Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պետերբուրգի Հայկական եկեղեցում Լև Տոլստոյի հոգեհանգստի պատարագ է տրվել, որին մասնակցելէ 200 հայ՝ հիմնականում ուսանողներ

12:28, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
Պետերբուրգի Հայկական եկեղեցում Լև Տոլստոյի հոգեհանգստի պատարագ է տրվել, որին մասնակցելէ 200 հայ՝ հիմնականում ուսանողներ

Դա տեղի է ունեցել 1910 թվականի նոյեմբերի 9-ին՝ Յասնայա Պոլյանայում, ռուսական ուղղափառ եկեղեցուց հիասթափությամբ հեռացած ու այդ նույն եկեղեցուց վտարված մեծ գրողի թաղման նախօրեին:

Ահա թե ինչ է հաղորդել այդ օրվա իրադարձությունների մասին Պետերբուրգի պահնորդական բաժանմունքի պետ, գնդապետ ֆոն Կոտենը Ռուսական կայսրության ներքին գործերի նախարարին:


     «Որպես լրացում նոյեմբերի 8-ի թիվ, թիվ 15582 և 15602 հաղորդումների՝ ձերդ բարձր գերազանցությանը զեկուցում եմ ինձ վստահված բաժանմունքից ստացված տեղեկությունները մահացած Լ. Ն. Տոլստոյի հուղարկավորության օրվա առթիվ մայրաքաղաքի ուսումնական հաստատություններում այս տարվա նոյեմբերի 9-ին տեղի ունեցած ուսանողական հուզումների մասին:

Ցերեկվա ժամը 12-ին Հայկական եկեղեցում հանգուցյալ Լ. Ն. Տոլստոյի հոգեհանգստի պատարագ տրվեց, որին ներկա էր շուրջ 200 աղոթող՝ հիմնականում հայեր ու սովորող երիտասարդության աննշան մասը: Հոգեհանգստի արարողության ավարտից հետո աղոթողները ցրվեցին, բայց մի քանի րոպե անց եկեղեցի սկսեցին գալ ուսանողներ՝ հիմնականում համալսարանականներ ու կուրսանտուհիներ: Պարզվեց, որ համալսարանի ու Կանանց բարձրագույն դասընթացների շենքերի մուտքերի դռներին փակցվել են հայտարարություններ այն մասին, որ Լ. Ն. Տոլստոյի հոգեհանգիստը տեղի է ունենալու նոյեմբերի 9-ի կեսօրին, վերոհիշյալ եկեղեցում: Հայ հոգևորականությունը երկրորդ անգամ հոգեհանգիստ կատարեց, որի ավարտին եկեղեցում այլևս բոլոր աղոթողների համար տեղ չէր մնացել, և դրանց զգալի մասը Հայկական եկեղեցու առմուտքում ու բակում էր: Հոգեհանգստի ավարտից հետո եկեղեցու առմուտքում ու բակում գտնվողները «Հավերժ հիշատակ» երգեցին, որից հետո ամբողջ ամբոխն սկսեց դուրս գալ Նևայի պողոտա՝ Նևայի պողոտայում քայլերթ կատաևելու մտադրությամբ: Այնտեղ գտնվող ոստիկանական պահակախումբը որոշ ժամանակ զսպեց մոտ 600-700 մարդուց բաղկացած ամբոխին, բայց վերջ ի վերջո ամբոխը ճեղքեց շղթան և «Հավերժ հիշատակ» երգելով փորձեց երթ իրականացնել դեպի Ծովակալություն, բայց ժամանակին հասած ժանդարմների դասակը նրանց անմիջապես ցրեց:

Նկատի առնելով, որ նոյեմբերի 9-ի առավոտյան տեղեկություն էր ստացվել, որ սովորող երիտասարդությունն այդ օրը, ցերեկվա ժամը 4-ին, մտադրություն ուներ հավաք կազմակերպել Կազանսկի տաճարի մոտ, միջոցներ ձեռնարկվեցին, որպեսզի այդ հավաքը տեղի չունենա, որի համար ժանդարմների ու հեծյալ ոստիկանության ուժեղացված պարեկախմբեր ուղարկվեցին:

Նկատելով ոստիկանական ուժեղացված խմբերը՝ ամբոխի առաջնորդները որոշեցին մարտավարությունը փոխել ու ցույց կազմակերպել Վասիլևյան կղզում՝ համալսարանական ճաշարանի մոտ, որի համար ուսանող երիտասարադության ամբողջ ամբոխը առանձին խմբերով, Վասիլևյան կամրջով սկսեց շարժվել դեպի Վասիլևյան կղզի: Այս մանյովրը նկատվեց, ու ոստիկանության՝ ճիշտ ժամանակին ձեռնարկած համապատասխան միջոցների շնորհիվ ոչ միայն վերը նշված ճաշարանի մոտ, այլև Վասիլևյան կղզու այլ վայրերում ցույցը թույլ չտրվեց:

Բորբոքված ամբոխը երկար ժամանակ չէր հանդարտվում և, հավաքվելով մի ինչ-որ նկատելի տեղում, սկսեց ցուցադրաբար «Հավերժ փառք» -ը երգել: Այսպես, ամենատարբեր տարրերից բաղկացած ոչ մեծ ամբոխը, որը գլխավորում էին ուսանող երիտասարդները, 4: 50-ին հավաքվելով Տոչկովյան գետափին ու Միջին պողոտայում, շարժվեցին դեպի Մեծ պողոտա, որտեղ էլ ոստիկանական պահակախումբը նրանց ցրեց: Այդ ամբոխի մի մասը, մոտավորապես 50 մարդ, փորձեց մոտենալ Լեռնային ինստիտուտին, բայց ոստիկանությունը թույլ չտվեց ու նրանց արագ ցրեց:

Հոդվածի գլխադիր նկարում՝ Լ. Տոլստոյը կնոջ ու երեխաների հետ:

Տոլստոյի գերեզմանը Յասնայա Պոլյանայում:
Տոլստոյի գերեզմանը Յասնայա Պոլյանայում:
Մաքսիմ Գորկու հետ:
Մաքսիմ Գորկու հետ:
Անտոն Չեխովի հետ:
Անտոն Չեխովի հետ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8222 | 0 | 0
Facebook