Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քեսաբի հայերի այսօրվա տեղահանությունը լրջագույն մարտահրավեր է. Սերժ Սարգսյան

Gurgen Manukyan
Հեղինակ`
Gurgen Manukyan
18:57, երկուշաբթի, 24 մարտի, 2014 թ.

Նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ, որում իր խորը մտահոգությունն է հայտնել Քեսաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։


    

«Մենք բոլորս շատ լավ ենք հիշում Քեսաբի պատմությունը, որը վերջին հարյուրամյակի ընթացքում, ցավոք, հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով», - ասել է Սերժ Սարգսյանը:


    

Հանրապետության Նախագահը հիշեցրել է, որ առաջին ծանր պատուհասը Քեսաբի շրջանի համար դեռևս 1909 թվականին էր, երբ ապրիլին թուրքական զինված ջոկատները ներխուժեցին Քեսաբ։ Հայերն ապաստանեցին Գարատուրանի լեռներում և ծովեզերքում։ Քեսաբը հրկիզելուց ու թալանելուց հետո թուրքերն ուղղվեցին դեպի Գարատուրան, այրեցին ու կողոպտեցին վերին թաղի տները։ Հայերը ֆրանսիական փոխադրանավով տեղափոխվեցին Լաթաքիա։ Գաղթականները մոտ մեկ տարի Լաթաքիայում մնալուց հետո վերադարձան Քեսաբ և վերակառուցեցին իրենց տները։


    

Պատմական իրողություններին անդրադառնալիս Սերժ Սարգսյանը հիշատակել է նաև մեկ այլ տարեթիվ՝ 1915 թվականը, երբ Հայոց ցեղասպանության գաղթից և աքսորներից ևս անմասն չմնաց Քեսաբի բնակչությունը։ Քեսաբցիներն աքսորվեցին երկու ուղղությամբ՝ դեպի Դեր Զոր և դեպի հարավ՝ մինչև Հորդանան։ Հազարավոր քեսաբահայեր զոհվեցին, մեծամասնությունը՝ Դեր Զորի անապատներում։


    

«Քեսաբի հայերի այսօրվա` թվով արդեն երրորդ տեղահանությունը ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է: Կարծում եմ՝ բոլորը պետք է գիտակցեն, որ ինքնըստինքյան առաջ եկող զուգահեռները սթափեցնող պետք է լինեն բոլոր կողմերի համար», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:


    

Նախագահը շնորհակալություն է հայտնել Սիրիայի իշխանություններին` այս ծանր պահին քեսաբահայության պաշտպանության համար ձեռնարկվող քայլերի համար:


    

«Ես արդեն հանձնարարել եմ ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին», - ասել է Նախագահ Սարգսյանը:


    

Ստեղծված իրավիճակի մասին Հանրապետության Նախագահն այսօր խորհրդակցել է նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հետ:


    

Նախագահ Սերժ Սարգսյանի հավաստմամբ, Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունն աշխատում է քեսաբահայությանն աջակցելու համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի վրա, որն իրականացվելու է ամբողջ ծավալով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3237 | 0 | 0
Facebook