Նաև ռուս ժողովուրդը՝ լենինյան բոլշևիզմի ոճրագործությունների զոհ (4)
«Բանվոր դասակարգի օրհներգն այսուհետև լինելու է ատելության և վրեժի երգը»: 1918 թվականին իրագործված երկու ահաբեկչական գործողությունները (Պետրոգրադի ՉԿ-ի ղեկավար Ս. Ուրիցկու և Լենինի դեմ) ամրապնդել են բոլշևիկների այն համոզմունքը, որ իրենց իշխանության դեմ լայնամասշտաբ ու բազմաճյուղ դավադրություն է հյուսված: Իրականում այս երկու մահափորձերն իրար հետ ամենևին կապ չեն ունեցել: Առաջինը կատարել է նարոդնիկական անշահախնդիր ահաբեկչության ավանդույթներին հավատարիմ Լեոնիդ Կանեգիսերը՝ ցանկանալով վրեժխնդիր լինել մի քանի օր առաջ ՉԿ-ի կողմից մի խումբ սպաների գնդակահարության համար: Ինչ վերաբերում է երկրորդին՝ Լենինի դեմ մահափորձին, ապա այն երկար ժամանակ վերագրվել է էսեռ ակտիվիստուհի Ֆաննի Կապլանին, որը ձերբակալվել է հանցագործության վայրում և առանց դատի երեք օր անց գնդահարվել է: Բայց հիմա արդեն ի հայտ են եկել որոշ տվյալներ հօգուտ այն բանի, որ այդ մահափորձը ՉԿ-ի կողմից կազմակերպված սադրանք է եղել, որից հետո չեկիստներն ազատվել են կատարողներից: Բոլշևիկյան կառավարությունն անմիջապես այդ մահափորձը վերագրել է «ձախ էսեռներին՝ անգլո-ֆրանսիական իմպերիալիզմի կամակատարներին»: Մահափորձի հաջորդ օրը թերթերի հոդվածներում և կառավարական հաղորդագրություններում բարձրաձայնվել են տեռորի կոչեր: «Աշխատավորներ, - 1918-ի օգոստոսի 31-ին գրել է «Պրավդա» -ն, - եկել է ժամը, երբ մենք պարտավոր ենք ոչնչացնել բուրժուազիային, եթե չենք ուզում, որ բուրժուազիան մեզ ոչնչացնի: Մեր քաղաքները պետք է անխնահ կերպով մաքրվեն բուրժուական հոտածությունից: Այդ բոլոր պարոնները հաշվառման են վերցվելու, և նրանցից ով վտանգ կներկայացնի հեղափոխական դասակարգի համար, կոչնչացվի: Բանվոր դասակարգի օրհներգն այսուհետև լինելու է ատելության և վրեժի երգը»: Նույն օրը Ձերժինսկին ու իր տեղակալ Պետերսը կազմել են «Դիմում բանվոր դասակարգին», որը նույն ոգով է ներծծված եղել. «Թո՛ղ բանվոր դասկարգը զանգվածային տեռորով ճզմի հակահեղափոխության հիդրային: Թո՛ղ մեր թշնամիներն իմանան, որ յուրաքանչյուր զինված կալանավոր կգնդակահարվի տեղում, որ յուրաքանչյոր ոք, ով կհամարձակվի թեկուզ չնչին քարոզ տանել խորհրդային իշխանության դեմ, անմիջապես կձերբակալվի և կարգելափակվի համակենտրոնացման ճամբարում»: Այս կոչը տպագրվել է սեպտեմբերի 3-ի «Իզվեստիա» -ում, իսկ հաջորդ օրը նույն թերթում հրապարակվել է ներքին գործերի ժողովրդական կոմիսար Գ. Պետրովսկու հանձնարարականը բոլոր տեղական սովետներին: Խորհուրդ տալով, որ չնայած «մեր տասնյակ հազարավոր ընկերների գնդակահարությանը, դեռևս զանգվածային տեռոր չի սկսվել «էսեռների, սպիտակգվարդիականների և բուրժուազիայի» դեմ, Պետրովսկին շարունակում է. «Անկազմակերպվածությանն ու մեղմությանը պետք է անմիջապես վերջ տալ: Բոլոր հայտնի աջ էսեռները պետք է անհապաղ ձերբակալվեն: Բուրժուազիայից և սպայական կազմից պետք է զգալի քանակության պատանդներ վերցվեն: Դիմադրության աննշան փորձերի դեպքում անգամ պետք է զանգվածային գնդակահարություն կիրառվի: Տեղական նահանգային գործադիր կոմիտեներն այս ուղղությամբ պետք է առանձնահատուկ նախաձեռնություն հանդես բերեն: Միլիցիայի բաժանմունքներն ու արտակարգ հանձնաժողովները պետք է բոլոր միջոցները ձեռնարկեն բոլոր կասկածելիներին բացահայտելու և կալանավորելու համար ու անվերապահորեն գնդակահարեն հակահեղափոխական ու սպիտակգվարդիական աշխատանքներում ընդգրկվածներին: Այս ուղղությամբ տեղական սովետների այս կամ այն օրգանների բոլոր անվճռական գործողությունների մասին գործկոմների ղեկավարները պարտավոր են անմիջապես հայտնել Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատին: Ո՛չ մի տատանում, ո՛չ մի անվճռականություն զանգվածային տեռոր կիրառելիս»: (շարունակելի) |