ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցրեի նախարար Ա. Ասատրյանն ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ներկայացուցիչ տիկին Պ. Ալեքսանդրին և հայաստանյան առաքելության տնօրեն տիկին Ք. Հիլիարդին:
Ողջունելով հյուրերին` նախարարը նշեց. «Ուրախ եմ հանդիպման և մեր համագործակցության համար, բարձր եմ գնահատում ԱՄՆ ՄԶԳ-ի հետ մեր գործընկերությունը, որը հնարավորություն է տալիս քննարկել և լուծել ոլորտի կարևորագույն բարեփոխումների ընթացքում առաջացող խնդիրները»: Հյուրերի խնդրանքով նախարարը ներկայացրեց կենսաթոշակային բարեփոխումների, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման, պետական խնամքի հաստատություններում խնամող երեխաների սոցիալական պաշտպանության, հաստատությունների բեռնաթափման և այլընտրանքային ծառայությունների` ցերեկային խնամքի կենտրոնների ցանցի ընդլայնման, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման և այլ ուղղություններով կատարված աշխատանքների մասին:
Տիկին Ալեքսանդրը նշեց, որ Հայաստանում եղել է 1999-ին և տպավորված է երկրի, մասնավորապես` սոցիալական պաշտպանության ոլորտի հաջողություններով և հավաստիացրեց, որ պատրաստ է նպաստել ոլորտի բարեփոխումներին ուղղված ծրագրերին: