Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Համո Սահյան - Կմնամ քեզ հետ

Vigen Ohans
Հեղինակ`
Vigen Ohans
22:21, չորեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2012 թ.
Համո Սահյան - Կմնամ քեզ հետ
     ԿՄՆԱՄ ՔԵԶ ՀԵՏ
     Աշնան պարզ քամին զարկեց քո դռան,
     Ու եղյամն իջավ քո տանիքներին,
     Ծիծեռնակները թողին ու թռան,
     Բարի ճանապարհ ծիծեռնակներին:
    
     Բարի ճանապարհ ծիծեռնակներին:
     Էլ ինչ կարող եմ ես մաղթել նրանց,
     Հաշտություն իրենց ընտանիքներին,
     Ու եկող գարնան բարի վերադարձ:
    
     Այնպես վաղ էին նրանք արթնանում,
     Ծլվլում էին խանդավառ այնպես,
     Եվ այնպես էին քեզ փառաբանում,
     Որ հաճախ նրանց խանդում էի ես:
    
     Գովքն էին անում քո լուսաբացի
     Եվ այնպես էին քեզ սիրաշահում,
     Որ թվում էր, թե նրանցից բացի
     Ուրիշ երգիչներ չունես աշխարհում:
    
     Նրանք սեր էին քեզ խոստովանում,
     Հավատարմության երդումներ տալիս,
     Քո գլխի վերև ուրախ սավառնում,
     Անփույթ երամով գիրկդ էին գալիս:
    
     Ախ, այնպես էին քո տեսքով տարվում,
     Որ թվում էր, թե, սատանան տանի,
     Ամենադաժան ցուրտն էլ աշխարհում
     Չի կարող նրանց քեզնից բաժանի:
    
     Բայց հենց որ իջավ եղյամը սարին,
     Եվ աշնան քամին զարկեց քո դռան,
     Ծիծեռնակները խոսքը մեկ արին,
     Քո տանիքները թողին ու թռան:
    
     Թողին ու թռան... իսկ ես, որ կյանքում
     Քեզ ոչ մի անգամ չեմ փառաբանել,
     Չեմ տվել ես քո անունն իմ երգում
     Եվ սերս անգամ չեմ խոստովանել:
    
     Կմնամ քեզ հետ, քեզ հետ կանրջեմ,
     Կշնչեմ ես քո աշնան գոլորշին,
     Գարնան զեփյուռի նման կշնչեմ
     Սառնամանիքիդ կապուտակ փոշին:
    
     Կմնամ քեզ հետ... Կրակ կդառնամ,
     Թե մեկն աշխարհում ձեռք տա քո մազին:
     Երբ որ քո սիրուն ես արժանանամ,
     Այնժամ կխոսեմ իմ սիրո մասին:
    
     Այնժամ կպատմեմ ես իմ սերն անհուն,
     Երբ իմ երգն ու ձիրքն իրավունք տան ինձ,
     Որ անգամ առանց անունդ տալու,
     Մարդկանց հետ խոսեմ ես քո անունից:
    
     Մենք իրար այնպես լավ ենք հասկանում,
     Եվ գիտենք, որ մինչ պահն իմ վախճանի,
     Ինչ եղանակ էլ լինի աշխարհում,
     Քեզ, իմ Երևան, չեմ դավաճանի:
    
     Թող եղյամ փռվի քո տանիքներին,
     Եվ ձմեռն իջնի Արագածից ցած...
     Բարի ճանապարհ ծիծեռնակներին
     Ու եկող գարնան բարի վերադարձ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
15956 | 0 | 0
Facebook