Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հետո չասեք՝ Մալթան եկավ, գող-գող գնաց...

A n o n y m o u s
Հեղինակ`
A n o n y m o u s
12:39, երկուշաբթի, 10 հունիսի, 2013 թ.
Հետո չասեք՝ Մալթան եկավ, գող-գող գնաց...
     Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանին սեփական հարկի տակ ընդունեց Մալթայի հավաքականին:
    
     Բոլորն ակնկալում էին հաղթանակ մեր ազգային թիմից՝ բացառելով պարտվելու հավանականությունը: Չնայած դրան՝ բացարձակապես չէր կարելի բացառել պարտվելու հավանականությունը, ավելին՝ պետք էր սպասել այդ պարտությանը:
    
     Ոչ միայն ֆուտբոլում, այլև բոլոր մարզաձևերում կարևորագույն նախապայման է այն, որ որոշիչ դեր ունենան մարզիկի մրցելույթը, վերջինիս մարզչի որակները: Այն, որ մեր ազգային թիմում որակով ֆուտբոլիստները շատ են, կարծում եմ՝ ոչ ոք չի կասկածում: Դրա վառ ապացույցն այն է, որ մեր ֆուտբոլիստները փայլուն են հանդես գալիս Ռուսաստանի ու Ուկրաինայի առաջնություններում, իսկ Հենրիխ Մխիթարյանն ընդհանրապես եվրոպական ֆուտբոլի ծագող աստղ է համարվում: Նրա ծառայություններով այժմ հետաքրքրված է ոչ ավելի, ոչ պակաս մերսիսայդյան «Լիվերպուլը»: Չեմ ժխտում նաև այն վարկածը, որ Վարդան Մինասյանը արժանի է գլխավորել մեր ընտրանին, սակայն խնդիրն այստեղ ամենևին էլ ֆուտբոլիստն ու գլխավոր մարզիչը չեն:
    
     Խնդիրն այն է, որ երբ ցանկացած սպորտաձև կենտրոնանում է մեկ անձի ձեռքում, այդ սպորտաձևը երկրի համար պրոբլեմատիկ է դառնում: Խնդիրն այն է, որ երբ կարելի է քայլեր ձեռնարկել՝ ոլորտը զարգացնելու համար, մեզ թվում է՝ ամեն ինչ կարգին է, ու մեր թիմը բոլորից ուժեղ է:
    
     Սա հայ մարդու տրամաբանությունն է: Մենք միշտ մտածում ենք, որ մեր հավաքականն ուժեղ է բոլորից ու միշտ պիտի հաղթի: Անգամ այն ժամանակ էինք այդպես կարծում, երբ Իտալիայի հավաքականին էինք հյուրընկալել: Քչերն այդ խաղից հետո հայտարարեցին, որ «ապրի´ մեր հավաքականը. կարողացավ մեկ գոլ խփել իրենից մի քանի անգամ հա´մ ուժեղ, հա´մ կարգով բարձր թիմին»:
    
     Ամենևին էլ վատ չէ, որ հավատում ես քո հավաքականին, սակայն պարտվելու հավանականությունն ավելի ու ավելի է մեծանում, երբ գերագնահատում ես ինչ-որ բան, այս դեպքում՝ հավաքականը:
    
     Իհարկե, կարելի է շտկել այս իրավիճակը, սակայն դրա համար հարկավոր է քայլեր ձեռնարկել, ի վերջո ներդրումներ կատարել այս սպորտաձևում: Եթե Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Բերեզովսկին, Արազն ու Պիզելին հնարավորություն ունեն զարգանալու արտերկրում, որակները բարելավելու Ռուսաստանում ու Ուկրաինայում, ապա մնացած խաղացողները մնում են «Փյունիկի», «Բանանցի», «Միկայի», «Շիրակի» կամ այլ թիմի մարզումների ու խաղերի հույսին: Պետք է ամեն ինչ անել՝ հայկական ակումբային ֆուտբոլը զարգացնելու համար՝ անտեսելով այն հանգամանքը, որ այդ «բիզնեսը» գուցեև գերշահութաբեր չէ...
    
     Ի վերջո պետք է գիտակցել, որ ուժեղագույն հավաքական ունենալու համար պետք չէ բոլորին փառաբանել ու ասել՝ ձեզնից լավը չկա, այլ հարկավոր է խոսել թերությունների, սխալների ու բացթողումների մասին, հարկավոր է առողջ քննադատությամբ զբաղվել՝ առանց վիրավորանքի:
    
     Հարկավոր է քաջ գիտակցել, որ մեր հավաքականն ուժեղագույնը չէ, բայց այն լավագույնն է... Այն ուժեղագույնը դարձնելու համար պիտի մրցակցային դաշտ լինի ֆուտբոլում, պետք է լինեն փորձարկումներ, պատիժներ, խրախուսանքներ... Շատ բան է պետք... Ամենակարևորը պետք է չմոռանալ, որ մեր հավաքականն ի զորու է լինել ուժեղագույնը:
    
     ©Anonymous
     Լուսանկարը՝ Armsport.am-ի:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3874 | 0 | 0
Facebook