Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Վառված խաղաքարտե» քաղաքական տնանկները

GY NEWS
Հեղինակ`
GY NEWS
01:49, հինգշաբթի, 11 հունիսի, 2015 թ.
«Վառված խաղաքարտե» քաղաքական տնանկները

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Հանրաքվեի մասին օրենքի նախագծի առիթով միմյանց հետ վիճող, միմյանց պիտակավորող ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներին հորդորել է միմյանց հետ չկռվել, պայքարել իշխանության դեմ: Սահակյանի հեգնանքը հասկանալի է, իշխանությունը զգում է իր ուժը, որը Հայաստանում արդեն քանի տարի է առավելապես ընդդիմության բացակայության մեջ է: Ընդդիմություն՝ այդ բառի ոչ ֆիզիկական կամ նոմինալ իմաստով, այլ հայեցակարգային, ծրագրային, գաղափարական, համակարգային:

Այդ ամենը նախևառաջ նշանակում է ախտորոշում՝ գործող իշխանական համակարգի ախտորոշում, որը թույլ կտա հասկանալ, թե որոնք են համակարգի խոցելի տեղերը, որոնք են այն հենասյուները, որոնց վրա կանգնում է համակարգը, դրա որ դետալն ինչ խորքային ֆունկցիա է իրականացնում և այլն: Այդ ախտորոշումը անհրաժեշտ է համակարգի դեմ պայքարի մեթոդաբանություն, գործողություններ մշակելու համար, նպատակներ ու թիրախներ սահմանելու համար, հարկ եղած դեպքում ժամանակացույց սահմանելու համար, որոնցում բուն իշխանափոխությունը կարող է լինել ամենավերջին տեղում: Այս ամենի բացակայությունը Հայաստանի իշխանության ուժն է, որն էլ ծնում է հեգնանք ընդդիմադիր հասկացության հանդեպ: Ընդ որում՝ առայժմ կարծեք թե հիմնավոր հեգնանք, դատելով այն գործընթացներից, որ խմորվում են ընդդիմադիր հարթության վրա:

Այստեղ ամեն ինչ, իհարկե, միանշանակ չէ, կան բազմաշերտ գործընթացներ, որոնց մի զգալի մասը էապես առողջ հատիկներով ու միտումներով: Ստեղծվում են նոր ուժեր, որտեղ մեծ թվով երիտասարդներ են ներգրավված, ունեն նոր հայացքներ, մոտեցումներ, առնվազն արձանագրել են հնի սնանկությունը: Այդ ամենն ինքնին ողջունելի հանգամանք է, սակայն, մեղմ ասած, ոչ բավարար: Ադ ռեսուրսը կարող է շատ արագ կշռաթափվել, եթե դրա տակ չձևավորվի հստակ ախտորոշումն ու ըստ այդմ՝ չձևակերպվեն Հայաստանի իշխող համակարգի ռեսուրսային բազային համարժեք մոտեցումներ, ըստ որի էլ կպլանավորվեն նպատակներն ու թիրախները:

Այդ ամենի համար հարկավոր է հասկանալ համակարգի արտաքին ու ներքին կռվանները, դրանց փոխկապակցվածությունը, պատճառեհետևանքային կապը: Եթե Հայաստանում ընդդիմադիր քաղաքական մոտեցումները ձևավորված և ձևակերպված չեն այս ամբողջությունը հաշվի առնելով, ապա դրանք չեն կարող արդյունավետության հույս ունենալ անգամ ամենահամառության, ամենահետևողականության, ամենաանկեղծության և քաջության պարագայում: Այսօր տեղի ունեցող գործընթացները դեռևս հեռու են համարժեքության բավարար աստիճանից, քանի որ առանցքային, գերակա գործոնը կարծես թե նախապատրաստությունն է հերթական ընտրական փուլին:

