Տարոն Մարգարյան. «Բնակիչների հետ ամենօրյա կապի ապահովումն ու ամրապնդումը մշտապես դիտարկեք որպես առաջնահերթություն»
Երևանի վարչական շրջանների ղեկավարները շարունակում են Երևանի քաղաքապետին զեկուցել 2017թ. կատարված աշխատանքների և 2018թ. ծրագրերի մասին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին այսօր ներկայացվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախորդ տարվա հաշվետվությունն ու 2018թ. անելիքները: Ըստ ոլորտների անդրադառնալով նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքներին՝ վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանն առանձնացրել է բնակելի ֆոնդի պահպանման, սոցիալական աջակցության, համայնքային ենթակայության կառույցների նորոգման, բակերի ու այգիների բարեկարգման, կանաչապատման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքները: Համայնքային բյուջեով 2017թ. ծրագրով իրականացված աշխատանքներից բացի, Արտակ Ալեքսանյանն առանձնացրել է նաև մի շարք ծրագրեր, որոնք կյանքի են կոչվել համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակում՝ ընդգրկելով առողջապահական, սոցիալական ու մի շարք այլ ոլորտներ: Ըստ այդմ, վարչական շրջանում շահագործման են հանձնվել հանգստի ու ժամանցի մի շարք կենտրոններ, որոնք նոր շունչ են հաղորդել վարչական շրջանի առօրյային: Զեկուցվել է, որ արդյունավետ համագործակցություն է ծավալվել նաև Արցախի շրջանների, ՀՀ մարզերի ու արտերկրի գործընկեր քաղաքների հետ: Ներկայացնելով 2018թ. ծրագրերը՝ Արտակ Ալեքսանյանը նշել է, որ այս տարի ևս կարվի հնարավորը՝ նախանշված բոլոր աշխատանքներն ամբողջությամբ կյանքի կոչելու և մասնավորի հետ համագործակցության շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ: «Պարոն քաղաքապետ, մեզ իսկապես հաջողվել է ակտիվ համագործակցություն ծավալել մասնավոր հատվածի հետ, ինչի շրջանակում նրանք ևս իրենց կարևոր դերակատարումն են ունենում վարչական շրջանի զարգացման գործում: Այս տարի նույնպես վարչական շրջանում կյանքի կկոչվեն մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք ոչ միայն հարմարավետ պայմաններ կապահովեն մեր բնակիչների համար, այլև իրենց հերթին կնպաստեն Մալաթիա-Սեբաստիայի տնտեսական ակտիվությանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Վստահեցնում եմ, որ աշխատակազմը պատրաստ է հետևողականորեն կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են Երևանի զարգացմանն ու առաջադրված են Ձեր կողմից», - նշել է Արտակ Ալեքսանյանը: |