Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կայսրուհի Կի

00:57, շաբաթ, 07 մայիսի, 2016 թ.
Կայսրուհի Կի
     Վիշապի երկրի պատմության մեջ քիչ չեն եղել միանձնյա կին գահակալները, որոնք ոչ միայն հեղաշրջիչ դեր են ունեցել, այլև, փոխել են Արևելքի այս հզոր կայսրության պատմության ընթացքը, նոր դինաստիա հիմնադրելով: Նրանք են՝ Տան դինաստիայի կայսր Լի Շի Մինի հարճը և նրա որդի Գաո Ցզունի կինը՝ կայսրուհի Ու Ցզե Տյանը, որն ի դեպ հիմնադրեց Չժոու դինաստիան, մոնղոլական ծագում ունեցող Յուան դինաստիայի կայսր Թոգոն Թեմուրի կինը՝ կորեական ծագմամբ Օլդժեյ Խութուգը, նույն ինքը Կայսրուհի Կին, որը դարձավ Հյուսիսային Յուանի հիմնադիր և Կայսրուհի Ցի Սին, որը ներկայացնում էր Չինաստանի ամենավերջին, մանջուրական ծագում ունեցող Ցին դինաստիան:
     Այս երեք կանանցից ներկայացնում ենք կայսրուհի Կի Նյան Ինին, որը, թագադրվելով կայսրուհի, ընդունեց մոնղոլական Օլդժեյ Խութուգ անունը: Կի Նյանի ծնված ու մահացած թվերը անհայտ են, բայց դրանք պատկանում են 14-րդ դարին: Ծնվել է Կորեական միջնադարյան Գորեո թագավորությունում՝ Կի Չա Ո-ի ընտանիքում: Աղջկան վաղ հասակում, որպես դան՝ հարկ, հարճի կարգավիճակով ուղարկում են Չինաստանի մոնղոլական Յուան դինաստիայի կայսերական արքունիք: Նա դառնում է կայսր Թոգոն Թեմուրի հարճերից մեկը: Նա, լինելով ֆավորիտ, վայելում է կայսրուհի Թանաշիրիի բացահայտ ատելությունը: 1335թ. Թանաշիրիի մեծ եղբայրը պալատական հեղաշրջում է սկսում և պարտություն կրում: Թանաշիրին նրա հետ մահապատժի է ենթարկվում որպես դավաճան: Կիին կայսրուհի հռչակելու Թոգոն Թեմուրի բոլոր ջանքերը ի չիք են դառնում երկրում մեծ ազդեցություն ունեցող կանցլեր Բայանի արգելքի պատճառով:
     Պատճառաբանությունը կայսեր կնոջ կորեական ծագումն էր: Խուբիլայ մեծ խանի սահմանած օրենքի համաձայն կայսրուհին պետք է զտարյուն մոնղոլուհի լիներ: Սակայն, այս արգելքը չխանգարեց Թոգոն Թեմուրին Կիին դարձնելու երկրորդ պաշտոնական կայսրուհի: 1338թ. ծնվեց նրանց որդին՝ Այուշրիդարան: Պալատական ինտրիգների արդյունքում շուտով սպանվեց կանցլեր Բայանը: Բայանի մահից հետո, ճիշտ է. առաջին կայսրուհի էր շարունակում մնալ Բայան Խութուգը, բայց իսկական քաղաքական իշխանությունը Կիի ձեռքերում էր: Կին չէր հանձնվում: Նա հեռուն գնացող պլաններ ուներ և, չբավարարվելով Այուշրիդարայի թագաժառանգ դառնալով, իր ձեռքը վերցրեց փաստացի իշխանությունը: Թոգոն Թեմուրը խզեց բոլոր կապերը Կիի հետ, բայց տիտղոսից չզրկեց: Չմոռանանք ասել, որ թագաժառանգի հարցում Կիին ազատ գործելու հնարավորություն տվեց նաև առաջին կայսրուհի Բայան Խութուգի արու զավակ չունենալու և միայն դուստր ունենալու փաստը: Կիի և կայսերական պաշտոնյաների անհամաձայնությունների պատճառով Գորեո երկրում սրի քաշվեցին կայսրուհու հարազատները: Շուտով սկսվեց նաև բացահայտ թշնամություն թագաժառանգ Այուշրիդարայի կողմնակիցների ու հակառակորդների միջև: Կրքերի թեժացման արդյունքում՝ Այուշրիդարայի հակառակորդները գրավում են Պեկինը: Շուտով մահանում է նաև կայսրուհի Բայան Խութուգը: Կին հռչակվում է միակ կայսրուհի: Սակայն նրա գահակալումը կարճ է տևում: Չինացիները տապալում են մոնղոլական Յուան դինաստիան: Կին որդու հետ հեռանում է կայսրության հյուսիս՝ մոնղոլական տափաստաններ, որտեղ հիմնադրում է Հյուսիսային Յուանը: Թոգոն Թեմուրի մահից հետո Այուշրիդարան գահ է բարձրանում, իսկ Կին ստանում է այրի կայսրուհու պատվավոր տիտղոսը: Այս իրադարձություններց հետո Կին համարվում է անհայտ կորած: Թե ինչ է եղել նրա հետ իրականում, պատմությունը լռում է:
     Այս հետաքրքիր կայսրուհին նաև էկրանացվել է: 2013թ. կորեական կինոռեժիսորները նկարահանեցին «Կայսրուհի Կի» պատմական դորաման, որը ճիշտ է մի փոքր շեղվում է իրական քաղաքական փաստերից ու սյուժեն տանում ավելի էմոցիոնալ, մարդկային հարաբերությունների ոլորտ, բայց ներկայացնում է այս հետաքրքիր կայսրուհու ֆենոմենն ամբողջությամբ:
    
     Սյուզի Կարապետյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
16889 | 0 | 0
Facebook