Մասնակցել, թե ոչ՝ դա միանշանակ որոշելիք կամ պնդելիք խնդիր չէ: Ի վերջո, չի կարող ոչ մեկը, ոչ մյուսը լինել ինքնանպատակ: Վերջին հաշվով, հստակ պետք է գիտենալ անելիքը չմասնակցելու դեպքում էլ, մասնակցելու պարագայում էլ: Հայաստանի քաղաքական դաշտում հռչակագրային բնույթից այն կողմ ձևակերպված չեն մանրամասները՝ թե՛ չմասնակցելու, թե՛ մասնակցելու: Մինչ այսօր եղած մոտեցումները ավելիին չեն բերում, քան իշխող համակարգի շարունակական լեգիտիմացմանը հանրային գիտակցության ու ենթագիտակցության մեջ:

Առայժմ նկատելի է, որ ընդդիմադիր հարթության վրա գերակա են «ավանդական» մոտեցումները, որոնք բերում են ձևով ընդդիմություն-իշխանություն դիմակայության, իսկ բովանդակությամբ՝ ընդդիմություն-ընդդիմություն դիմակայության: Այսինքն՝ թվում է, թե բոլորը փորձում են մրցակցել, թե ով է առկա իրավիճակում իշխող համակարգի դեմ իրական, դիպուկ, արդյունավետ պայքարի հավակնորդը կամ հենց պայքար մղողը, իսկ իրականում, այդ երևույթի խորքում, բոլորը կամա, թե ակամա սկսում են պայքար իշխող համակարգում ընդդիմադիր առավել մեծ տարածքի կամ կարգավիճակի համար:

Հանրաքվեի մասին օրենքի առիթով խորհրդարանական ուժերի միջև ծագած վեճը, վիճաբանությունը այդ երևույթի արտաքին դրսևորումներից մեկն է: Որքան մոտենում են ընտրությունները, ընդդիմադիր հարթության, ընդդիմադիր նշաձողի ուղղության վրա գործունեություն ծավալող ուժերի մեջ սրվում են փոխադարձ մրցակցային ընկալումները: Իրավիճակը առավել սրվում է այն ուժերի պարագայում, որոնք վաղուց «վառված խաղաքարտեր» են: Նրանց մոտ ներքին մտավախությունը, վտանգները և ռիսկերը բավական բարձր են ու՝ երկկողմանի: Նրանք մտավախություն ունեն, որ իշխանության համար էլ, հանրության համար էլ դարձել են այլևս անհետաքրքիր և անպետքական: Հասարակությունը նրանց հետ չի կապում որևէ հույս, հոգնել է, իշխանությունն էլ, ըստ այդմ, չի տեսնում այդ ուժերին պահելու անհրաժեշտություն: Այս մտավախությունը կա, այդ ռիսկը առկա է, և այն բավական մեծ է, հետևաբար դրա առկայությունը այդ ուժերի շրջանակում կավելացնի միմյանց և ընդհանրապես ընդդիմադիր սուբյեկտների հանդեպ ագրեսիվությունը:

Իսկ ներկայիս խորհրդարանի ոչ իշխանական ամբողջ բլոկը, մեծ հաշվով, հենց այդպիսի ուժեր են, որոնք գտնվում են ռիսկային միևնույն գոտում: Նրանց միջև սուր վեճերը ամենևին դրվագներ չեն, այլ խորքային, նույնիսկ հոգեբանական շարժեր: Ընդ որում՝ բացառված չէ, որ իշխանությունը նրանց բոլորին որևէ կերպ տեղավորի ապագա խորհրդարանում կամ տեղաբաշխի խորհրդարանում ու Երևանի ավագանիում՝ հատկապես, երբ այդ ընտրությունները նույն թվականին են՝ մայիսին: Սակայն այդ մասին նրանց կասեն ամենավերջում, ձայները հաշվելիս, որպեսզի մինչ այդ նրանց մոտ չմարի «մրցակցային» ոգին և չնվազի դաշտի կառավարելիության աստիճանը:

Աղբյուրը` 1in.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3690 | 0 | 0
Facebook