարդ – Գոնե դու գիտես, որ խմիչքն ինձ վրա անջատվելու աստիճան չի ազդում: Բ կին – ՈՒրեմն՝ ձեզ ևս հաշիշ են հրամցրել ու չեք հրաժարվել: Բ տղամարդ – Ոչ, այդ հաճույքից ես վաղուց եմ մեկընդմիշտ հրաժարվել, երբ դեռ ուսանող էի: Բ կին – Այդ դեպքու՞մ... Ա տղամարդ – Նա քառակողմ սեքսի կողմնակից է: Բ տղամարդ – Ես հիմա խորշում եմ արվամոլներից: Քեզ բացառում եմ: Ա տղամարդ – Ցնորվեցի՞ր: Աշխատանքի համատեղումից ո՞վ էր խոսում: Բ տղամարդ – Մի գռեհկացրու: Իմն աշխատանք չէ: Ես նրանց եմ սիրում: Ա տղամարդ – Միաժամանա՞կ: Ա կին – Իսկ ինչու՞ ՝ ոչ: Մինչևիսկ հետաքրքիր է: Ա տղամարդ – Ներսու՞մ եք պայմանավորվել: Ա կին – Ոչ: Սիրվելուն սակայն ո՞վ է դեմ: Ա տղամարդ – Իսկ առանց պահպանակի կցվելու՞ն: Բ տղամարդ – Եթե տիկնանց հետ չլինեինք, մռութդ կջարդեի: Ա տղամարդ – Դա խաղի կանոններին դեմ է: Բ տղամարդ – Չե՞ս ուզում ծեծ ուտել, ուրեմն՝ սուս կաց: Ա տղամարդ – Դու ուզում ես երկուսին էլ ձեռքիցս խլել, ու լռե՞մ: Դրա համա՞ր առաջարկեցիր այս ապուշարանը գալ: Դուք ինչու՞ ձայն չեք հանում: Ա կին – Ի՞նչ ես տաքանում: Բոլորովին քեզ նման չես: Մեզ այստեղ բերեց ձանձրույթը, իսկ առաջարկված տարբերակը հետաքրքիր է: Միայն ***** ֆիլմերում եմ տեսել: Ա տղամարդ – Վախենամ՝ քեզ դա էլ չփրկի: Ա կին – Իմ սառնության պատճառը քո մեջ փնտրիր: Մեղավոր չեմ, եթե կիրք չէիր արթնացնում: Ա տղամարդ – Բոլորդ իմ դեմ եք. խոսքներդ մեկ եք արել: Բ տղամարդ – Փշրանք կհասնի, այդչափ մի երկյուղիր: Հետո նորից քեզ կզիջեմ: Ա տղամարդ – Ես սովոր չեմ կրճոնի: Բ տղամարդ – Կվարժվես: Ա տղամարդ – Դու ես իմ թերմացքով գոհացել: Բ տղամարդ – Այդ ե՞րբ: Ա տղամարդ – Կնոջդ հարցրու: Բ տղամարդ – Դու հորինում ես, հարյուր տոկոսով ստում: Ա տղամարդ – Եթե դա կօգնի անխռով ապրել, այդ համոզմունքին էլ մնա: Բ տղամարդ /Բ կնոջը/ - Նա ճի՞շտ է ասում: Ա կին – Հարկ կա՞ վերադառնալ անցյալին, երբ միակ իմաստը ներկայի մեջ է: Մեկընդմիշտ քանդիր հնին կապող կամուրջները: Բ տղամարդ – Ներկան խարսխված է անցյալի վրա, պատճառահետևանքային կապ գոյություն ունի: Ա կին – Խոստացել էիր միայն սիրուց խոսել: Բ տղամարդ – Ես ընդամենը շարունակեցի: Ա կին – Եկեք ատելությամբ չզինվենք: Սիրտս վկայում է՝ դա լավ հանգրվանի չի հասցնի: Առաջարկում եմ խմել՝ մտաբերելով, որ մենք ոչ միայն գործընկեր ենք, այլև ընկեր, ըստ որում՝ մտերիմ: Իսկապե՛ս մտերիմներ: Բ կին – Առանց այդ էլ այս ամենի մեղավորը խմիչքն է: Գլուխ են բարձրացնում