Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Անկախության սերունդ, թե՞….

20:33, շաբաթ, 06 հոկտեմբերի, 2012 թ.
Անկախության սերունդ, թե՞….

«Ավելի անազատ սերունդ, քան դուք, ես երբևէ չեմ տեսել», -անկախության օրվան ընդառաջ ասաց դասախոսներից մեկը, իր խոսքն ուղղելով մեզ` անկախության սերնդի ներկայացուցիչներիս: Կուրսընկերներիցս մի քանիսը, այն հարցին, թե Հայաստանի անկախության հանրաքվեին մասնակցելու դեպքում որ տարբերակը կընտրեին, ասացին, որ միանշանակ «ոչ» կասեին անկախությանը: Օրինակ էին բերում խորհրդային միությունը, թե մարդիկ այդ ժամանակ լավ են ապրել, աշխատանք են ունեցել, իսկ հիմա…
     Չեմ կարծում, որ մեծերի պատմած խորհրդային լավ պայմաններն են գերել վերջիններիս: Չէ որ մենք` անկախներս, չենք ապրել մի հասարակարգում, ուր 70 տարի շարունակ մարդիկ ապրել են անազատության մեջ: Ի տարբերություն հասակակիցներիս, անկախությանն « այո» կասեի: Հայրենիքի ազատությունն անփոխարինելի է և ոչ մի հասարակարգ երբևիցե չի կարող փոխարինել երկրիդ անկախությանը: Մեր հայրենիքն այսօր անկախ է, ինքս էլ հպարտ եմ, որ անկախ հայրենիքիս 21 ամյա հասակակիցն եմ: Բայց շատ ցավոտ հարցեր ու խնդիրներ կան մեր իրականության մեջ, որոնց առկայության դեպքում մի տեսակ հավատդ չի գալիս, որ անկախ երկրում էս ապրում: Մեկ -մեկ էլ մտածում էս, որ ոմանք անկախություն հասկացությունը այլ կերպ են ընկալել ու մոռացել են մի շատ կարևոր հանգամանք, որ իրենց ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսում դիմացինի ազատությունը ...
     Հասկանալի է հասակակիցներիս այդ հուսահատ կարծիքը, որը շատերի մոտ նույնիսկ զարմանք ու զայրույթ առաջացրեց: Չէ ո՞ր դժվար է ամեն անգամ տեսնել, թե ինչպես է ծնողդ տանջվում քո լավ ապագայի համար ու միևնույն ժամանակ անհնար է հասկակնալ բուհիդ այն ղեկավարներին, որ պայմանագրից շուտ պահանջում են վճարել ուսմանդ վարձը: Իսկ դու, փոխարենը կենտրոնանալու դասերիդ վրա, սկսում ես մտածել, թե արդյոք անկախ պետությանդ մեջ ոտնահարված իրավունքներդ պաշտպանելու համար ուղղակիորեն չես հեռացվի համալսարանից: Անարդար է տեսնել սովից չմեռնելու համար փողոցում ծաղիկ վաճառող երեխային ու հենց նույն փողոցում տեսնել անկախ պետությանդ նախագահի եղբոր որդու 10.000 դոլար արժողությամբ ծաղկեփունջը: Մեզ համար իր կյանքը զոհած ազատամարտիկի ընտանիքն այսօր ապրում է փողոցում: Ու դու զուգահեռ տեսնում ես, թե ինչպես են բարերարները այս ու այն կողմ տներ բաժանում գոյություն չունեցող շոու բիզնեսի ներկայացուցիչներին: Առավել ևս ցավալի է տեսնել այն ազատամարտիկին, ով այսօր ողջ է, ապրում է իր արյան գնով պաշտպանած հայրենիքում, բայց ապրում է այդ նույն անկախ պետության փողոցներում, անպաշտպան ու լքված, բայց շարունակում է ապրել, չէ որ պատերազմի դաշտում նույնիսկ ապակու կտորների վրա է քնել:
     Ինչպես կարող է ժողովրդավարական հռչակված պետության քաղաքացին անկախ լինել, երբ 5000 դրամով ծախում է իր ձայնն ու դրա հետ մեկտեղ ծախում իր երեխայի ապագան: Իսկ որքանով է արդարացի, որ անկախ պետությանդ խորհրդարանանկան ընտրությունների թեկնածու կուսակցությունը ընտրության շեմին արյան լեյկոզով հիվանդ երեխայի փրկության դիմաց «համարժեք» ձայներ է ուզում:
     Իսկ ինչքան դժվար է տեսնել, թե ինչպես է հայրենակցիդ կանցնահարածին արդարացնում նույն անկախ սերնդիս շատերի երազանք դարձած Եվրոպան ու միևնույն ժամանակ տեսնել, թե ինչպես է հայրենակիցդ անպատիժ մնում անկախ հայրենիքիդ զիվորին տեսողությունից, իսկ ռազմական բժշկիդ կյանքից զրկելու համար:
     Անկախությունը մեծ դժվարությամբ ենք ձեռք բերել: Ես ու սերնդակիցներս հպարտ ենք ու խոնարհվում ենք այն մարդկանց առաջ, ովքեր մինչև վերջ պայքարել են մեր անկախության համար: Բայց միևնունյն ժամանակ չեմ կարող չհամաձայնել դասախոսիս այն կարծիքի հետ, որ մեր սերունդն ամենևին էլ անկախ չէ: Եթե ես անկախ եմ, բայց երկիրս` ոչ, ուրեմն մեծ հաշվով ես էլ անկախ չեմ: Բայց չմոռանանք լավատեսորեն նայել դեպի ապագան, չէ որ շատերիս ընտանիքները դիմանալով հետանկախության շրջանի դժվարություններին, մյուսների պես չբռնեցին արտագաղթի ճանապարհը: Մենք նույնպես պարտավոր ենք ապրել ու կայանալ մեր երկրում, հաղթահարելով բոլոր անարդարություններն ու խնդիրները: Եվ ինչպես իր հարցազրույցներից մեկում նշել է ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը` «կա այն սերունդը, որն անկախություն է ձեռք բերել և այդ սերունդը դեռ պայքարում է անկախության համար»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7070 | 0 | 0
Facebook