Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2022 թ.

Հոդվածներ

Առնվազն վեց ամուսնու թունավորած Շրի Լանկայի առաջին թագուհին

15:22, երեքշաբթի, 01 նոյեմբերի, 2022 թ.
Առնվազն վեց ամուսնու թունավորած Շրի Լանկայի առաջին թագուհին

Շրի Լանկա կղզու հյուսիսում մ.թ.ա. 377 թվականին կազմավորված Անուրադհապուրի պետության առաջին ինքնիշխան կին միապետը եղել է մ.թ.ա. առաջին դարում ապրած Անուլա թագուհին:

Մինչև ինքնիշխան գահակալումը Անուլան եղել է Վալահամբա թագավորի որդի Չորա Նագայի (կամ Կորանագա) թագավորի և Չորա Նագայի ազգական, արքա Կուդա Թիսսայի կինը, որոնց նա թունավորել է: Դրանից հետո նա մի քանի տարվա ընթացքում գահին է նստեցրել, ապա թունավորելով սպանել է առնվազն ևս չորս այլ ամուսնու:

Անուլայի գահակալումից անմիջապես առաջ Շրի Լանկայում շատ անկայուն վիճակ է եղել: Երբ Կհալատտա Նագա թագավորը մ.թ.ա. 104 թվականին պալատական հեղաշրջմամբ գահընկեց է արվել, նրա կրտսեր եղբայր Վատտա Գամանի Աբհայան (Վալագամբա) տապալել է եղբոր գահին տիրացած ուզուրպատորներին և կնության է առել իր սպանված եղբոր այրուն, որը նույնպես Անուլա անունն է ունեցել: Նա նաև որդեգրել է իր ազգական Մահակուլին:

Վահագամբան, սակայն, գահակալել է մեկ տարուց մի քիչ ավելի, որովհետև թամիլները նրա դեմ պատերազմել են և Կոլամբալակեի ճակատամարտում հաղթել են: Բայց 16 տարի անց Վալագամբան վերստին տիրացել է գահին և որոշ ժամանակ անց իր որդեգիր Մահակուլի փոխարեն նախընտրելի գահաժառանգ է ճանաչել Չորա Նագին:

Մահակուլին (որը կառավարել է Մահակուլի Մահատիսա անվամբ) Վալագամբայի գահը ժառանգել է մ.թ.ա. 76 թվականին: Համաձայն տարեգրության՝ Չորա Նագան «ապրել է ինչպես մի խռովարար», բայց մ.թ.ա. 62 թվականին հաջորդել է Մահակուլիին: Տարեգրությունը նաև հիշատակում է, որ Չորա Նագգայի առաջին գործողություններից մեկը եղել է պետության այն 18 տաճարների ոչնչացումը, որոնք հրաժարվել էին նրան ապաստան տալ, երբ ինքը հանցագործ էր հռչակված եղել: Չորա Նագան կառավարել է 12 տարի, ապա նրան թունավորել է, ինչպես տարեգրությունն է բնորոշում, «տխրահռչակ Անուլան»:

Գահը ժառանգած Կուդա Թիսսան եղել է Մահակուլի Մահատիսայի որդին: Անուլան այս անգամ էլ դարձել է նրա կինը: Բայց Կուդա Թիսսան կարճ է ապրել, որովհետև Անուլան սիրահարված է եղել պալատի պահակազորայիններից մեկին: Անուլան դարձյալ թույնով սպանել է Թիսսային և երկրի կառավարման ղեկը հանձնել է այդ պահակազորայինին, որը թագավոր է հռչակվել Շիվա Առաջին անվամբ: Բայց շուտով նրան փոխարինել են ատաղձագործ Վատուկան, փայտահատ Դարուբ Հատիկա Թիսսան և պալատական քուրմ Նիլիան: Անուլան սրանցից յուրաքանչյուրին սիրահարվել է, հետո թունավորել է նախորդ սիրեկանին, նոր սիրեկանին գահ է բաձրացրել, դարձել է նրա կինն ու թագուհին, բայց շուտով նրան էլ է սպանել: Նիլիի սպանությունից հետո Անուլան որոշել է միահեծան լինել:

Սակայն նա ընդամենը չորս ամիս է կարողացել միանձնյա կառավարել: Նրան տապալել է Կուտականա Թիսսան՝ Մահակուլա Մահատիսսայի երկրորդ որդին: Տարեգիրն ասում է, թե Կուտականա Թիսսան Անուլային, ինչպես կարգն է պահանջել, հրկիզել է խարույկի վրա և, չցանկանալով ապրել նրա պալատում, նոր պալատ է կառուցել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
710 | 0 | 0
Facebook