Կայսրուհի Կի
00:57, cumartesi, 07 mayıs, 2016
Վիշապի երկրի պատմության մեջ քիչ չեն եղել միանձնյա կին գահակալները, որոնք ոչ միայն հեղաշրջիչ դեր են ունեցել, այլև, փոխել են Արևելքի այս հզոր կայսրության պատմության ընթացքը, նոր դինաստիա հիմնադրելով: Նրանք են՝ Տան դինաստիայի կայսր Լի Շի Մինի հարճը և նրա որդի Գաո Ցզունի կինը՝ կայսրուհի Ու Ցզե Տյանը, որն ի դեպ հիմնադրեց Չժոու դինաստիան, մոնղոլական ծագում ունեցող Յուան դինաստիայի կայսր Թոգոն Թեմուրի կինը՝ կորեական ծագմամբ Օլդժեյ Խութուգը, նույն ինքը Կայսրուհի Կին, որը դարձավ Հյուսիսային Յուանի հիմնադիր և Կայսրուհի Ցի Սին, որը ներկայացնում էր Չինաստանի ամենավերջին, մանջուրական ծագում ունեցող Ցին դինաստիան: Այս երեք կանանցից ներկայացնում ենք կայսրուհի Կի Նյան Ինին, որը, թագադրվելով կայսրուհի, ընդունեց մոնղոլական Օլդժեյ Խութուգ անունը: Կի Նյանի ծնված ու մահացած թվերը անհայտ են, բայց դրանք պատկանում են 14-րդ դարին: Ծնվել է Կորեական միջնադարյան Գորեո թագավորությունում՝ Կի Չա Ո-ի ընտանիքում: Աղջկան վաղ հասակում, որպես դան՝ հարկ, հարճի կարգավիճակով ուղարկում են Չինաստանի մոնղոլական Յուան դինաստիայի կայսերական արքունիք: Նա դառնում է կայսր Թոգոն Թեմուրի հարճերից մեկը: Նա, լինելով ֆավորիտ, վայելում է կայսրուհի Թանաշիրիի բացահայտ ատելությունը: 1335թ. Թանաշիրիի մեծ եղբայրը պալատական հեղաշրջում է սկսում և պարտություն կրում: Թանաշիրին նրա հետ մահապատժի է ենթարկվում որպես դավաճան: Կիին կայսրուհի հռչակելու Թոգոն Թեմուրի բոլոր ջանքերը ի չիք են դառնում երկրում մեծ ազդեցություն ունեցող կանցլեր Բայանի արգելքի պատճառով: Պատճառաբանությունը կայսեր կնոջ կորեական ծագումն էր: Խուբիլայ մեծ խանի սահմանած օրենքի համաձայն կայսրուհին պետք է զտարյուն մոնղոլուհի լիներ: Սակայն, այս արգելքը չխանգարեց Թոգոն Թեմուրին Կիին դարձնելու երկրորդ պաշտոնական կայսրուհի: 1338թ. ծնվեց նրանց որդին՝ Այուշրիդարան: Պալատական ինտրիգների արդյունքում շուտով սպանվեց կանցլեր Բայանը: Բայանի մահից հետո, ճիշտ է. առաջին կայսրուհի էր շարունակում մնալ Բայան Խութուգը, բայց իսկական քաղաքական իշխանությունը Կիի ձեռքերում էր: Կին չէր հանձնվում: Նա հեռուն գնացող պլաններ ուներ և, չբավարարվելով Այուշրիդարայի թագաժառանգ դառնալով, իր ձեռքը վերցրեց փաստացի իշխանությունը: Թոգոն Թեմուրը խզեց բոլոր կապերը Կիի հետ, բայց տիտղոսից չզրկեց: Չմոռանանք ասել, որ թագաժառանգի հարցում Կիին ազատ գործելու հնարավորություն տվեց նաև առաջին կայսրուհի Բայան Խութուգի արու զավակ չունենալու և միայն դուստր ունենալու փաստը: Կիի և կայսերական պաշտոնյաների անհամաձայնությունների պատճառով Գորեո երկրում սրի քաշվեցին կայսրուհու հարազատները: Շուտով սկսվեց նաև բացահայտ թշնամություն թագաժառանգ Այուշրիդարայի կողմնակիցների ու հակառակորդների միջև: Կրքերի թեժացման արդյունքում՝ Այուշրիդարայի հակառակորդները գրավում են Պեկինը: Շուտով մահանում է նաև կայսրուհի Բայան Խութուգը: Կին հռչակվում է միակ կայսրուհի: Սակայն նրա գահակալումը կարճ է տևում: Չինացիները տապալում են մոնղոլական Յուան դինաստիան: Կին որդու հետ հեռանում է կայսրության հյուսիս՝ մոնղոլական տափաստաններ, որտեղ հիմնադրում է Հյուսիսային Յուանը: Թոգոն Թեմուրի մահից հետո Այուշրիդարան գահ է բարձրանում, իսկ Կին ստանում է այրի կայսրուհու պատվավոր տիտղոսը: Այս իրադարձություններց հետո Կին համարվում է անհայտ կորած: Թե ինչ է եղել նրա հետ իրականում, պատմությունը լռում է: Այս հետաքրքիր կայսրուհին նաև էկրանացվել է: 2013թ. կորեական կինոռեժիսորները նկարահանեցին «Կայսրուհի Կի» պատմական դորաման, որը ճիշտ է մի փոքր շեղվում է իրական քաղաքական փաստերից ու սյուժեն տանում ավելի էմոցիոնալ, մարդկային հարաբերությունների ոլորտ, բայց ներկայացնում է այս հետաքրքիր կայսրուհու ֆենոմենն ամբողջությամբ: Սյուզի Կարապետյան |
Kaynak: Սյուզի Կարապետյանի բլոգ
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
16891 | 0 | 0 | 0