Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թոզն ու «կուտը» կերած իմ Գյումրեցի՝ դիմացի

20:12, չորեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2012 թ.
Թոզն ու «կուտը» կերած իմ Գյումրեցի՝ դիմացի

Թվում էր, թե Գյումրին խորը շունչ քաշեց, թեթևացավ, «Король умер, да здравствует король»: Վրջապես քաղաքում շատ բաներ են փոխվելու, սակայն, ինչպես ասում է ժողովուրդը « Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը »:

Նոր քաղաքապետը թևքերը քշտել ու անցել է գործի:

Արդեն խոսակցություններ են շրջանառվում երթուղայինների «գծի» վարձակալության գների թանկացման մասին կամ նոր ավտոբուսների ներկրման մասին, որը քաղաքապետարանը լծվել է իրականացնելու: Էլի տարբեր ծրագրեր, որոնք շուտով Գյումրին դարձնելու են «մեգապոլիս»: Քաղաքն ասում է, քաղաքը խոսում է, քաղաքի ասածն էլ` «ավետարան», կատարվում է:

Զարմանալի է, սակայն փաստ, որ մեր ժողովուրդը մի տեսակ մանկական հավատով է լցվում այս իշխանությունների ցանկացած «հուսադրող» փոփոխությունների նկատմամբ ու մինչ նա սպասում է փոփոխությունների արդյունքին, պարզվում է, որ իրականում ամեն բան վատ է՝ շատ վատ, քան թե կար:

Ժողովրդի հոգսերը թողած, նորն ու հինն իրար հետ հաշիվներ են մաքրում, ճշտումներ կատարում, հալալ ու հարամ ջոկում, քթից բերում կամ սպառնում միմյանց: Իսկ քաղաքն ապրում է իր առօրյաով, մարդիկ կենտրոնացած են իրենց հոգսերի վրա:

Նորակառույց շենքերը գեղեցիկ են, ինչ խոսք, բայց կարծես ստվարաթղթից կառուցված: Շինարարն հանձնեց նորակառույցները, սակայն իր հետևից թողեց աղբի մի մեծ զանգված, որը բազմաթիվ դիմումներից և հեռախոսազանգերից հետո էլ մնաց իր տեղում: Մուշ 2 թաղամասի՝ ի դեպ միակ կանաչապատ տարածքի՝ նորատունկ Հայ-Ռուսական բարեկամության այգու հարևանությամբ, վեր է խոյանում հողի և շինաղբի մի սար, որի փոշին ու աղբը հյուսիսայն քամին պարզապես քշում է բնակելի շենքերի վրա: Իսկ այգու մյուս կողմից՝ գազալցակայանն է (գուշակեք ու՞մն է), որը գազով է համեմում թաղամասը նշանառության տակ վերցրած փոշու զանգվածը: Բայց, դե քաղաքապետարանի հեչ վեճին չէ, քանի որ, ո՞վ է թաղամասի բնակիչների մասին մտածողը, դե ոչինչ, որ 16-18 տարի, մարդիկ բնակվել են անբարեկարգ, ցեխոտ, քարքարոտ և անացանելի փողոցներով ու առանց կանաչ տարածք ունեցող այս թաղամասում: Հիմա, հին շենքերի բնակիչները մի տեսակ նախանձով են նայում նորաբնակներին: Տատիկներն ասում են «զույգ ոտքով խավիծն ընկան»: Իսկ ես, սրան անվանում եմ նախընտրական հանրապետական PR, գյումրեցի ընտրազանգվածի աչքերին թոզփչելոցի:

Թոզին վարժված գյումրեցու աչքին էլ բան չի էրեվա:

Սաղ հեչ (էն կերած մեծ մեծ բաները), հիմա քաղաքի համար առաջնայինը՝ կարևորը «Չայկա» մակնիշի մեքենան է, որը նախքին քաղաքապետի եղբայրը, աճուրդում գնել էր 100 000 դրամով: Դա պետք է քթներից բերել, ինչ կերել են, հիմա էլ չեն մարսելու: «Արդարադատության» ինչպիսի օրինակ, ես սկսում եմ «հավատալ» մեր իշխանություններին: Բան չկա, կարևորը դա է, ժողովուրդը «ջհանդամը», էսքան դիմացել է, էլի կդիմանա: Այ, եթե հանարապետականները սկսեին հոտած «ձկան գլխից» մաքրել կուսակցությունը, հավանաբար «կիլկաներին» էլ չհասնեին: Թե չէ, կետերին թողած ընկել են արդեն կոնսերվացված կիլկաների հետևից:

Իսկ մինչ այդ, խնդիրները աճում են և ինչպես միշտ առանց լուծումների մնում:

Հիմա, ինչ է ասածս, էդ ձեր հաշիվները շուտ վերջացրեք, որ վերջապես ժամանակ գտնեք քաղաքի խնդիրների համար: Թե չէ, մի հանրապետականի կերածը քթից բերել ու բերանից պատառը խլել՝ մի ուրիշ հանրապետականի բերանը դնելու համար՝ մի քիչ, պուճուրմ «տղավարի» չէ: Ի վերջո ձեր գրպանը նույնն է: Ինչպես ասում են՝ դու ինձ, ես քեզ:

Իսկ քեզ՝ թոզն ու «կուտը» կերած իմ Գյումրեցի, համբերություն, քիչ էլ դիմացի:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3963 | 0 | 0
Facebook