Երևանի հ. 160 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել ավելի քան 160 սաների առջև
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դմիտրի Մարիյասինի հետ միասին ներկա է գտնվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 160 մանկապարտեզի վերաբացման հանդիսավոր արարողությանը: Հիմնանորոգումից հետո շուրջ 50 տարվա պատմություն ունեցող նախակրթարանը բոլորովին նոր հարմարություններով է իր դռները բացել ավելի քան 160 սաների առջև: Երևանի քաղաքապետարանի և ՄԱԶԾ համատեղ ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում հիմնանորոգված մանկապարտեզում հարմարավետ պայմանների ապահովմանը զուգահեռ կիրառվել են էներգաարդյունավետ լուծումներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է մանկապարտեզում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, երեխաների կրթության և դաստիարակության համար ստեղծված պայմաններին, զրուցել փոքրիկների հետ: Պատասխանատուները նշել են, որ հիմնանորոգումից հետո մանկապարտեզում զգալիորեն կկրճատվեն գազի ու էլեկտրաէներգիայի հետ կապված ծախսերը: Շնորհիվ լիովին արդիականացված ու ջերմամեկուսացված տանիքի, նոր ջեռուցիչների, ինչպես նաև էներգաարդյունավետ լուսավորության համակարգի ներդրման, մանկապարտեզի լուսավորության ու ջեռուցման դիմաց վճարվող գումարները կկրճատվեն շուրջ 50 տոկոսով: Առիթն օգտագործելով` նախակրթարանի տնօրեն Սոնա Շամախյանը Երևանի քաղաքապետին է փոխանցել մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների գոհունակությունն ու աշխատակիցների շնորհակալությունը՝ նախակրթարանների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության և հոգածության համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին մեկ անգամ ևս վստահեցրել է, որ հետևողականորեն կյանքի կոչվող ծրագրերն ունենալու են շարունակություն և հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երևանի բոլոր մանկապարտեզներում: Պատասխանելով լրագրողների հարցերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առանձնակի կարևորելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է համագործակցության համար: Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել բոլոր այն գործընկերներին, ովքեր մեծ սիրով են միացել և միանում քաղաքապետարանի ծրագրերին և իրենց լուման են ներդնում Երևանն ավելի բարեկարգ, գեղեցիկ և հարմարավետ դարձնելու գործում: |