Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Օձաբերդի պեղումները

17:48, Tuesday, 25 August, 2015
Օձաբերդի պեղումները


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Ծովինարի ամրոցը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Արծվանիստ և Ծովինար գյուղերի միջև: Աշխարհագրական կոորդինատներն են՝ 40° 9'10.21"N, 45°29'43.09"E, ծովի մակարդակից բարձրությունը՝ 1960մ: Ժամանակին՝ ընդհուպ մինչև Արփա-Սևան ջրատար թունելի կառուցումը (1963-1981 թթ.) ամրոցի տարածքը լի է եղել օձերով, ինչի պատճառով էլ այն տեղացիների կողմից ստացել է Օձաբերդ անվանումը: Հուշարձանի ուսումնասիրությունները սկսվել են դեռևս 1860-ական թթ՝ ամրոցի բլրի արևմտյան քարաժայռերից մեկին փորագրված արձանագրության հայտնաբերելուց հետո: Քսան տողից բաղկացած այդ արձանագրության տեքստում ուրարտական միապետ Ռուսա I-ը տարածաշրջանում իր նվաճողական արշավանքների համատեքստում հաղորդում է տեղում տարերքի աստծուն քաղաք կառուցելու մասին:
    
    
     20-րդ դարի սկզբներին այստեղ Ե. Լալայանի կողմից պեղվել են մի քանի դամբարաններ: 1934թ. Օձաբերդում պեղումներ են իրականացվել Բ. Պիոտրովսկու կողմից: Սակայն, հնագիտական աշխատանքները տևել են ընդամենը մեկ տարի, և, ցավոք, դրանց արդյունքները հրատարակվել են միայն հաղորդումների կամ հուշերի տեսքով: Ըստ այդ հաղորդումների՝ 1934թ. հետախուզական պեղումների ժամանակ ֆիքսվել են ուրարտական և վաղբրոնզեդարյան շերտեր: Օձաբերդի արևելյան և հարավ-արևելյան բլուրներին նշանավոր հնագետը ֆիքսել է ոչ մեծ չափերի հասնող դամբարաններ:
    
    
    
     1960-ական թթ. Օձաբերդում չափագրումներ է կատարել Գ. Միքայելյանը, իսկ 1990-ականներին այստեղ վերգետնյա հնագիտական հետազություններ և չափագրումներ են իրականացվել Սևանի ավազանի հայ-իտալական հնագիտական արշավախմբի կողմից: Արդյունքում արվել է հուշարձանի տեղահանույթը, ինչպես նաև՝ կատարվել են վերգետնյա ուսումնասիրություններ, որոնց արդյունքում հավաքագրված տարաժամանակյա խեցեղենը վերաբերում է Վաղ բրոնզի շրջափուլից մինչև զարգացած միջնադարը ներառող ժամանակահատվածին:

Օձաբերդն իրավամբ հանդիսացել է Սևանի լճի հարավային ավազանի կարևորագույն կենտրոններից մեկը:
    
     Ուրարտացիների համար Օձաբերդը չափազանց կարոր դեր ուներ: Այն հենակետ էր, որը հսկում էր Սևանի ավազանի հարավային ավազանի երկայնքով տարաածվող ամրոցների շղթան, Վայոց Ձորից դեպի Սևանի ավազան տանող Վարդենյաց լեռնանցքի և նույն լճի հարավային ավազանով տարածվող ճանապարհները: Այս համատեքստում, չպետք է մոռանալ Սոդքի ոսկու հանքերի մասին: Օձաբերդն իր կարևոր նշանակությունն ուներ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան գոտու կիկլոպյան ամրոցների համակարգում:

Սկսած 2014 թվականից «Էթնոս» էթնո-մշակութային գիտական հետազությունների կենտրոնի և Հռոմի «Միջերկրածովյան հնագիտական հետազոտությունների ասոցիացիայի» նախաձեռնությամբ Օձաբերդում պեղումներ է իրականացնում հայ-իտալական միացյալ միջազգային արշավախումբը (համաղեկավարներ՝ Մ. Բադալյան և Ռ. Դան): Պեղումներն իրականացումը հնարավոր է դարձել «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ Միքայել Վարդանյանի և ՀՀ-ում Օմանի Սուլթանության պատվո հյուպատոս Պերճ Օհանյանի ֆինանսական աջակցության շնորհիվ:
    
    

Հնագիտական աշխատանքները կենտրոնացվել են երեք տեղամասերում՝ A հնավայրի հարավ-արևելյան հատվածում, B՝ միջնաբերդում, և C՝ հուշարձանի հարավային հատվածում՝ բլրի ստորոտին: Պեղումներին մասնակցել են հայ, իտալացի, ռուս, ամերեկացի և լեհ մասնագետներ:

