Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ես զզվում եմ միաբաններից». Գարեգին Բ-ի պատասխանը Մայր Աթոռի միաբանին

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
11:00, երեքշաբթի, 05 հունիսի, 2018 թ.
«Ես զզվում եմ միաբաններից». Գարեգին Բ-ի պատասխանը Մայր Աթոռի միաբանին

Գարեգին Բ կաթողիկոսին


    

Վեհափա՛ռդ շատերի,

16.08.2016 թվականին Ձեր կողմից անհիմն պատճառաբանությամբ կարգալույծ հռչակվեցի, որի համար հիմք էր հանդիսացել հոգևոր ծառայության վայրը լքելու փաստը (չեմ ստացել ոչ գրավոր և ոչ էլ բանավոր ծանուցում) ։

2016 թվականի հունվար ամսին մայրս առողջական խնդիրներ ունեցավ գլխուղեղի բարորակ ուռուցք ախտորոշմամբ։ Հիշյալ թվականի հունվար և փետրվար ամիսներին երբևէ ի վիճակի չեմ եղել մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագին Մայրավանքում (վստահ եմ՝ Ձեզ երբևէ չի հետաքրքրել պատճառը) ։ Ինձ պատմել են՝ ինչպե՛ս եք Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում մի ձեռքի մատների վրա հաշվել, թե քանի ամիս եմ բացակայել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից (համոզված եմ՝ Ձեզ պատճառը երբևէ չի հետաքրքրել) ։

Վեհափա՛ռդ շատերի,

Մի՞թե խախտելով կուսակրոնության ուխտը՝ երեխա էի ունեցել և մկրտել Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում (վստահ եմ՝ գիտեք խոսքն ում մասին է) ։

Մի՞թե հոգևոր ծառայությունում ուրացել և ամուսնացել էի մեծահարուստ կնոջ հետ` հանուն սեփական շահի կամ նրա հանդեպ սիրուց դրդված (Դուք լավ գիտեք ձեր երբեմնի սիրելի վարդապետին) ։

Մի՞թե ավտովթարի էի ենթարկվել կնոջ ընկերակցությամբ գիշերային ժամերին (ո՞ւր էր տանում եպիսկոպոսն այդ կնոջը… երևի խոստովանության) ։

Մի՞թե գիշերային ակումբում ինձ ճանաչողներին ներկայացել եմ որպես հայր Հովհաննեսի երկվորյակ եղբայր (հիմա մտածում եմ՝ ինքը ծայրագույն վարդապետ, իսկ ես` կարգալույծ հոգևորական) ։

Ախր ո՞ր մեկն ասեմ… ինչևէ՝ անցնենք առաջ։

Նկատի ունենալով ուռուցքի բարդացած վիճակը` հայ բժիշկների հորդորով ու խորհրդով մորս տեղափոխեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որտեղ բնակվում էր եղբայրս։ 2016 թվականի մարտից մինչև 2017 թվականի փետրվար ամիսները մայրս (իր հետ նաև ես) անցկացրեց Homburg Uniklinik, Evangelisches krankenhaus Zweibrucken, Shg klinik Merzig ու էլի մի շարք հիվանդանոցներում։

Վեհափա՛ռդ շատերի, բայց ոչ իմ…

Այդ մեկ տարվա ընթացքում միայն Նարեկ եմ կարդացել և երբևէ ավելի շատ հոգևորական չեմ եղել (եթե չափման միավոր կա), քան հիվանդանոցային ու մղձավանջային այդ տարին։ Գիտեմ, որ Դուք հրաշքների չեք հավատում, բայց թույլ տվեք պատմել հոգևոր փորձառությունիցս մեկ դեպք։ Գլխուղեղի ուռուցքի վիրահատությունից հետո մայրս վաթսունյոթ օր անգիտակից վիճակի մեջ հայտնվեց, և Evangelisches հիվանդանոցի բժիշկներն ինձ խնդրեցին, որպեսզի իմ համաձայնությամբ անջատեն կենսաբանական կյանքն ապահովող բժշկական սարքավորումները։ Անշուշտ, հրաժարվեցի… (սարսափելի է, թեկուզ արհեստական շնչառությամբ ապրող մորդ կյանքն ընդհատելու համաձայնություն տալը, որքան էլ այն տեղավորվի բժշկական տրամաբանության մեջ) ։ Բջջային հաղորդագրություն ուղարկեցի հոգևոր եղբայրներիս ու խնդրեցի աղոթել մորս կյանքի համար։ Ես բռնեցի մորս ձեռքն ու Աստծուն աղոթեցի հետևյալ ոչ գրքային խոսքերով. «Աստվա՛ծ իմ, ների՛ր մորս այն ամենի համար, որ չպետք է աներ, բայց արել է… Աստվա՛ծ իմ, ների՛ր մորս այն ամենի համար, որ պետք է աներ, բայց չի արել...» ։ Եվ ծնողիս արձակեցի մեղքերից՝ ինձ տրված Քրիստոսավանդ իշխանությամբ։

