Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եկեք պաշտպանենք Մխիթարյանին... Ոչ ոք ըսավ՝ «ախր, բալա՜մ, սիրո´ւն չի»

A n o n y m o u s
Հեղինակ`
A n o n y m o u s
14:33, շաբաթ, 22 հունիսի, 2013 թ.
Եկեք պաշտպանենք Մխիթարյանին... Ոչ ոք ըսավ՝ «ախր, բալա՜մ, սիրո´ւն չի»
     Հենրիխ Մխիթարյանի՝ ուկրաինական «Շախտյորից» բրիտանական «Լիվերպուլ» տեղափոխությունը վերջին շրջանում հայության համար ամենացանկալի ու ամենաքննարկելի թեմաներից է: Թերևս քաղաքական թեմաները կարող են ավելի շատ խմորվել, քան Մխիթարյանի թեման, չնայած վերջին շրջանում բանը հասել է նրան, որ նույն լրատվական կայքերը մի քանի ժամի տարբերությամբ բացարձակապես տարբեր տեղեկատվություններ են հաղորդում: Սրանից միայն մի բան կարելի է եզրակացնել, որ ցանկությունը չափից մեծ է, իսկ իրականությունը՝ սպասվածից հեռու...
    
     Ի՞նչ ասել է թե՝ սպասվածից հեռու. սա նշանակում է, որ եթե ֆուտբոլից ու մասնավորապես ֆուտբոլային տրանսֆերներից գլուխ հանող մարդը նույն ձևաչափով դատի նաև այս տրանսֆերը, ինչպես մյուսները, պարզ կհասկանա, որ այսպիսի տեղափոխությունները շատ ջուր են քաշում: Մեկ-երկու օրում այսպիսի հարցերը չեն լուծվում:
    
     Չգիտես ինչու ոչ մի երկրում ու երբեք այնպիսի անցուդարձ չի առաջանում, երբ այդ երկրի ֆուտբոլիստներից մեկի ծառայություններով հետաքրքրված է արտասահմանյան որևէ գրանդ ակումբ: Չգիտես ինչու ամենաքննարկվող հարցը երբեք դա չի լինում, քանի որ պարզ ըմբռնում են, որ որքան հարցը քննարկվի, նույնքան այդ քննարկումով նրանք խանգարում են տրանսֆերի կայացմանը:
    
     Այս պարագայում միայն մի բան ենթադրել կարելի է. այն, որ մեր ազգը ոչ թե ավելի շատ մտածում է հենց Հենրիխ Մխիթարյանի հաջողությունների մասին, այլ ազգային հաջողության մասին, իսկ դա երևի հասկանում ենք՝ որն է: Բնական է, որ մի երկիր, որ չի ունեցել այնպիսի ֆուտբոլիստ, որ հանդես գա եվրոպական ամենահեղինակավոր ակումբներից մեկում, ամեն ինչ անելու է, որ այդ հնարավորությունը ձեռքից բաց չթողնի, ու դա անում է ոչ թե ֆուտբոլիստի համար, այլ նրա համար, որ երբևէ հպարտանալու առիթ ունենա, որ՝ «ա՜յ, տեսե´ք՝ մենք էլ ունենք այնպիսի ֆուտբոլիստ, որ, օրինակ, խաղում է «Լիվերպուլում»:
    
     Այսպիսի մոտեցումը միայն խոչընդոտում է տրանսֆերի կայացմանը, սակայն այնքան չի խոչընդոտում, որքան այն քայլերը, որ ուղղված են ի պաշտպանություն Հենրիխ Մխիթարյանի:
    
     Հայության առաջնահերթ խնդիրն է դարձել Հենրիխ Մխիթարյանին պաշտպանելը: Ի դեպ, պաշտպանության համար շարժում է կազմակերպվել դեպի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա. ըստ երևույթին՝ պաշտպանում են Ռուբեն Հայրապետյանից, ով տրամաբանորեն ամենաշահագրգռվածը պետք է լինի Հենրիխի տրանսֆերի վաճառքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «փայ» ունի այդ տեղափոխությունից:
    
     Ոչ ոք իրեն հարց չի ուղղում՝ արդյոք «մեր Հենոն» պաշտպանության կարիք ունի՞, արդյոք անհրաժե՞շտ է նման քայլ ձեռնարկել, արդյոք այդ քայլը կօգնի՞ Մխիթարյանին, թե՞ բումերանգի էֆեկտը կտա...
    
     Ի վերջո այնպիսի տպավորություն է, կարծես Հենրիխի իրավունքները վաճառելու հազիվ մի հնարավորություն է ընձեռվել, ու անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ «խուրդել» այդ իրավունքը...
    
     Չէ´, ժողովո´ւրդ, այդպես չի´ կարելի: Եկեք մի քանի օր հանգիստ թողնենք Հենրիխին ու խնդիրն ավելի չբարդացնենք: Եկեք թողնենք, որ որոշումը կայացնեն նրանք, ովքեր իրավունքն ունեն դրա:
    
     ©Anonymous
     Լուսանկարը՝ Հարություն Այնտապյանի:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4041 | 0 | 0
Facebook