Պեղումները պարզեցին, որ A տեղասը մի կառույց է, որն անմիջականորեն կապ է ունեցել դեպի Օձաբերդ տանող հարավ-արևելյան ճանապարհի հետ: Այստեղ ֆիքսվեցին ուշուրարտական և հետուրարտական ժամանակաշրջանի մի քանի հնագիտական շերտեր: Նախնական արդյունքների համաձայն, կարելի է ասել, որ առաջին փուլում ամրոցի պարսպաշարի բարձրությամբ արվել է հարթեցում, որոնց վրա բարձրացվել են կառույցի արևելյան և հյուսիսային կիսակիկլոպյան շարվածքով պատերը: Կառույցի հարթեցված քարերը պատվել են կավածեփ հատակով: Ավելի ուշ փուլում կառույցի գործառույթը փոխվել է: Հյուսիսային պատին զուգահեռ ավելացվել է կցապատ: Ըստ երևույթին, հենց այդ կցապատի կառուցման ժամանակ էլ փակվել է կառույցի հյուսիսային պատի մուտքը: Պեղումների արդյունքում ֆիքսվել է հինգ հատակ, որոնցից առնվազն երեքը՝ հրկիզման հետքերով: Գտնվել են խեցեղենի բազմաթիվ բեկորներ, կենդանական ոսկորներ, այրված փայտի մնացորդներ, տեղական ավանդույթով պատրաստված աղյուսներ և այլն: Այս հատվածի ուսումնասիրությունը կարևոր է, քանի որ կառույցին վերաբերող շերտերը վերաբերում են ուշուրարտական և հետուրարտական ժամանակաշրջաններին:

Պեղումներ են իրականացվել նաև միջնաբերդում՝ արևմտյան մուտքից արևելք (տեղամաս B): Այս հատվածի ուսումնասիրությունները պարզեցին, որ հետուրարտական փուլում մշակվել է միջնաբերդի հիմնաժայռը: Ֆիքսվեց մանրախճային հիմքով կավածեփ հատակ, որը թվագրվում է հետուրարտական ժամանակաշրջանով: Այս հատվածում, ավելի վաղ շերտեր ի հայտ չեկան:

Չափազանց կարևոր արդյունքներ գրանցեցին հուշարձանի հարավային հատվածում՝ բլրի ստորոտին (տեղամաս C): Այստեղ բացվեցին Օձաբերդի բնակավայրի առաջին սենյակաները: Այս կառույցները ևս թվագրվում են հետուրարտական ժամանակաշրջանով: Այս առումով բացված սենյակներն ունեն բացառիկ նշանակություն: Սրանք Սևանի հարավային ավազանում առայժմ պեղված առաջին կառույցներն են, որոնք փաստում են, որ և ամրոցում, և բրին հարակից տարածքներում հետուրարտական շրջանում (Ք. ա. VI-V դդ) տեղաբնիկների կենսագործունեությունն ընթացել է զուգահեռաբար: Սենյակներից մեկում դրվեց ստուգողական փոսորակ, ինչի արդյունքում ֆիքսվեցին իրար հաջորդող ուրարտական և նախաուրարտական շերտեր: Այսինքն՝ հետուրարտական շրջանի բնակավայրը կառուցվել է ուրարտական շերտի վրա:

Արշավախմբի կողմից իրականացվել է Օձաբերդի տեղանքի հանույթը և արվել են օդալուսանկարներ: Այժմ իրականացվելու են հնաբուսաբանական, հնակենդանաբանական և գեոմորֆոլոգիական ուսումնասիրություններ:

2015թ. պեղումների նախնական կարևոր արդյունքները ցույց են տալիս, որ Օձաբերդում ուրարտական ներկայությունը եղել է ոչ երկարատև:
    
    

Իրականացված պեղումներն առաջին հերթին կարևոր են նրանով, որ առաջին անգամ Սևանի ավազանում ուսումնասիրվում է ուրարտական շրջանի ամրոց՝ ըստ որում՝ հուշարձան, որի նվաճումը և վերակառուցումը կապված է տակավին քիչ ուսումնասրված Ռուսա I-ի իշխանության ժամանակաշրջանի հետ՝ առավել ևս Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան հատվածում: Սա այն եզակի հուշարձաններից մեկն է, որ հնարավորություն է ընձեռում փաստացի նյութի հիման վրա ուսումնասիրել մինչուրարտական, ուրարտական և հետուրարտական պատմամշակութային գործընթացները մեկ ընդհանուր տարածքում:

Ուրախալի է, որ պեղումների ընթացքում հուշարձան են այցելել անվանի մասնագետներ, տուրիստական խմբեր, անհատներ: Հանգամանք, ինչը կարևոր գործոն է հուշարձանի հանրահռչակման համար:
    
    

Միքայել Բադալյան-Օձաբերդ ամրոցի հայ-իտալական հնագիտական արշավախմբի համաղեկավար

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղ-թանգարանի վարիչ


    
    
    
    
    
    
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
5707 | 1 | 0
Facebook