Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

11:47, երկուշաբթի, 20 ապրիլի, 2015 թ.

ԵՍ ԵՄ ՃԱՆԱՊԱՐՀԸ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՅԱՆՔԸ


    
    

Այս խորագիրն էր կրում Վաղարշապատ քաղաքի Երվանդ Օտյանի անվան

N 7 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառումը: Ուսուցչուհին` Եվա Հայրապետյանը, միջոցառմանը ներգրավելով VI-IX դասարանների աշակերտներին, կարողացել էր խորացնել նրանց գիտելիքները և բոլորին ուղղորդել դեպի այն ճանապարհը, որը տանում է դեպի Աստված: Այդ ճանապարհի սկիզբը տերունական աղոթքն է. իսկ ճանապարհը լուսավորողը` Քրիստոսը, ով լույս է` մարդու բարոյական մաքրագործման աղբյուր:

Աշակերտների բնութագրումներում ամբողջանում է Քրիստոսի կերպարը` անսահման սիրո օվկիանոս, մարդասեր, կենաց խոսքը լիաբուռն ցանող սերմնացան, կենաց հաց, բժիշկ, կենդանի գրերի աղբյուր, փրկիչ…

Այդ բնութագրումները հնարավորություն են տալիս ներկաներին վերհիշելու Հիսուսի շուրջը հյուսվող Աստվածաշնչային պատմությունները, իսկ Վերջին Ընթրիքը կենդանանում է իր բոլոր մանրամասներով:

12 աշակերտների հետ սեղան է նստել Հիսուսը: Նա օրհնում է հացը, կտրում և տալիս աշակերտներին` ասելով. «Առե´ք, կերե´ք, այս է իմ մարմինը»: Բաժակը վերցնելով` գոհություն է հայտնում, տալիս նրանց ու ասում. «Խմեցե´ք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար` իրենց մեղքերի թողության համար»: Հետո ունկնդիրները հետևում են Հիսուսի և աշակերտների զրույցին, լսում Հիսուսի մատնության, ձերբակալության, չարչարանքների և խաչելության մասին ընթերցումները: Ապա հնչում են Տիրոջը օրհնող հրեշտակների ձայները, լսվում են աղոթքներ` ուղղված Աստծուն. «Ո´վ տեր, օգնի´ր իմ ժողովրդին, որը ցավի մեջ անգամ չի ուրացել հավատը», «Օգնի´ր մեզ, որ ինքնամաքրմամբ փարվենք մեր մաքրամաքուր արմատներին», «Խաղաղությու´ն տուր աշխարհին, շենություն` քաղաքներին ու գյուղերին, պտղաբերություն` այգիներին ու դաշտերին, «Ո´վ տեր…»:

Միջոցառման մասնակիցները պահպանում են նաև ավանդույթը, ըստ որի` Զատկի տոնին իրար են փոխանցում կարմիր գույնով ներկված հավկիթներ:

Միջոցառման հյուրերի թվում էր Վահե սարկավագը, ում աղոթքը և խորհրդանշական նվերները` Մանուկների Աստվածաշունչ, Հայ Եկեղեցու հանրագիտարան, յուրովի լուսաբանեցին Եվա Հայրապետյանի կազմակերպած խորիմաստ միջոցառման նպատակը` Հիսուսի կյանքի օրինակով մարդկանց մեջ սերմանել հավատ` դեպի Աստված, հույս` դեպի հավիտենական կյանքը և սեր` դեպի մարդը:

Ո´վ Տեր, օգնի´ր մեզ` սիրելու այն ճանապարհը, որը դեպի քեզ է բերում…


    
    

Հ.լեզվի և գրականության մասնախմբի ղեկավար` Հ. Որսկանյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4328 | 0 | 0
Facebook