Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գամ թե չէ, քեֆ ենք անելու, պապ ջան. Գառնիկը ծնողներին խնդրել էր փող հավաքել, որ քաղաքացիական հագուստով զորացրվի (ֆոտո)

Gurgen Manukyan
Հեղինակ`
Gurgen Manukyan
23:01, չորեքշաբթի, 26 մարտի, 2014 թ.

Արցախի դիրքերում հակառակորդ կողմի դիպուկահարի կրակոցից զոհված՝ Շիրակի մարզի Նահապետավան գյուղի բնակիչ 22-ամյա Գառնիկ Թորոսյանը ողբերգության նախորդ օրը հեռախոսով խոսել էր հոր հետ, խնդրել էր, որ համբերատար սպասի իրեն, տնեցիներին լավ նայի։

«Զանգել էր, հարցուփորձ էր անում՝ ոնց ենք, ինչ ենք անում, բոլորից առանձին-առանձին հարցրեց, հետո էլ ասեց՝ թե մամային ու ապերին լավ կնայես, պապ ջան մեկ էլ, թե կարող ես, այսօրվանից փող հետ գցեք, ինձ մի քանի կտոր շոր առեք, որ զորացրվեմ, քաղաքացիական հագուստով դուրս գամ, գամ թե չէ, քեֆ ենք անելու, պապ ջան, ամեն բան լավ է լինելու» - պատմեց Գառնիկի հայրը՝ Վահան Թորոսյանը:

Գառնիկն իր տարեկիցներից մի փոքր ուշ էր բանակ զորակոչվել մաշկային հիվանդության պատճառով։

«Ամեն օր դժգոհում էր, որ չի գնացել, ասում էր՝ գոնե շուտ կգնայի, շուտ կգայի, անհամբեր էր, ուզում էր շուտ գնար, գար, աշխատանք գտներ քաղաքում, միշտ ասում էր՝ իմ ընտանիքին թիկունք եմ լինելու, գործ կգտնեմ, պապ ջան ու դու էլ մենակ չես լինի» - պատմեց Գառնիկի հայրը։

Գառնիկը, որը մի քանի ամսից պիտի զորացրվեր, մեկ անգամ էր արձակուրդին տուն գնացել, զորակոչվելուց վեց ամիս հետո. չէր ուզում տնեցիներին նեղություն տալ. «Ասում էր՝ մերոնց ձեռքը փող չկա, ես էլ ո՞ւր գամ, ոչ մի բան էլ չէր խնդրում, եղածով էր բավարարվում, նեղն էլ լիներ, ձայնը չէր հանում, մարդ չէր իմանա, որ ինչ-որ բանի կարիք ունի, էնքան լուռ երեխա էր որ, զարմանում էինք» - պատմեցին Գառնիկի հարազատները:

Գառնիկն ընտանիքը ավագ զավակն էր, ուներ նաեւ դպրոցական՝ 11-ամյա եղբայր եւ ամուսնացած քույր: Ծնողների հաճախ են շնորհակալագրեր ստացել՝ հայոց բանակին նվիրված, խիզախ զինվոր տալու համար: Հարազատները պատմում են, որ Գառնիկի մորաքրոջ տղան նույնպես նրա հետ է ծառայել ու ականատես է եղեկ կատարվածին։ Նա, սակայն, չցանկացավ որեւէ բան պատմել։

Ծնողներին կատարված ողբերգության մասին անմիջապես չեն տեղեկացրել։ «Դեպքի մասին հարազատներին տեղյակ եմ պահել մեծ դժվարությամբ, իսկ ավելի մանրամասն ծնողներին տեղեկացրել են հրամանատարական կազմից՝ ասելով, որ Գառնիկի հետ կատարվածը անզգուշության հետեւանք է եղել, Գառնիկը սահմանին կանգնած է եղել թշնամուն տեսանելի վայրում, ծառայակիցները դա տեսնելով զգուշացրել են, որ արագ վերադառնա, սակայն չի հասցրել» - պատմեց Նահապետավանի գյուղապետ՝ Գոռ Պետրոսյանը։

Գառնիկին հողին կհանձնեն վաղը։ Գյուղացիները հիմա մտածում են՝ ինչով կարող են օգնել նրա ընտանիքին, ովքեր սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում են ապրում։

«Կիսատ թողած գործ ուներ, հորը տված խոստում ուներ, բայց ամեն բան անավարտ թողեց, հիմա մենք էլ ենք մոլորված, ինչ անենք, չգիտենք, եղբայրը փոքր է, ծնողները՝ վատառողջ, անապահով, մենք ինչքանով կարող ենք, կօգնենք, բայց Գառնիկի տեղը չենք կարող անել, իրա խոստումները հորը դժվար կարողանանք իրականացնենք» - ասաց Գառնիկի ընկերը՝ Գեւորգ Հարությունյանը:

Գյուղապետը տեղեկացրեց, որ հուղարկավորության ծախսերը հոգացել են Պաշտպանության նախարարությունը, գյուղապետարանը, ֆինասնական աջակցություն է ցուցաբերելու նաեւ Շիրակի մարզպետը։

Ինչպես ավելի վաղ` մարտի 24-ին Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելիս հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել էր 1992թ. ծնված Գառնիկ Թորոսյանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4578 | 1 | 0
Facebook