Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Վահան Վալե - բանաստեղծություններ

Vigen Ohans
Հեղինակ`
Vigen Ohans
23:37, ուրբաթ, 01 փետրվարի, 2013 թ.
Վահան Վալե - բանաստեղծություններ
     ***
     Այսքան օտար ու անծանոթ
     Կյանքն ինձ երբեք չեր պատկերվել,
     Սրտիս հույզերը՝ այսքան շփոթ,
     Եվ միտքն իմ այսքան մութ չեր պատել:
    
     Այսքան անկրակ ու անթրթիռ
     Արևս երբեք մայր չեր մտել,
     Այսպես մենակ ու տարագիր
     Իմ որբ հոգին չեր թափառել:
    
     Այսքան անգույն և այսպես ցուրտ
     Աչքս աշխարհը դեռ չեր տեսել,
     Այսքան անօգ, անշունչ, անբույր
     Ոչ մի ծաղիկ դեռ չեր թոշնել: -
    
     Ես, անբույժ հիվանդ ու մելանխոլիկ,
     Խո՛ր անհույսությամբ չեի տառապել.
    
     Ա՜խ, այսպես անուշ, ա՜խ այսքան մեղմիկ
     Մահն ինձ երբեք դեռ չեր գուրգուրել...
    
    
    
    
    
    
    
     Հուսահատություն
    
     Հավատացնում եմ քե՛զ-լռի՛ր,
     Երգով լռի՛ր, լռի՛ր գործով,
     Ողջը կատակ համարիր-
     Ե՛վ սերդ սուրբ, և՛ վիշտդ ծով:
    
     Հալածանքից քեզ ազատի՛ր,
     Ամենայն ցավ կրիր լռիկ
     Եվ աշխարհում այս աշխատիր
     Քեզ չսպառես վեճում գռեհիկ:
    
     Ինչ նետ ել, որ դու արձակես,
     Նպատակին դեռ չհասած՝
     Օդի մեջ նա մոխիրի պես
     Փշրանքներով կթափվի ցած:-
    
     Օդն ել է թունավորված,
     Հո՛ղը, ջու՛րը, երկի՛նքը մով,
     Խորից խոր է արմատ գցած
     Տխմարությունը անվրդով:
    
     Ազատություն և իրավունք,
     Բարեկամություն ջերմ ու թանկ
     Ավա՜ղ, առնում են այլ ակունք
     Եվ ունեն այլ մի նպատակ:
    
     Անշուշտ բարվոք է ավելի
     Պոռնիկուհու մեղսությունը,
     Քան հեղեղը կրքերի
     Ու մտքերի նրանց եղկությունը:
    
     Նրանց թարախը նախանձի
     Ու աչքերի ագահությունը,
     Նանրությունը նրանց ճճվի-
     Չի սաստի սուրբ ներշնչումը:
    
     Բանականություն չկա, վե՛րջ:
     Սիրուց վեր է նյութի գահը-
     Մարդու սրտի ու հոգու մեջ
     Կապիտալն է Շահնիշահը:
    
    
    
    
    
    
    
     ***
     Երբ փոքր էի ու հիվանդ,
     Մայրս կրծքից կաթ կտար,
     Ու սիրտ մաշող ցավերս վաղ
     Այդ սուրբ կաթով կանհետանար:
    
     Ազիզ գրկում օրոր կաներ,
     Նուշ-նուշ կաներ ժպտադեմ,
     Ինձ կթռցներ ու կտաներ
     Դեպի այգին, դեպի եդեմ:
    
     Այն օրերից ես սիրահար
     Գեղեցիկին, անհունին,
     Այն օրերից գերի եմ հար
     Տիեզերական ղողանջներին:
    
    
    
    
    
    
     ***
     Ես գրում եմ այն, ինչ զգում եմ,
     Երբ մենակ եմ ու հեռու.
     Ինչ որ մեկն ինձ լսում է,
     Ցավում է ցավը իմ հոգու:
    
     Ինչ որ մեկն ինձ ճանաչում է,
     Գիտի բարբառը հույզերիս
     Ու նա գիտի, երբ ցավն աճում է, -
     Նա ազատվում է խոսքերից:
    
     Այդ ինչ որ մեկն ինձ սիրում է
     Եվ չի դավում կասկածներով -
     Ու նրա համար էլ երբեն գրում եմ
     Եվ շա՜տ հաճախ լռում սիրով...
    
    
    
    
    
    
    
    
     Մուսաիս
    
     Իմ օրհասին, գիտեմ, դու կգաս, -
     Ինձ քեզնից բացի, գթացող չկա.-
     Ու վերջին անգամ լույս համբույր կտաս,
     Որ սիրտն իմ մահս զու՛ր չսգա...
    
    
    
    
    
    
    
     ***
     Այնպե՜ս եմ տենչում, որ գարուն լինի,
     Ոչ միայն իմ կյանքում, այլ կյանքում ամենքի,
     Որ կանաչ լինի, որ ծաղիկ լինի,
     Որ սրտիս ցավին բալասան լինի:
    
     Տենչում եմ նստել գարնան պարտեզում,
     Նայել երկնքին խոնա՜վ, երազու՜ն,
     Հեռու ծանոթից, օտարից հեռու`
     Ամենքի մասին լուռ աղոթելու:
    
     Տենչում եմ արփու գրկում մոռացվել, -
     Ինձ օրոր արեք հովիվ ընկերներ.
     Տենչում եմ հյուսվել ծաղկած թփերին,
     Աղոթքս ձուլել ջրին ու ծիլին:
    
     Այնպե՜ս եմ տենչում, որ գարուն լինի,
     Ոչ միայն իմ կյանքում, այլ կյանքում ամենքի,
     Որ գարնան օդով ծիածանի հետ
     Ձեր սիրտը մտնեմ փնջով բուրավետ…
    
    
    
    
    
    
    
    
     ***
     Մեռնելը հեշտ է անհամեմատ,
     Քան ապրելը -
     Պահել ռիթմը շնչի
     Հոգով վհատ
     Եվ չփոխել բեմի վրա
     Քո դերը...
    
     Ունայնությունը
     Զգալ ամբողջական,
     Ոչնչությունը
     Տեսնել ամեն բանի.
     Քո աշխարհի ու աշխարհի
     Հակասությամբ՝
     Ապրելն
     արվե՛ստ է վիթխարի...
    
    
    
    
    
    
    
    
     ***
     Ես կգժվե՞մ հիմա ու անդառնալի,
     Թե վերջապես կհասկանամ,
     Որ աշխարհն այս դառն է ու աղի,
     Եվ որ մարդիկ չար են ակամա...
    
     Ես կկախվե՞մ հիմա, թե՞ կհապաղեմ,
     Ու կգտնեմ արդյոք իմաստություն-
     Այնտեղ, ուր պաղ է, ուր ագահորեն
     Ոչնչացվում է սեր ու սրբություն...
    
    
    
    
    
    
    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6258 | 0 | 0
Facebook