Առավոտյան մայրս գիտակցության եկավ, թոքերի ինֆեկցիան նահանջեց և արյան անալիզի պատասխանը զարմացրեց բժշկին։ Իմ անսահման երախտագիտությունն եմ հայտնում եվրոպացի բժիշկներին իրենց պրոֆեսիոնալիզմի և մարդկային վեհ հատկանիշների համար։ Ես շատ քիչ եմ ծնկի եկել…, բայց ես ծնկեցի և համբուրեցի մորս բուժող գերմանուհի բժշկուհու աջը. դա միակ ձևն էր, որ կարող էի շնորհակալություն հայտնել։ Երախտապարտ եմ ցկյանս... Դա էլ է հրաշք։

Վերոհիշյալ հրաշապատումը ձեզ համար չէր, Վեհափա՛ռդ շատերի, թեև մտացածին Ձեզ եմ ներկայացնում։ Անշուշտ, չեմ ակնկալում, որ Դուք ի վիճակի եք հասկանալու անձի որդիական պարտականությունները և աղոթքի զորությունը (դա էլ հո հինգ կիլոգրամանոց ոսկե գավազան չէ` զարդարված թանկարժեք քարերով) ։

Հիշում եք 2015 թվականին Ձեր առանձնասենյակում մեր միջև տեղի ունեցած խոսակցությունը։ Ես Ձեզ բառացի ասացի, որ չի կարելի մարդու մեջ սպանել Քրիստոսին, չի կարելի անձին դատապարտել ռոբոտացման։ Մինչ այդ ես Ձեզ դիմել էի նամակով, որի մեջ հայտնել էի դժգոհությունս Վեհափառիդ (նամակն իմ արխիվում է Ձեր մակագրությամբ), որում խնդրել էի նշանակել ինձ ցանկացած տեղ հոգևոր հովիվ։

Իհարկե, այն դիտվել էր անհնազանդություն Վեհափառիդ, որի արդյունքում Դուք ինձ գրեթե չորս ամիս քարշ տվեցիք Ձեր գրասենյակի դռան մոտ ու չընդունեցիք։ Ինձ «բախտ» վիճակվեց հանդիպել ձեզ 2015 թվականի սեպտեմբեր ամսին և ինձ ապշեցրին Ձեր խոսքերը։ Մեր բանավեճի բովանդակությունն անձի ռոբոտացման վերաբերյալ էր։ Դուք ինձ ասացիք, որ «դու խոսում ես մի մարդու հետ, ով հասկացողություն չունի» ։ Մինչ օրս Ձեր խոսքերը զարմացնում են ինձ և հարց է ծագում, թե ինչպե՛ս եք բազմել Լուսավորչի գահին՝ հասկացողություն չունենալով։ Արդյոք ձեր խոսքերից կարո՞ղ եմ եզրակացնել, որ Դուք բազմել եք գահին՝ առանց հասկանալու։

«Եթե ես անեմ այնպես, ինչպես դու ես ասում, իմ դռան մոտ հերթեր կգոյանան. զզվում եմ միաբաններից», - ձեր խոսքերն են, Վեհափա՛ռդ շատերի։ Եթե Ձեր վկաները նույնիսկ շարունակեն պաշտել ձեզ (վկան վկա է, Դուք չլինեք, մեկ ուրիշին կպաշտեն), Դուք լավ գիտեք, որ ես ճիշտ եմ ասում։ Տարիներ շարունակ ես մտածում էի, որ Դուք գոնե արժևորում եք միաբանների ծառայությունը (Դուք լավ դերասան եք), որի գլուխն եք համարվում։ Ինձ զարմացրեց, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը զզվում է Էջմիածնի միաբաններից, անշուշտ, նաև ինձանից։

«Ոչ մի հարց քո ուզելով չի լուծվելու, դժգոհ ես ինձանից, գնա՛ նստիր հորդ տունը (հիշում եմ Ձեր դիվային ժպիտը)», - Ձեր խոսքերն են, Վեհափա՛ռդ շատերի։ Ես միայն այդժամ հասկացա, որ Մայրավանքն իմ տունը չէ, այլ օբյեկտ է, որտեղ ես աշխատող եմ (ոչ հոգևորական), իսկ Դուք՝ մենեջեր (ոչ կաթողիկոս) ։ Երկար-բարակ չպատմելու համար տեղի ունեցած տհաճ խոսակցությունն ու Ձեր դիվային աչքերի փայլը («Վեհափառին աչքերը»), միայն ասեմ, որ ես վերադարձա հորս տուն, ուր ինձ ուրախությամբ ընդունեց մայրս։

