Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տյառնընդառաջ

11:57, երկուշաբթի, 20 ապրիլի, 2015 թ.

Ավանդույթ դարձած միջոցառում Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոցում


    
    

Դու եկար, ամեն ինչ ողողվեց լույսով…

Տյառնընդառաջին` Աստվածային լույսի տոնին էր նվիրված փետրվարի 14-ին Վաղարշապատի N 7 դպրոցում կազմակերպված միջոցառումը: Այն սպասված ու սիրելի էր նաև նրա համար, որ համադպրոցական բնույթ էր կրում, ինչպես նախորդ տարի: Տնօրենի տեղակալ Կարինե Ավդալյանը, համախմբելով դասղեկներին, աշակերտական խորհրդին և ծնողխորհրդին, միջոցառմանը ներգրավել էր 1 – 9-րդ դասարաններում սովորող բոլոր աշակերտներին:

Միջոցառումն սկսվում է դպրոցի երգչախմբի (ղեկավար` դպրոցի երաժշտության ուսուցչուհի Սուսաննա Հովհաննիսյան) երգով: Երգու՞մ, թե՞ աղոթում է երգչախումբը, ու մանուկների աղոթքի մրմունջներում պարուրված մաքրությունը բոլորին համակում է միմյանց սիրելու, օգնելու ու սատարելու գիտակցությամբ:

Երգչախմբի աղոթքին հաջորդում է Անդաստանի օրհնության արարողությունը. քահանայի ձայնի ելևէջները սփռվում են չորս կողմը, ու թվում է` ցորյանի արտի շրշյունն է ալիքվում օդում:

Աշակերտները բացատրում են «Տյառնընդառաջ» բառի իմաստը` հիշատակելով նաև «Տերն ընդ ձեզ» արտահայտության ժողովրդական ձևափոխված տարբերակները` Տերընդձեզ, Տըրընդեզ, Տըրնտես: Դասարան առ դասարան մեկնաբանվում է տոնի խորհուրդը, ու հպարտանում են` հասկանալով, թե այս մատղաշ սերունդը որքա~ն է մոտեցել Հայ Եկեղեցուն թե´ իր գիտելիքներով, թե´ իր հավատով:

Բեմականացումը յուրահատուկ շուք է սփռում միջոցառմանը: Աստծու ծառան` Սիմեոն ծերունին, ընդառաջ է գնում Հովսեփին ու Մարիամին և տեսնելով Հիսուսին` մարգարեական հոգով իր օրհնությունն է ուղղում Մարիամին:

Հնչում են հոգևոր երգեր, բոցավառվում են փայտերը, ու լույսի հրաշքը ընկալելի է դառնում բոլորի համար. Ծխից ու բոցից մարմին առած լույսը լի է բարությամբ ու խանդաղատանքով, ինչպես Աստվածային սիրո հուրը:

Խարույկի բոցերի հետ օդում թևածում են պարի հնչյունները: 6-րդ դասարանի աշակերտուհի Էլնար Ստեփանյանի և 8-րդ դասարանի աշակերտուհի Արմինե Ղազարյանի պարի զրնգուն տրամադրությունը փոխանցվում է բոլորին:

Ազգային պարերը, երգերը, իմաստավորված զարդարանքներով և կերակրատեսակներով բեռնված սեղանները վկայում են, որ ազգային սովորությունները խորն են արմատավորված և իրենց կնիքն են դրել մեր մտածողության վրա:

Օրվա հորդուն կենսախնդությամբ է համակվել նաև դպրոցի տնօրեն

Վարուժան Հայրապետյանը, որի հետևողականության ու նվիրվածության շնորհիվ վերանորոգվում է դպրոցը, նոր դեմք է ընդունում: Վ. Հայրապետյանն իր շնորհակալությունն է հայտնում բոլորին` արդեն ավանդույթ դարձած միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5291 | 0 | 0
Facebook