մութ բնազդները: Ա տղամարդ / ձեռքով նշան է անում, մոտենում է սպասավորը/ - Էլի վիսկի բեր /սպասավորը հեռանում է/: Բ կին – Մենք խցում չբացած շիշ թողեցինք: Բ տղամարդ – Ձեր համարում մինչևիսկ խմի՞չք է եղել: Ես ուզում եմ լինել նույն որջում: Բ կին – Այն հիմա զբաղված է: Բ տղամարդ – Կհամբերեմ /ընթացքում մատուցողից վերցնում է վիսկիի շիշը/, շնորհակալություն, ինքս կլցնեմ: Բ կին – Եվ ու՞մ հետ: Բ տղամարդ – Քեզ: Բ կին /հետաքրքրությամբ/- Բայց դու ինձնից հոգնել էիր /խոսքն ուղղում է սեղանակիցներին/: Մենք մի տարի կլինի նույն անկողնում չենք եղել: Բ տղամարդ – Այսօր կխախտենք դրվածքը: Ա տղամարդ – Դու ինձնից թույլտվություն պիտի ստանաս: Բ տղամարդ –Կնոջս մերձենալու համար քեզնից թույլտվությու՞ն: Շատ չեղա՞վ: Ա տղամարդ – Նա արդեն իմն է: Մենք համաձայնության էինք եկել: Հո չե՞ս ժխտի: Խոսք ասեք /դժկամ հայացքն ուղղում է կանանց/: Ա կին – Այդպես է: Ա տղամարդ – Տղամարդն ասածին տեր պիտի լինի: Բ կին – Գուցե համաձայնե՞ս /փաղաքուշ հպվում է Ա տղամարդուն/: Ա տղամարդ – Որքա՞ն ժամանակով: Իսկ եթե ընդհանրապես է զղջացե՞լ: Բ տղամարդ – Կես ժամ՝ ոչ շատ: Ա տղամարդ /Ա կնոջը/ -Դու հիմա որոշակի իրավունքներ ունես: Ա կին – Ես արդեն ոչինչ չեմ ըմբռնում: Փոփոխական ամպամածություն, -կասեին օդերևութաբանները: Քիչ առաջ եռակողմից ու քառակողմից էր խոսք գնում: Ա տղամարդ – Ինձ համար հարցը կարևոր դարձավ: Համաձա՞յն ես: Ա կին – Կարող եմ զիջել: Եթե խնդրի... Ա տղամարդ – Խնդրիր և կստանաս: Ա կին /Բ կնոջը/ - Դու՝ նույնպես: Բ կին – Ես քեզ նախկին ամուսնուդ հետ լինելու հնարավորություն եմ ընձեռում, բավական չէ՞: Ա կին – Նա միշտ էլ իմն է. հերիք է կամենամ: Բ կին – Թվում է: Ա կին – Հարկադրում ես խառնել խաղաթղթերը: Բ կին – Նոր խաղաղության հրեշտակ էիր ներկայանում, ի՜նչ արագ մոռացար: Ա կին – ՈՒրեմն՝ չափավորիր քեզ: Բ կին – Ի՜նչ ես ասում: Ա տղամարդ – Մի խոցեք իրար: Գիտեմ՝ երկուսդ էլ սուսերամարտով տարվել եք, բայց սա մրցասպարեզ չէ, դուք՝ ախոյաններ: Բ տղամարդ – Մենք բեմահարթակում ենք, ընդամենը՝ դերակատար... Ա տղամարդ – Այո, բայց չափն անցանք: Բ տղամարդ – Սա դեռ առաջին արարն է: Ա կին – Փոքր ինչ ձանձրալի է՝ միշտ նույն միջավայրը: Տեղապտույտ ենք տալիս: Ա տղամարդ – Չասեիր էլ, պահվածքիցդ նկատվում է: Ա կին – Ակնարկներով մի խոսիր: Ա տղամարդ – Համատեղ սեքսից հենց խոսք բացվեց, աչքերդ փայլեցին: Ա կին – Ես ապրում եմ: Ա տղամարդ – Մենք ևս