Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արտաքին կողմնորոշման երկընտրանքի առաջ

11:26, հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2013 թ.

Վերջին օրերս շատ են խոսակցությունները, որ մտնելով մաքսային միություն կոչվածի մեջ Հայաստանը փակեց Եվրոպայի դուռը և վերջնականապես ստրկացավ ռուսի առաջ: Մեր ժողովուրդը շատ է եղել օտարի տիրապետության տակ և մի տեսակ այնպիսի բնավորություն է ձեռք բերել, որ ամեն ինչին շատ խորն է նայում, սիրում է լինել որևէ մեկի ստրուկը և շատ է սիրում դեպրեսիաներ:

Մեր քաղաքացիները դուրս են եկել բողոքի, ողջունում եմ, որ մարդիկ կարողանում են պայքարել իրենց իրավունքների համար, սակայն ցավալին այն է, որ երբ երեկ ես խոսեցի այդ ակցիայի մասնակիցներից մի քանիսի հետ (խոսքս բոլորին չի վերաբերվում, այնտեղ կան մարդիկ, ովքեր շատ լավ հասկանում են, թե ուր են եկել և ինչ են ուզում), հասկացա, որ նրանք եկել են ոչ թե նրա համար, որ Հայաստանը չմտնի մաքսային միության մեջ, այլ՝ Սերժի հրաժարականի: Հասկանում եմ, որ մարդիկ հիասթափված են, չեմ թաքցնի ու կասեմ, որ ես էլ: Բայց նրանք մեծ հաշվով չգիտեն թե ինչու:
     Մենք ինքներս միշտ մտածել ենք, որ պետք է լինի «կամ-կամ», սակայն քաղաքականության մեջ «կամ-կամ» -ը տանում է անդունդ, որովհետև բևեռներից մեկի կործանման դեպքում դու էլ գնում ես նրա հետ, իսկ «և-և» -ի դեպքում փրկվելու հնարավորություն ես ստանում: Սա հարցի մի կողմն է, իսկ այժմ փորձենք պարզել, թե դրանցից որն ինչ կարող է տալ Հայաստանին:
     Եթե մենք գնում ենք դեպի մաքսային միություն այստեղ առաջանում են մի քանի հարցեր: Եթե հիշում ենք Հայաստանը հրաժարվելու համար մեջ էր բերում ընդհանուր սահման չունենալը, իսկ ահա հակառակ կողմից որպես օրինակ բերվում էր Կալինինգրադը: Եթե որպես օրինակ բերվում էր Կալինինգրադը և Հայաստանն անդամակցելու դեպքում կստանա բոլոր այն հնարավորությունները, ինչ որ ունի Կալինինգրադը, ուրեմն շատ բարի:
     Այսպիսով՝
     1. Կալինինգրադ-Ռուսաստան ուղղությամբ աշխատում է քառագիծ երկաթուղի, իսկ մեզ համար այսօր կենսական նշանակություն ունի Աբխազական երկաթուղին՝ գոնե երկու գծով, իսկ դա այնպիսի ահռելի ծախսեր է պահանջում, որը Հայաստանը հազիվ թե կարողանա առաջիկա գոնե 30 տարիներին իրականացնել: Իսկ եթե պայմանավորվածություն է ձեռք բերվել կառուցե՞լ այդ երկաթգիծը:
     2. Կալինինգրադի համար այնպիսի ցածր մաքսեր են սահմանված, որը նույնիսկ եվրոպական շատ երկրներում չկա: Իսկ ի՞նչ իմանանք, որ նաև դրա շուրջ պայմանավորվածություններ չկան: Գուցե ոմանք ասեն, մեզ ինչ օգուտ, օլիգարխների աչքը լույս: Դե հա, բայց ո՞վ է մեղավոր, որ մեր երկրում օլիգարխիկ համակարգ է:
     3. Պայմանագրի մեջ խոսվում էր նոր ատոմակայան կառուցելու մասին և դա այն դեպքում, երբ Թուրքիան ջանքեր չի խնայում եղածն էլ փակելու համար: Եվ գիտենք, որ ներկայիս ատոմակայանի շահագործման թույլատրելի ժամկետն արդեն լրանում է: Հարց է առաջանում, բայց այդ ատոմակայանը լինելու է Ռուսաստանի սեփականությունը: Բայց լավ, ինչքան էլ այն լինի Ռուսաստանի սեփականությունը, վերջին հաշվով այն գտնվելու է Հայաստանի տարածքում, իսկ քաղաքական վերադասավորումներ անելն այնքան էլ դժվար չէ: Եվ վերջապես այդտեղ հայեր են աշխատելու:
     Սրանք այն, ինչ կարող է տալ մաքսային միությունը: Իսկ այժմ Եվրոմիության, Եվրոպայի և «կամ-կամ» ու «և-և» -ի մասին: Եվրոմիության պաշտոնյաները հենց իրենք գիտեն Հայաստանի դերն ու նշանակությունը և Ռուսաստանի հետ նրա հարաբերությունների մակարդակը, հետևաբար հենց նրանք են առաջին հերթին կողմ «և-և» -ին: Դրա վառ վկայություններն են այն, որ նախկին հայտարարություններից մեկի ժամանակ եվրոպական պաշտոնյան հայտարարել էր, որ այժմ ժամանակն է, որ Հայաստանն ընտրի մաքսային միություն, թե՞ Եվրոպա, սակայն մի քանի օր անց զգուշավոր ճշգրտում կատարվեց և ասվեց, որ դրանք տարբեր բնույթի կառույցներ են և համատեղություն հնարավոր է: Քանի որ Հայաստանը կարողացել էր Ռուսաստանին համոզել, որ համատեղություն հնարավոր է: Եվ հենց այդ ժամանակ էլ խնդրին մասնագետի աչքով նայելու դեպքում կարելի էր պատկերացնել զարգացման այսպիսի սցենարը և որոշ ժամանակ անց կարող ենք տեսնել նաև Հայաստանի անդամակցությունը Արևելայան գործընկերության պայմանագրին:
     Մենք տեսանք, թե որքան կառուցողական էր նաև այն հայտարարությունը, որն արվեց մաքսային միության պայմանագիրն ստորագրելուց հետո, չնայած, որ որոշակի կոշտության տարրեր էր պարունակում: Հայտարարության մեջ ուշագրավ էր հետևյալ հատվածը՝ «Մենք հաշվի ենք առնում Մաքսային միությանը միանալու Հայաստանի բացահայտ ցանկությունը։ Մենք ակնկալում ենք Հայաստանից ավելի լավ հասկանալ որոնք ենք իրենց նկրտումները և ինչպես են ցանկանում ապահովել դրա և Ասոցացման համաձայնագրով ու ԽՀԱԱՀ-ով ստանձնած պարտավորությունների համատեղելիությունը» ։ Այսինքն Եվրոպան ինքը կողմ է, որ լինի «և-և», սակայն սպասում է, որ Հայաստանը հենց ինքը պատկերացնի, որ հնարավոր է «և-և» ու ցույց տա «և-և» -ի իր տարբերակը: Հետևաբար ստացվում է, որ մեր անհանգստություններն իզուր են, չնայած, որ Հայաստանի համար հիմա բավականին ծանր ժամանակ է և պետք է, որ որոշում կայացնողները բավականին լարված աշխատեն ու հաշվի առնեն ցանկացած մանրուք:
     Հիմա այսքանից հետ ինչու ենք մենք մեզ տանում դեպի «կամ-կամ», պետք է առաջ շարժվել «և-և» -ի ճանապարհով: Իսկ եթե մի փոքր ավելի էմոցիոնալ, ապա կստացվի ո՛չ «կամ-կամ», ոչ՛ էլ «և-և» ՝ այլ «ոչ-ոչ»: Ո՛չ մաքսային միություն, ո՛չ էլ ԱԼԳ, այլ Հայաստան:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3600 | 0 | 0
Facebook