Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եվրասիական համազեկուցողներին սպասելիս

GY NEWS
Հեղինակ`
GY NEWS
10:41, հինգշաբթի, 11 հունիսի, 2015 թ.
Եվրասիական համազեկուցողներին սպասելիս

Երեկ տեղեկություն է տարածվել, որ ոչ իշխանական եռյակի կամ նախկին եռյակի առաջնորդներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Գագիկ Ծառուկյանը հրաժարվել են հանդիպել ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալեքս Ֆիշերին և Ալան Միլին, որոնք ժամանել են Հայաստան ժողովրդավարության վիճակի հերթական ուսումնասիրության համար: Ըստ տարածված տեղեկատվության՝ նրանք հանդիպել են խորհրդարանական ուժերի հետ, ցանկացել են հանդիպել նաև Տեր-Պետրոսյանի, Հովհաննիսյանի և Ծառուկյանի հետ՝ առանձին-առանձին, սակայն մերժում են ստացել:

Ոչ իշխանական բևեռի առաջնորդներն, իհարկե, ճիշտ են վարվել: ԵԽԽՎ համազեկուցողների ինստիտուտը, ըստ էության, արարողակարգային է և խոշոր հաշվով հանդիսանում է քաղաքականություն արտացոլող, ոչ թե մշակող: Մոտեցումները մշակվում են այլ հարթություններում և այլ կազմով: Մյուս կողմից՝ մերժման պատճառը միգուցե ոչ այնքան այդ իրողությունն է, որքան յուրօրինակ քաղաքական դեմարշ անելու ցանկությունը, որպես փետրվարյան հայտնի իրադարձությունների ժամանակ ԵԽԽՎ-ի և մասնավորապես համազեկուցողների իներտության կամ անտարբերության պատասխան, երբ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին ուղղակի պարտադրեց հեռանալ քաղաքականությունից:

Ի դեպ, միգուցե Ծառուկյանը համազեկուցողներին հանդիպելուց հրաժարվել է ոչ թե նեղացած լինելու կամ դեմարշ անելու, այլ ուղղակի քաղաքականությունից հեռացած և քաղաքական էջը փակած լինելու պատճառով: Իսկ ահա Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում դեմարշը երևի թե առանցքային պատճառն է եղել հանդիպումից հրաժարվելու համար, ինչով և փորձել են ցույց տալ իրենց վերաբերմունքը ԵԽԽՎ-ի անտարբերության հանդեպ:

Այն, որ ԵԽԽՎ-ն ու եվրոպական կառույցները Հայաստանի ժողովրդավարության հարցում, իշխանությունների հետ համագործակցության հարցերում, մեղմ ասած, ցուցաբերել են, ցուցաբերում են ոչ ադեկվատության էական դրսևորումներ, նույնիսկ սեպտեմբերի 3-ի դասերից հետո, ըստ էության անվիճելի է: Եվ այստեղ, հայ-եվրոպական ներկայիս հարաբերությունների անորոշության և ճգնաժամի համար պատասխանատու են նաև այս կառույցները և նաև համազեկուցողների ինստիտուտը, իր նախկին ներկայացուցիչներով հանդերձ:

Սակայն այս մասով եվրոպական կառույցներին որևէ պահանջներ ներկայացնելու բարոյական իրավունք ունեն երևի թե այն սուբյեկտներն ու շերտերը, որոնք հետևողականորեն հանդես են եկել և հանդես են գալիս Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի, եվրոպական քաղաքակրթության ուղղությամբ սերտ զարգացման դիրքերից և դրանում տեսնում Հայաստանի և՛ ինքնիշխանության պոտենցիալի բարձրացման, և՛ զարգացման, և՛ անվտանգության գրավականները: Սակայն, երբ եվրոպական կառույցների հանդեպ ինչ-որ պահանջներ և դիտողություններ են ունենում ուժեր, որոնք Եվրասիական միությունը հռչակել են անշրջելի իրողություն և նույնիսկ Սերժ Սարգսյանի հետ պայքարել, մրցակցել այդ միությանը իրենց հավատարմության երդման հնչեղության հարցում, ապա իրավիճակը այստեղ հասնում է զավեշտի:

Այստեղ բացառություն կարող է լինել Րաֆֆի Հովհաննիսյանը, որը ԵԺԿ անդամ կուսակցության նախագահ է, միաժամանակ հանդես է եկել ԵՏՄ-ի անդամակցության դեմ: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը երկար ժամանակ համագործակցում էր ուժերի հետ, որոնք, ըստ էության, համախմբվել էին մի բանի համար՝ օգնել Հայաստանի եվրասիականացման ակտին առավելագույն լեգիտիմություն հաղորդելուն: Եվ Րաֆֆի Հովհաննիսյանը կամա, թե ակամա մասնակցել է այս գործընթացին:

Այս ուժերն իսկապես չպետք է ընդունեն որևէ եվրոպական պատվիրակություն, որևէ զեկուցողներ կամ համազեկուցողներ, սակայն ոչ այն պատճառով, որ նեղացած են, հիասթափված են կամ դժգոհ, այլ որովհետև նրանք Հայաստանի ապագան վաղուց խցկել են Եվրասիական միություն, և հետևաբար՝ նրանք պետք է սպասեն ու պատրաստվեն Եվրասիական զեկուցողներին կամ համազեկուցողներին, որոնք կգան Հայաստան արձանագրելու, թե Հայաստանն ինչ հաջողություններ է արձանագրել պետական ինքնիշխանությունը հանձնելու գործընթացում:

Աղբյուրը` 1in.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3485 | 0 | 0
Facebook