Վեհափա՛ռդ շատերի,

«Գնա՛ նստիր հորդ տունը» ծաղրական նախադասությունը ինչո՞ւ չեք ասում այն հոգևորականներին, ովքեր էլիտար շենքերում բնակարաններ ունեն (նմանը նմանին է գտնում) ։ Այդ նույն նախադասությունը ինչո՞ւ չասացիք այն եպիսկոպոսին, ում ավազ գողանալու համար ժամանակին պատժում էիք (հիմա հասկանում եմ՝ գողը Ձեզ երբեք չի քննադատի, այլ միշտ կքծնի) ։ Շնորհակալ եմ Աստծուն, որ այդ նախադասությունն ինձ ասացիք։ Ես երբեք Ձեզ նման չեմ լափել կերակրատաշտակից, չեմ գողացել և չեմ վաճառվել (քավ լիցի, ես սուրբ չեմ, ո՞վ եմ ես... մի մահկանացու) ։

Հիմա առավել, քան երբևէ, հասկանում եմ, թե ինչո՛ւ եք տոնից տոն շփվում ժողովրդի ու միաբանների հետ, որպեսզի չզգան Ձեր զզվանքը՝ հանդեպ իրենց։ Դո՛ւք եք ինձ ասել, որ հասկացողություն չունեք, այդ իսկ պատճառով Ձեզ չեմ մեղադրում և Ձեզանից չեմ նեղանում (ես առհասարակ նեղացկոտ չեմ), բայց չեմ հասկանում Դիվանատան ծառայողներին կամ դիվանապետին։ Մինչ կարգալուծության Ձեր «հրամանը» զանգել եմ Դիվանատուն՝ իրավիճակը բացատրելու համար, բայց դիվանապետը ո՛չ խոսեց և ո՛չ էլ հետ զանգեց (մի՞թե Ձեզանից ոչ մեկին չէր հետաքրքրում Մայր Աթոռի միաբանի վիճակը) ։ Անշուշտ, դրանից հետո նորից զանգեցի և տվյալներ փոխանցեցի (հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե), բայց որևէ արձագանք չեղավ։

Դուք կայացրել էիք ձեր որոշումը` կարգալուծություն, առանց որևէ գրավոր կամ բանավոր ծանուցման։ Գիտե՞ք, Վեհափա՛ռդ շատերի, աշխարհիկ կյանքում հաճախ են հարցնում, թե քեզ ինչի համար են կարգալույծ արել, և իմ փոխարեն պատասխանում են՝ մի՞թե ծնողիդ կյանքը փրկելու համար։ Այո՛, Դուք այդ հարցին պատասխանել եք Ձեր կարգալուծության հրամանով։ Վստահ եղեք՝ դա Ձեր խայտառակ կենսագրության խայտառակ մեկ դրվագն է։ Իհարկե, կասկած չունեմ անգամ, որ կարգալուծությունը Վեհափառիդ քինախնդրության արդյունքն է։

Վերջերս Եվրոպայում գործող Հայ եկեղեցու ատենապետներից մեկը հարցրել էր դիվանապետին, թե կարելի՞ է հոգևորականին կարգալույծ անել վերոհիշյալ պատճառով։ Պատասխանել էր, թե՝ Վեհափառն է արել։ Չեմ կասկածում... Ես չեմ ուզում խոսել կարգալուծությունից առաջ և հետո եղած դեպքերի մասին…, դրա մասին առանձին նկարահանում կլինի։

Վեհափա՛ռդ շատերի,

Թավշյա հեղափոխության ազատագրող ոգին մոտեցրել է Ձեր ստեղծած հոգեսպան բարքերի անփառունակ մայրամուտը (չկասկածեք) ։ Մի մայրամուտ, որ պիտի պատճառ դառնա նոր արևածագի, նոր հույսերի ու Քրիստոսով նորոգված Հայ եկեղեցու։ Դուք իմ կյանքը բաժանել եք երկու փուլի` կարգալուծությունից առաջ և կարգալուծությունից հետո։ Ես Ձեզ մերժել եմ կարգալուծությունից առաջ և մերժում եմ կարգալուծությունից հետո։

Ես միանում եմ «Մերժի՛ր Սերժի Գարեգինին» շարժմանը…։


    

Վարդգես Սահակյան

(նախկին միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` Հովհաննես աբղ. Սահակյան)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
11331 | 0 | 0
Facebook