Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարդու անկում, կամ կորցնում ենք կարևոր արժեքները

16:29, ուրբաթ, 17 մայիսի, 2013 թ.
Մարդու անկում, կամ կորցնում ենք կարևոր արժեքները
     Կյանքն իր բոլոր կողմերով` ընտանեկան, հավաքական, անձնական, պետական կորցնում է իր արժեքը: Մարդն այնքան է հպարտացել, որ պատերազմելով խոսում է խաղաղության կարևորության մասին: Այո, ասված է` «խաղաղություն ես ուզում` պատերազմի պատրաստվիր» . սակայն մարդն ըստ էության պատերազմում է իր նմանի դեմ` շահի համար. ձեռք են բերում անձնական հարստություն, ժամանակավոր հանգստություն, սակայն ո՞վ պետք է պատասխան տա այն մայրերին, ովքեր ողբում են իրենց զավակների անժամանակ մահը:
     Մարդը սիրում է բարձր և պատվավոր աթոռների բազմել, վերևից նայել ամեն մեկին ու միշտ էլ գոհ լինել սեփական ամբարտավանությամբ: Կարևորություն չտալով աղքատին, արհամարհելով նաև տնանկին` անտարբերությամբ շարունակում է լցնել ու պարարտացնել կենդանական օրգանիզմի վերածված սեփական ստամոքսը:
     Անտարբերություն. ինչ լավ է, որ ես այս աթոռին եմ բազմել, ի~նչ լավ է վիճակս` փոխարենն օգնելու անկյալին` ձեռք մեկնելու, օժանդակելու կարիքավորներին, մարդը հպարտանում է ու բավարարում է իր ես-ը միայն: Մի օր հաշիվ պետք է տանք, ընդ որում այդ հաշվետվությունը և այստեղ է` երկրային կյանքում և երկնային` անդրշիրիմյան հանգստավայրում:
     Ցավով եմ հիշատակում նաև ընտանիք-ընկերություն-բարեկամություն հասկացությունների բարոյազրկման մասին: Չէ՞ որ ընտանիքն ամեն արժեքի առանցք բարոյական հիմքն է` այստեղից է սկիզբ առնում և պտղաբերում սրբությունների նկատմամբ մարդու սեփական ըմբռնումներն ու գաղափարները: Ընտանիքը սրբությունների սրբոցն է` եկեղեցու նման. ոչ թե քարեղեն կառույց, այլ հոգիների միաձուլմամբ արժևորում է կյանք հասկացությունն ըստ էության, որ շնչով և սուրբ շնչով` հոգու և մտքի գնահատումն է փոխադարձ նվիրումով պայքարելու սրբության բարձրացման համար: Սակայն արի և տես` հեռուստատեսությունը պարզապես հեղեղված է սրբություններ քանդող հեռուստասերիալներով, որոնք հոգին գնահատելու, մարմինն են արժևորում ժամանակավորապես, այսպիսով այդ քարոզչությունը նպատակ է հետապնդում սրբություն սրբոցի ոտնահարմամբ` բարոյազրկել մարդ արժեքը` Աստծո պատկերը: Գրեթե բոլորն ակնդիր և ունկնդիր փութաջանորեն ինքնամոռաց շտապում են խարխլված արժեքների մատուցմանը:
     Ազատամտությունը. Ժամանակակից մարդն ազատություն հասկացությունն ըմբռնում է` «ինչ որ կարող եմ` կարելի է ամեն տեղ» մտածողությամբ, բայց ողբամ այդ մտածողությամբ օժտված մարդկանց, քանի որ ազատությունը մղում է մարդուն չափավորության: Ճիգ գործադրել սահման գծելու և փոխադարձ հարգանքով շարունակելու մեկը մյուսի նկատմամբ անկեղծ և ազնիվ հարաբերություններ հաստատել ու կիրառել:
     Ժամանակակից մարդն այսօր ամեն ինչ վերագրում է իրեն. «ես եմ հնարել, ես եմ պատրաստել ես եմ կատարել, բայց ո՞ւր է Աստծունը Աստծուն տալու և մարդունը` մարդուն ներկայացնելու նշանաբանը: Այսօր այդ ամենն աղավաղված է և կարծես ես ինձ եմ փառաբանում սկզբունքով:
     Մարդը մարդով է ամբողջանում, սակայն այսօր մարդը մարդով դիզում է իր անձնական անհագ ու անհատակ ցանկությունները. միայն մարմին և մարմնական, բայց ո՞ւր է այսօր մարդու մեջ ապրող հոգևոր և բարոյական աշխարհը. արդյո՞ք մարդը չէ պատճառը մարդու բարոյական անկման. արդյո՞ք մարդը չէ պատճառն իր նմանի հոգևոր արժեքի կորստին: Ինչ որ առել ենք մաքրությամբ, անհրաժեշտ է վերադարձնել անաղարտությամբ: Մարդն Աստծո տաճար է. այդ տաճարը սուրբ է, քանի որ իր Արարիչն էլ սուրբ է: Երբեք չմոռանա'ս, մա'րդ Աստծո` «տուր զհամար տնտեսութեան քո» երկնառաք հարցման պատասխանը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4655 | 0 | 0
Facebook