գործող անձ ենք, ըստ որում՝ ոչ երկրորդական: Ա կին- Այնպես ես մեղադրում, կարծես ինքս եմ հեղինակը: Ա տղամարդ – Բայց շեղվել նախանշված ուղուց պատեհ առիթի դեպքում փորձում ես: Հիմա եմ հասկանում, թե ինչու միանգամից ոգևորվեցիր: Սյուժեն, երևում է, սրտովդ է: Ա կին – ՈՒրիշ ժամանակ կշտամբում ես, թե իմպրովիզների չեմ դիմում: Ա տղամարդ – Բայց ոչ այսպիսի: Ա կին – Դու որպես ռեժիսոր ես դեմ իմ խաղին, թե՞ որպես ամուսին, չեմ հասկանում: Մի մոռացիր, արտիստն իր եսն է դնում՝ ձուլվելով կերպարին, միաժամանակ փոխելով այն: Նա ևս կերտում է, մարմնավորում, ձևում, ինչպես սկզբում՝ դրամատուգը, այնուհետ՝ ռեժիսորը: Եվ ապրում է թե կերպարով ու թե գործողությամբ: Ա տղամարդ – Լավ է հիշեցիր, որ բեմադրությունն իմն է: Ա կին – Մտադիր չեմ կաղապարներով առաջնորդվել: Ես ընդառաջ եմ գնում իմ զգացմունքներին. չեմ խեղդել ու չեմ խեղդելու: Ա տղամարդ / նեղսրտած/ - Քո կամքին ոչ ոք չի բռնացել ոչ անցյալում, ոչ հիմա: Արա, ինչ սիրտդ կթելադրի, վարվիր, ինչ կերպ կկամենաս: Ա կին – Տրամադրությանս վրա անընդհատ ազդում ես: Ա տղամարդ – Ոչինչ, նա կբարձրացնի /գլխով ցույց է տալիս Բ տղամարդուն/: Դու դեռ չե՞ս մտքափոխվել: Ա կին /չսպասելով Բ տղամարդու պատասխանին/ - Ես փոխեցի մտադրությունս. նրանց առանձնանալուն դեմ եմ: Բ կին – Իսկ չորսո՞վ: Ա կին – Երեքով՝ ես, դու, նա: Ա տղամարդ – Պատժու՞մ ես: Կամենում եմ տեսնել, թե դու ինչպես ես քեզ դրսևորում այլոց հետ: Ա կին – Քեզ դա չի փրկի, ինչպես, ի միջի այլոց, ***** ֆիլմերը: Բ տղամարդ – Եկեք հստակենք՝ ով ինչ է ուզում: Ա տղամարդ – Ո՞վ է սկսում: Բ տղամարդ – Ես խնդրեցի թույլ տալ կես ժամ նախկին կնոջս հետ առանձնախոսել: Ա տղամարդ – Դու ցանկություն հայտնեցիր, բայց չխնդրեցիր: Բ տղամարդ – Թախանձագին աղաչում, պաղատում եմ: Ա տղամարդ – Այդ ոգով էլ շարունակիր: Իսկ ումի՞ց: Բ տղամարդ –Քեզնից՝ հարկավ, որովհետև կինս, համաձայն պայմանի, այժմ քոնն է: Ա տղամարդ – Գիտեի, որ խելացի ես, համակերպվող: Բ տղամարդ – Եվ նախկին կնոջդ, որովհետև հիմա նա իմն է: Բ տղամարդ - Քո իսկ բառով փոխադարձեմ՝ հարկավ, հարկավ... Բ տղամարդ – Եվ իմ նախկին կնոջը, որովհետև այլևս իմ կինը չէ: Ես ավարտեցի, հերթը ձերն է: Ա տղամարդ – Կարտահայտվեմ կանանցից հետո: Բ տղամարդ – Հուսով եմ՝ երկար չեմ սպասի: Բ կին - Նախկին ամուսինս վերստին հետաքրքրություն արթնացրեց իր հանդեպ: Իմ հետագա քայլերը կախված կլինեն երկուսիս առաջիկա հանդիպումից: