Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
11:54, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ


    
     0000
    
     ․․․Ուրեմն, երեք ծառ կար, ակացիայի երեք ծառ (հիմա էլ կան այդ երեք ծառերը: Քաղաքը ու նրա հետ Նոր Արաբկիրը տակնուվրա է եղել, հնից համարյա ոչինչ չի մնացել, բայց զարմանալի մի հրաշքով, որպես իրական լեգենդ, այդ երեք ծառերը կան):
     Այսպես, ուրեմն, երեք ծառ կար, իսկ այդ ծառերի հետեւում՝ մի փոքրիկ տուն, այդ տան մեջ` մի աղջիկ, որ մեծ մասամբ սպիտակ շոր էր հագնում եւ շագանակագույն ու առատ մազեր ուներ: Մոռացա, ինչպե՜ս մոռացա այտի խալի մասին...
     Ո՛չ, արեւելյան բանաստեղծի երգած երեւակայական խալը չէ դա, այլ իրական, շոշափելի խալ:
     Հինգ թե վեցերորդ դասարանից սիրահարված էի:
     Չգիտեի անգամ, որ սիրահարված էի, բայց զգում էի՝ նրանց դռնից, այդ երեք ակացիաների մոտից անցնելիս շունչս կտրվում էր, ծնկներս ծալվում էին... Հետո, շատ հետո, Ռաբինդրանաթ Թագոր կարդալուց հետո հասկացա, որ ծնկներս սրտիս ծանրության տակ էին ծալվում...
     Սիրուս մասին նրան ոչինչ չասած (կհամարձակվեի՞) ՝ գնացի բանակ, եւ ամռան մի բարի օր, երբ վիրավորվելուց հետո վերադարձա բանակից, այդ աղջիկը ընկերուհու հետ, որ մեր հարեւանուհին էր, եկավ, հասկանում եք, եկավ մեր տուն... Առավել էր գեղեցկացել` բարալիկ, սլացիկ, մազերի առատ շագանակագույնը նուրբ ուսերին թափած...

Մայրս իմ գալն էր հրաշք համարում, ես` այդ աղջկա...
     Ընկերուհին ինչ-որ պատրվակով դուրս գնաց, սենյակում մնացինք ես ու ինքը:
     Ես, առանց խոսք իսկ ասելու, բանակից եկածի համարձակությամբ մոտեցա, գրկեցի ու համբուրեցի այտը, այտի խալը...
     Բայց... Բայց այստեղ մի սարսափելի բան պատահեց:
     Բանն այն էր, որ վերադարձին, վագոնների ոտնատեղերից անվերջ կախվելուց, վագոնների տանիքներին հողմահարվելուց մի շատ հորդառատ հարբուխ էի ընկել: Փոխանակ նախ թաշկինակս հանելու, քիթս մաքրելու եւ այնպես մոտենալու ու համբուրելու «հրաշք աղջկան», «երազներիս թագուհուն», այդպես թաց քթով հպվեցի նրա այնքան բաղձալի ու այնքան քնքուշ այտին եւ մի պատկառելի թացություն թողեցի այնտեղ... Նա, իհարկե, նրբանկատորեն նախ չնկատելու տվեց, բայց հետո թաշկինակը հանեց ու աննկատելիորեն մաքրեց իմ քնքուշ համբույրի թողած լպրծուն հետքը... Ամոթ էր, շատ էր ամոթ... Գետինը չէր պատռվում՝ մտնեի մեջը:
     / շարունակելի/

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ «ԱՆԽՈՐԱԳԻՐ» վիպակ-էսսեից հատված

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2936 | 0 | 0
Facebook