Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հիմնականում «ոչ» ասող ականավոր գործիչն իր վարչապետ Պոմպիդուին նախազգուշացրել է, թե ինքը ոչ մի պատճառաբանությամբ կամ հիմնավորմամբ չէր ցանկանա հայտնվել «փոշով լի անլույս ու անօդ այս բնում»

17:47, ուրբաթ, 27 հունվարի, 2023 թ.
Հիմնականում «ոչ» ասող ականավոր գործիչն իր վարչապետ Պոմպիդուին նախազգուշացրել է, թե ինքը ոչ մի պատճառաբանությամբ կամ հիմնավորմամբ չէր ցանկանա հայտնվել «փոշով լի անլույս ու անօդ այս բնում»

«...այն դրամատիկ իրավիճակում, երբ յուրաքանչյուր ժողովուրդ վտանգում է իր կյանքը, անհրաժեշտ է, որ սրտի թելադրանքով ապրող մարդիկ քաջություն ունենան առերեսվեն իրերին և անկեղծ խոսք ասեն»:

Այս մեջբերումը Շարլ դը Գոլի1940 թ. հուլիսի 8-ի ելույթից է
     ***

Ֆրանսիայի երբեմնի նախագահ Շարլ դը Գոլը շատերի համար եղել է մի անձնավորություն, մի գործիչ, որը պետությանն առնչվող տարբեր հարցերում հաճախակի է մերժողական կամ ժխտողական «ոչ» -ը արտաբերել կամ համապատասխան ժեստը ի ցույց դրել: Նա «ոչ» է ասել 1940 թվականի կապիտուլյացիային, «ոչ» է ասել երկու աշխարհամարտերի միջև ընկած ժամանակահատվածում Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի քարացած ծրագրին, նա «ոչ» է ասել Վիշիի կառավարությանն ու կոլաբորացիոնիզմին ու նաև Չորրորդ հանրապետությանը: Նա «ոչ» է ասել Մեծ Բրիտանիայի մուտքին Ընդհանուր շուկա, «ոչ» է ասել իր երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, «ոչ» է ասել Հնդկաչինում ԱՄՆ-ի քաղաքականությանը, 1968 թվականի մայիսյան ցույցերին: Նա կարողացել է մեծ վճռականությամբ «ոչ» ասել իր համախոհներին և օտարերկյա պաշտոնակիցներին (գեներալ Ժիրոյին, Չերչիլին ու Ռուզվելտին) , որոնք միշտ չէ, որ նրա մերժումն ըմբռնումով են ընդունել, նա «ոչ» է ասել Ֆրանսիայի Կոմունիստական կուսակցությանը, Դիմադրության շարժման որոշ մարտիկների, Ալժիրում գտնվող ֆրանսիական բանակի ղեկավարությանը: Նա կարողացել է պաշտպանել իր իրավացիությունը և իր վրա վերցնել պատասխանատվությունը՝ անկախ նրանից, որ երբեմն դա վնասել է իր ժողովրդականությանը, և երկու անգամ (1946 թվականի հունվարի 20-ին և 1969 թվականի ապրիլի 28-ին) կամավոր հրաժարականի հանգեցրել:

Բայց նա միշտ չէ, որ «ոչ» է ասել, և նրա «այո» -ն այնքան նշանակալի է եղել, որ երբեմն նույնիսկ անսպասելի ու դժվարին է եղել: Նա «այո» է ասել Ալժիրում խաղաղության հաստատմանն ու ընդհանրապես ապագաղութացմանը, ֆրանս-գերմանական բարեկամությանը, կոմունիստական Չինաստանին, Եվրոպայի Ընդհանուր շուկային և այլն:

Փարիզի մռայլ ու սառը Պանթեոնը, որտեղ ամփոփված են Ֆրանսիայի մեծերը, այնքան ծանր տպավորություն է թողնում այցելուի վրա, որ, ասում են, կարող է նույնիսկ վերստին սառեցնել այնտեղ գտնվող հանգուցյալներին: Ահա թե ինչու գեներալ դը Գոլը, որը կանխազգացել է, որ մի օր էլ այնտեղ հայտնվելու իր հերթն է գալու, մի անգամ կտրուկ ընդհատել է այդ թեմայով սկսված խոսակցությունը: Հիմնականում «ոչ» ասող ականավոր գործիչն իր վարչապետ Պոմպիդուին նախազգուշացրել է, թե ինքը ոչ մի պատճառաբանությամբ կամ հիմնավորմամբ չէր ցանկանա հայտնվել «փոշով լի անլույս ու անօդ այս բնում»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1689 | 0 | 0
Facebook