Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Մի զույգ երազող կանաչ աչքեր

Մերի Գևորգյան
23:57, կիրակի, 13 նոյեմբերի, 2016 թ.
Մի զույգ երազող կանաչ աչքեր
     Ասում են՝նպատակին հասնելու համար պետք է երկու բան՝ համարձակություն և ցանկություն։
     Այս բառերի մեջ էր թաքնված Դոնարայի հաջողությունը։
     Մանկամարդ այս աղջկան հանդիպեցի մոտ 3 ամիս առաջ. եկել էր աշխատանքի ընդունվելու համար։ Միանգամից «սիրտս մտավ», երբ իր կանաչ խոշոր աչքերով զարմացած նայում էր վրաս, ոչինչ չէր հասկանում, երևի վախենում էր..
     Դոնարան 16 տարեկան էր, բայց արդեն հասցրել էր «մազերի չափ» գիրք կարդալ։ Զրույցի ժամանակ հանկարծ լրջացան դիմագծերը, խորացավ հայացքը, ընկավ մտածմունքների մեջ, հետո շրջվեց դեպի պատուհանը, վեր կացավ, արագ քայլերով մոտեցավ պատուհանին, վերցրեց մի գիրք ու վազեց ինձ մոտ.
     -Սա քեզ, կկարդաս, սա գրքերի հայրն է՝ ամենա ամենան գրքերից։
     Ձեռքերիս մեջ Աստվածաշունչն էր։
     Երբ փոքր էր, երազում էր պարուհի դառնալ, բայց նրա երազանքները փշրվում են այսպես, ինչպես ձեռքում եղած գրիչը, որ նյարդային շարժումներով մասերի էր բաժանում՝ հիշելով, թե ինչպես խմբակից դուրս մնաց ոտքի վնասվածքի պատճառով և կորցրեց երբևէ բեմում պարելու հնարավորությունը։ Երազում էր նորից պտտվելու, ցատկելու մասին։
     Մանկական համառությամբ պայքարում էր, ամեն առավոտյան վազում էր, հետո բոլորից թաքուն սովորում բալետի լեզուն, ասում է, որ այս ճանապարհով ուզում է վերացնել այն վնասվածքը, որ իրենից խլեց իր երազանքը։
     Դոնարային հեշտ է գտնել, նա ամեն առավոտյան վազքից հետո մանկական երկաթուղիում, ինչպես ինքն է ասում, «ժամադրվում է բալետի հետ» ։ Հիմա սիրողական պարի դասերի է մասնակցում։ Խմբում առաջինն է, մտադիր է ընդունվել Մանկավարժական համալսարանի պարարվեստ բաժին։
     -Մարդիկ հաճախ իրենց երազանքին հասնելու ճանապարհին կանգ են առնում, դա թուլություն է, պետք է հիշե՛լ, որ ով փորձում է, նա հաղթում է, ով համարձակ է, նա չի վախենում...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5729 | 0 | 0
Facebook