Ըմբռնողություն եմ հայցում /խոսքը հասցեագրում է Ա տղամարդուն/: Ա կին –Նոր կողակցիս հետ ամեն մերձեցում ինձ համար տոն է: Եթե նախկին ամուսինս կկամենա մասնակցել, չեմ առարկում: Օժանդակ «բայը», մեկ էլ տեսար, եղանակ փոխեց: Հավելյալ գրգիռները կթանձրեն գույները; Կարճ՝ ես բազմակողմ հանդիպման կողմ եմ: Ա տղամարդ – Դուք ինձ մղում եք ծայրահեղ քայլերի: Ձեր կարծիքով, ես ընդամենը պահեստային խաղացող եմ, որն այդպես էլ կարող է դաշտ դուրս չգալ, լավագույն դեպքում՝ փոխարինող է: Ոչինչ, ես այլ տեղ կորոնեմ բախտս /փորձում է ելնել տեղից/: Ա կին - Ըմպենք հրաժեշտից առաջ: Բ կին – Խոստացիր, որ չես լքի մեզ: Բ տղամարդ – Չեմ ուզում քո ատելությանն արժանանալ: Մեր հարաբերություններում դու միշտ մակարդ ես եղել: Մնա: Ա տղամարդ – Այլևս ուշ է: Բ տղամարդ – Ընկերոջը կորցնելու գնով խաղը շահելն իմ խառնվածքին հարիր չէ: Ա տղամարդ – Չէի ասի: Բ տղամարդ – Դու իսկապե՞ս վրդովված ես, ցուցք չէ՞: Ա տղամարդ – Թվում էր՝ քեզ ճանաչում եմ: Բ տղամարդ – Ես չեմ փոխվել: Մեր հարաբերությունները կմնան նույնը, համոզված եղիր: Ա տղամարդ – Լավ, լավ, գնացեք... Հավատարիմ ընկեր ունեմ /մատնահարում է վիսկու շիշը/: Ա կին – Քեզ այսչափ ընկճված չէի տեսել: Գուցե մնա՞մ... Ա տղամարդ – Ինձ տալ-առնել է պետք ողջը: Ինչ-որ բան ծրագրածի պես չի ընթանում: Ա կին – Վճռված է՝ մենակ չեմ թողնի /խոսքն ուղղել է Բ տղամարդուն և Բ կնոջը/: Ինձ մի սպասեք՝ ես չկամ: Բ կին /թևանցուկ է անում Բ տղամարդուն, երկուսով ուղղվում են առանձնասենյակ տանող դուռը/: - Առայժմ, առանց մեզ չտխրեք: ՏԵՍԱՐԱՆ ՉՈՐՐՈՐԴ Ա կին – Չափն անցա... Ներիր: Ա տղամարդ /տարակուսանքով/ - Եթե մեղավոր կա, ես եմ: Ա կին – Կտրվել էի իրականությունից: Խոստովանեմ՝ չէի հասկանում որտեղ է ավարտվում խաղը... Ամեն բան խառնվել էր իրար: Խմիչքն ազդեց, թե՞ այլ բան, չգիտեմ: Ես քեզ սիրում եմ: Ա տղամարդ /նյարդային նայում է ժամացույցին/ -... Ա կին – Մոռացիր նրանց... Հիշու՞մ ես մեր առաջին հանդիպումը; Պատուհանի ապակիներն էի մաքրում, ձեր դուռը թակեցի, խնդրեցի բռնել աստիճանը: Բարձրությունից, գիտես, վախենում եմ: Դու ներկոտ ձեռքերով էիր: Ի՞նչ կտավ էր, մինչև հիմա չեմ հարցրել: Ա տղամարդ – Հերթական նատյուրմորտ: Ա կին – Երբ տուն գնանք, ցույց կտաս, հա՞: Ա տղամարդ – Խորդանոցում կլինի: Գտնել է պետք... Ե՜րբ էր: Ա կին – Այնուամենայնիվ, հիշու՞մ ես՝ դու աստիճանը թողած՝ իմ ոտքերը գրկեցիր: Հետո մայրս հարցնում էր՝ ներկը