Գրում է Երևանի Քանաքեռհէկ բանավանի բնակիչ 76-ամյա Ավետիք Բարսեղյանը.
«Ես կյանքի երկար ճանապարհ անցած մարդ եմ, գիտության և կրթության ջատագով, շատ բան եմ տեսել ու լսել, բայց այն, ինչ կատարվում է Երևանի հ. 37 դպրոցում, ինձ զարմացնում է: Իմ հարսը՝Քրիստինե Առաքելյանը, աշխատում էր այդ դպրոցում գրադարանավար և միածամանակ տեխնոլոգիայի ուսուցչուհի շուրջ 20 տարի, սիրով էր աշխատում, սիրում էր աշակերտներին, աշակերտներն էլ նրան էին սիրում, բայց մինչև այն պահը, երբ եկավ նոր տնօրենը...
Պետք է ասեմ, որ տղաս 3, 5 տարի առաջ մահացել է և թողել 3 անչափահաս տղաներ, որոնց հոգսը ընկավ մեզ վրա, բայց ավելի ճիշտ, հարսիս վրա, որովհետև ես ու կինս թոշակառու ենք և հաշմանդամ, մեր հոգսն էլ է ընկել հարսիս վրա: Մի կերպ ապրում էինք հարսիս աշխատավարձով և մեր թոշակով, բայց այսօր հարսս գործազուրկ է, գործազուրկ է նոր տնօրենի՝Նելլի Պարոնյանի թեթև ձեռքով: Թե ինչու հարսս իրեն ձեռք չէր տալիս, միայն իրեն է հայտնի. այնքան ընկավ հետևից, որ զզված ու հուսահատ դիմում գրեց: Դպրոցը ուներ հարուստ գրադարան. այնտեղ աշխատել է կինս, դպրոցում սովորել են իմ տղան ու աղջիկը, թոռներս, անգամ մեր տան գրքերն ենք գրադարանին նվիրել, բայց այսօր գրադարանում գեղարվեստական գիրք շատ քիչ է մնացել, տնօրենը եկավ թե չէ հանձնեց թղթի թափոն, բնական է, որ հարսս դրա դեմ դժգոհել է, որի համար էլ ընկել է «սև ցուցակ», արժանացել տնօրենի արհամարհական ու կոպիտ վերաբերմունքին և վերջապես, աշխատանքից դուրս գալու պահանջին: Դեկտեմբերի 13-ին Քրիստինեի ձեռքից վերցրել է բանալիները ու չի վերադարձրե՝լ առանց գրադարանային ֆոնդի ընդունում-հանձնում կատարելու: Այնուհետև բանալիները տվել է նախ իր հաշվապահին, հետո՝ իր ընկերուհուն՝ ոմն Սեդրակյանի: Տնօրենի անօրինությունների ցուցակը սրանով չի սահմանափակվում, նա շատ կոպիտ ու արհամարհական վերաբերմունք է ցուցաբերում շատերի նկատմամբ, իսկ դրամահավաքության մասին թաղամասում հրաշքներ են պատմում: Տնօրենին հատուկ է փողոցային, լկտի պահվածքը, ավելորդ ինքնավստահությունը, ուսուցիչների մոտ հաճախ է հպարտանում իր հովանավորներով՝ ասելով Ցոլոն ու Գայուշը մեջքիս կանգնած են, ինչքան ուզում եք, ուր ուզում եք բողոքեք: Այսպիսի բաներ: Իմ կարծիքով այսպիսի մերժելի երևույթները չպետք է տեղ գտնեն դպրոցներում և այսպիսի երևույթների դեմ աչք փակել չի կարելի»:
Ավետիք Բասեղյան