Օձաբերդի պեղումները
Օձաբերդն իրավամբ հանդիսացել է Սևանի լճի հարավային ավազանի կարևորագույն կենտրոններից մեկը: Սկսած 2014 թվականից «Էթնոս» էթնո-մշակութային գիտական հետազությունների կենտրոնի և Հռոմի «Միջերկրածովյան հնագիտական հետազոտությունների ասոցիացիայի» նախաձեռնությամբ Օձաբերդում պեղումներ է իրականացնում հայ-իտալական միացյալ միջազգային արշավախումբը (համաղեկավարներ՝ Մ. Բադալյան և Ռ. Դան): Պեղումներն իրականացումը հնարավոր է դարձել «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ Միքայել Վարդանյանի և ՀՀ-ում Օմանի Սուլթանության պատվո հյուպատոս Պերճ Օհանյանի ֆինանսական աջակցության շնորհիվ: Հնագիտական աշխատանքները կենտրոնացվել են երեք տեղամասերում՝ A հնավայրի հարավ-արևելյան հատվածում, B՝ միջնաբերդում, և C՝ հուշարձանի հարավային հատվածում՝ բլրի ստորոտին: Պեղումներին մասնակցել են հայ, իտալացի, ռուս, ամերեկացի և լեհ մասնագետներ: Պեղումները պարզեցին, որ A տեղասը մի կառույց է, որն անմիջականորեն կապ է ունեցել դեպի Օձաբերդ տանող հարավ-արևելյան ճանապարհի հետ: Այստեղ ֆիքսվեցին ուշուրարտական և հետուրարտական ժամանակաշրջանի մի քանի հնագիտական շերտեր: Նախնական արդյունքների համաձայն, կարելի է ասել, որ առաջին փուլում ամրոցի պարսպաշարի բարձրությամբ արվել է հարթեցում, որոնց վրա բարձրացվել են կառույցի արևելյան և հյուսիսային կիսակիկլոպյան շարվածքով պատերը: Կառույցի հարթեցված քարերը պատվել են կավածեփ հատակով: Ավելի ուշ փուլում կառույցի գործառույթը փոխվել է: Հյուսիսային պատին զուգահեռ ավելացվել է կցապատ: Ըստ երևույթին, հենց այդ կցապատի կառուցման ժամանակ էլ փակվել է կառույցի հյուսիսային պատի մուտքը: Պեղումների արդյունքում ֆիքսվել է հինգ հատակ, որոնցից առնվազն երեքը՝ հրկիզման հետքերով: Գտնվել են խեցեղենի բազմաթիվ բեկորներ, կենդանական ոսկորներ, այրված փայտի մնացորդներ, տեղական ավանդույթով պատրաստված աղյուսներ և այլն: Այս հատվածի ուսումնասիրությունը կարևոր է, քանի որ կառույցին վերաբերող շերտերը վերաբերում են ուշուրարտական և հետուրարտական ժամանակաշրջաններին: Պեղումներ են իրականացվել նաև միջնաբերդում՝ արևմտյան մուտքից արևելք (տեղամաս B): Այս հատվածի ուսումնասիրությունները պարզեցին, որ հետուրարտական փուլում մշակվել է միջնաբերդի հիմնաժայռը: Ֆիքսվեց մանրախճային հիմքով կավածեփ հատակ, որը թվագրվում է հետուրարտական ժամանակաշրջանով: Այս հատվածում, ավելի վաղ շերտեր ի հայտ չեկան: Չափազանց կարևոր արդյունքներ գրանցեցին հուշարձանի հարավային հատվածում՝ բլրի ստորոտին (տեղամաս C): Այստեղ բացվեցին Օձաբերդի բնակավայրի առաջին սենյակաները: Այս կառույցները ևս թվագրվում են հետուրարտական ժամանակաշրջանով: Այս առումով բացված սենյակներն ունեն բացառիկ նշանակություն: Սրանք Սևանի հարավային ավազանում առայժմ պեղված առաջին կառույցներն են, որոնք փաստում են, որ և ամրոցում, և բրին հարակից տարածքներում հետուրարտական շրջանում (Ք. ա. VI-V դդ) տեղաբնիկների կենսագործունեությունն ընթացել է զուգահեռաբար: Սենյակներից մեկում դրվեց ստուգողական փոսորակ, ինչի արդյունքում ֆիքսվեցին իրար հաջորդող ուրարտական և նախաուրարտական շերտեր: Այսինքն՝ հետուրարտական շրջանի բնակավայրը կառուցվել է ուրարտական շերտի վրա: Արշավախմբի կողմից իրականացվել է Օձաբերդի տեղանքի հանույթը և արվել են օդալուսանկարներ: Այժմ իրականացվելու են հնաբուսաբանական, հնակենդանաբանական և գեոմորֆոլոգիական ուսումնասիրություններ: 2015թ. պեղումների նախնական կարևոր արդյունքները ցույց են տալիս, որ Օձաբերդում ուրարտական ներկայությունը եղել է ոչ երկարատև: Իրականացված պեղումներն առաջին հերթին կարևոր են նրանով, որ առաջին անգամ Սևանի ավազանում ուսումնասիրվում է ուրարտական շրջանի ամրոց՝ ըստ որում՝ հուշարձան, որի նվաճումը և վերակառուցումը կապված է տակավին քիչ ուսումնասրված Ռուսա I-ի իշխանության ժամանակաշրջանի հետ՝ առավել ևս Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան հատվածում: Սա այն եզակի հուշարձաններից մեկն է, որ հնարավորություն է ընձեռում փաստացի նյութի հիման վրա ուսումնասիրել մինչուրարտական, ուրարտական և հետուրարտական պատմամշակութային գործընթացները մեկ ընդհանուր տարածքում: Ուրախալի է, որ պեղումների ընթացքում հուշարձան են այցելել անվանի մասնագետներ, տուրիստական խմբեր, անհատներ: Հանգամանք, ինչը կարևոր գործոն է հուշարձանի հանրահռչակման համար: Միքայել Բադալյան-Օձաբերդ ամրոցի հայ-իտալական հնագիտական արշավախմբի համաղեկավար «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղ-թանգարանի վարիչ |