որտեղի՞ց, ո՞վ է քսել: Ա տղամարդ – Դու հրաշալի ազդրեր ունեիր, ուղիղ սրունքներ: Ես չդիմացա գայթակղությանը: Մինչևիսկ բաժինը՝ նկարչականից փոխեցի ռեժիսորական՝ նստելով մի կուրս ցածր, որպեսզի քեզ հետ լինեմ: Ա կին – Իսկ հիմա՞: Ա տղամարդ – Դու գեղեցիկ ես, հրապուրիչ: Ա կին – Ասում ես, իսկ մտքերդ այլ տեղ են: Անհանգիստ ես, ինչու՞: Ա տղամարդ – Կարծում ես հնարավո՞ր է շտկել եղածը՝ փրկելու նախկինը: Ա կին – Հետդարձ միշտ էլ կա, թե՞ այլ բան նկատի ունես: Ա տղամարդ – Իմ դերը նոր քայլ կատարելն է, գործողությունը չքնցնելը: Ա կին – Դու խնդրի լուծու՞մ ունես: Ա տղամարդ –Քեզ ճանապարհելուց հետո կվերադառնամ: Ա կին – Հետո՞... Ա տղամարդ – Եթե դուրս եկած չեղան, պիտի մտնեմ: Ա կին- Նպատա՞կը, որ ի՞նչ... Ա տղամարդ – Շարունակությունը ճշտիվ չգիտեմ: Նայած՝ ինչ կտեսնեմ: Մտքովս վատ բան է անցնում. Այդ խենթը խեղդած չլինի՞ կնոջը, ապա՝ իրեն դանակահարած: Ա կին - Անկարելի բան ես ասում, թեև դա կլիներ նրա կյանքի մեծագույն սխրանքը: ՈՒղղակի սեքսով են զբաղված: Ա տղամարդ – Կսպանեմ: Ա կին /ժպիտով/ - Դու՞: Ա տղամարդ /անպատասխան է թողնում հարցը/ - ... Ա կին – ՈՒ՞մ: Ա տղամարդ – Նրան: Ա կին – Ավելի կոնկրետ: Ա տղամարդ – Ընկերոջս: Ա կին – Հանուն նրա կնո՞ջ: Ա տղամարդ – Ոչ՝ հանուն սիրո: Ա կին –Դու նրան սիրու՞մ ես: Ա տղամարդ – Կնոջը՝ չէ: Ա կին – Այդ դեպքու՞մ... Ա տղամարդ – Մենք իրար սիրում ենք: Ա կին /հայացքը հարցում է պարունակում/ ... Ա տղամարդ – Ես ու ընկերս: Ա կին – Դուք՝ տղամարդի՞կդ... Ա տղամարդ /լռում է/ - ... Ա կին – Երբվանի՞ց: Ա տղամարդ – Վաղուց: Ա կին – Որքա՞ն վաղուց: Ա տղամարդ – Հինգ տարի: Ա կին – Այ քեզ բա՜ն: Ապշած եմ: Եվ ո՞վ՝ ում... Ա տղամարդ – Անկարևոր է: Ա կին – Սրիկա, ստոր, պիղծ անասուն... Ա տղամարդ – Իրավունք ունես: Ա կին – Իրավունք... Կթույնեմ, ողորմելի: Ես էլ ասում եմ՝ ինչու՞ է անհանգիստ, ու՞մ է խանդում: *******... Ա տղամարդ – Փոքր ինչ կամաց, խնդրում եմ: Ա կին – Ամաչու՞մ ես, տականք... Ա տղամարդ /ծիծաղում է/ – Ամենևին: Ա կին –Եվ դեռ կարողանում ես ժպտա՞լ: Ա տղամարդ – Ես հասա իմ նպատակին: Եթե դու հավատում ես ողջին, հանդիսատեսը ևս կգրավվի՝ իմանալով հանդերձ, որ ներկայացում է դիտում, քանզի հոգու խորքում գիտի՝ դա նույն կյանք ասվածն է՝ թատրոնում, արտացոլանքն արարչական քմայքի, որին հասու չենք խամաճիկներս՝ ոչ բեմում, ոչ դահլիճում, ոչ այլուր: Ա կին/հայացքն անորոշ է, թերահավատ/ -… /վարագույր/ |