Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ _ ՀԱԿՈԲ ՄՆՁՈՒՐԻ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
05:57, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ _ ՀԱԿՈԲ ՄՆՁՈՒՐԻ
    

    
    
     ____
Հակոբ Մնձուրի - Հրանտ Մաթեվոսյան եւ Հակոբ Մնձուրի

     Հայ արձակի երկու մեծ վարպետների` Հակոբ Մնձուրու եւ Հրանտ Մաթեւոսյանի բացառիկ հոգեկցությունը հաստատենք նախ վկայություններով:
     Ահա մի երկխոսություն Վահագն Դավթյան-Հրանտ Մաթեւոսյան զրույցից, որ տպագրվել է «Գրական թերթում» 1976 թ. եւ Հակոբ Մնձուրու մասին է: Վահագն Դավթյանը ասում է. «Ինձ համար շատ հաճելի է Մնձուրու մասին զրուցել հատկապես քեզ հետ, քանի որ առաջին անգամ հենց դու էիր, դա կարծեմ 62 թվին էր, որ ուշադրություն հրավիրեցիր նրա մի պատմվածքի վրա: Այնուհետեւ նա մեզ համար, ինչպես ասում են, փնտրված հեղինակ դարձավ: Իսկ երբ մեր ձեռքն ընկավ նրա «Արմտան» ժողովածուն, արվեստի մի կատարյալ տոն եղավ երկուսիս համար...»:
     Այս վկայության մեջ ուզում եմ ընդգծել` «Մնձուրու մասին զրուցել հատկապես քեզ հետ», «առաջին անգամ 62 թվին» եւ «կատարյալ տոն եղավ երկուսիս համար» արտահայտությունները, եւ ասել` Դավթյանը նկատի ուներ Մաթեւոսյանի «հատկապես» Մնձուրու հետ հոգեհարազատությունը, եւ Մաթեւոսյանը համամիտ է ու չի հարցնում, թե ինչո՞ւ «հատկապես», այլ սիրով շարունակում է զրույցը, ապա` Մնձուրու գրքի ընթերցումը «արվեստի կատարյալ» տոն է եղել նաեւ Մաթեւոսյանի համար: Իսկ «առաջին անգամ 1962 թիվը» այն ժամանակն էր, երբ Դավթյանը «Գրական թերթի» խմբագիրն էր, Մաթեւոսյանը` սրբագրիչը: Մաթեւոսյանը Մնձուրուց մի քանի պատմվածք էր «գտել» եւ ցույց էր տվել Դավթյանին:
     Որպես լրացում այս տեղեկության` հիշենք մի ուրիշ վկայություն, որ 1999 թվակիր է. Հովիկ Վարդումյանի` Մաթեւոսյանի հետ զրույցների շարքից: Վարդումյանի` «Ովքե՞ր են եղել Ձեր գրական ուսուցիչները» հարցին Մաթեւոսյանը պատասխանում է. «Առաջինը Չեխովն է` Ստեփան Զորյանի վրա իր ազդեցությամբ»: Հետո բացատրում է. Զորյանը «բերում էր Լոռվա բնապատկեր, բարբառի երանգ..., մի եզրով հարում է Թումանյանի աշխարհին, ինչը իմ հայրենիքն է: Այդքանով, թերեւս, Ստ. Զորյանը»: Ապա շարունակում է. «Տարիներ առաջ էր: Ես Մնձուրի էի հայտնագործել եւ ուզում էի ամեն կերպ քարոզել, որ իմանան. Մնձուրին շատ ուշացումով մտավ մեր գրականություն: Պատահական երկու պատմվածք էի գտել եւ սիրտս պայթում էր, որ ահա այդ մարդը մեզանում չկա»: «Սովետական գրականություն» ամսագրին առաջարկեցի»:
     Մտնում է Կուրտիկյանի առանձնասենյակը: «Զորյանը Կուրտիկյանի կողքին նստած էր: Ասացի` Մնձուրի անունով հեղինակ կա: Տարբեր տեղերից երեք պատմվածք եմ ջոկել: Արժե, որ մեզանում հրապարակենք ու ծանոթանանք, ճանաչենք: Տեսա այդ մարդու, չեմ ասի քար անտարբերությունը: Անզոր աջ նայեցի` Զորյանին: Նա զգաց, որ իրենից օգնություն եմ հայցում եւ իր ծանր խոսքն ասաց. «Մնձուրին մեր լավագույն գյուղագիրն է»:
     Ապա Մաթեւոսյանը հիշատակում է իր առաջին ուսուցիչներին` Մահարի, Բակունց, Զորյան: Մնձուրու «հայտնագործումը» 62-ից էր. ասել է` նա առաջիններից չէր, բայց այստեղ նրա մասին է խոսում նախ:
     Այս վկայության մեջ ուզում եմ ընդգծել` «Մնձուրի էի հայտնագործել եւ ուզում էի ամեն կերպ քարոզել, որ իմանան» եւ «սիրտս պայթում էր, որ ահա այդ մարդը մեզանում չկա» մտքերը: Եվ առաջին քայլերը` առաջարկ Վ. Դավթյանին, Ստ. Կուրտիկյանին:
     Մնձուրին մի առիթով ասել է, թե ընդհանրապես եւ հատկապես ո՛ր հեղինակներն են իրեն հոգեհարազատ, «ախորժելի» . «Ես այն գրողներեն կ, ախորժիմ, որոնք արյունս կը բռնեն: Անոնցմե, որոնց ըսածներուն ես կ’սպասեի արդեն: Որեւէ երկ կարբեցնե զիս երբ իմ ուզած ալկոհոլես իր մեջ ունի»: Այս միտքը Մնձուրին ասես թե կրկնել է շատ տարիներ հետո, բայց այս անգամ որոշակի հասցեով: Կրկին վերադառնանք Դավթյան-Մաթեւոսյան զրույցին:
     Վահագն Դավթյան.- Օրերս հանդիպեցի արձակագիր Գեղամ Սեւանին, որ Հակոբ Մնձուրուց նամակ էր ստացել: Մնձուրին հարցրել է. «Կճանչնա՞ս Հրանդ Մաթեոսյանը: Իմ ալկոհոլես ունի» . Ինձ էլ է թվում, որ դա այդպես է, բայց չէի՞ր ասի արդյոք, թե ինչ չափով ես քեզ հոգեհարազատ զգում Մնձուրուն:
     Մաթեւոսյան.- Իմ հիացմունքն անշուշտ նաեւ հոգեհարազատությունից է գալիս, նրա Ցորնիկին Գիրգորը մեր գյուղացի Քրամանց Մացակն է, «Սիլան» ինքը եթե գրած չլիներ` եթե կարողանայի ես էի գրելու, կենդանի բարի գոյության կարոտն ինձ ահա-ահա կանգնեցնում էր նման մի կերպարի ու սյուժեի վրա, բայց Մնձուրու մեծության ընկալումն արդեն անձնականության ու հոգեհարազատության հետ գործ չունի. Մնձուրին մեծ է, որովհետեւ մեծ է, բնության ու մարդու մասին մի անսպառ հանրագիտարան է Մնձուրին: Եթե Մնձուրին է ասել, ուրեմն ասված է: Մնձուրու գոյությամբ ես ինձ հարուստ եմ զգում, եւ փառք աստծու, որ նա եղավ»:
     Այս վկայության մեջ կարեւոր են մի քանի հաստատումներ. 1. Մնձուրու հաստատումը, թե «որեւէ երկ կ, արբեցնե» իրեն, եթե այն իր «ալկոհոլեն» ունի, որ «արյունն է բռնում», եւ որ Մաթեւոսյանը «Իմ ալկոհոլես ունի»: 2. Դավթյանն էլ է այդպես համոզված, միայն ուզում է իմանալ, թե ի՞նչ չափով է Մաթեւոսյանը իրեն հոգեհարազատ զգում Մնձուրուն: 3. Մաթեւոսյանը հաստատում է այդ հոգեհարազատությունը, իր եւ նրա հերոսների կապը, նրա նկատմամբ իր հիացմունքը, նրանով իրեն հարուստ զգալը եւ վերջապես, անկախ հոգեհարազատությունից նրա բացարձակ մեծությունը` «Մնձուրին մեծ է, որովհետեւ մեծ է»:
     Այս զրույցից հինգ տարի առաջ` 1971-ին, «Գարուն» ամսագրում Մաթեւոսյանը տպագրել էր «Հակոբ Մնձուրու աշխարհը» հոդվածը. առիթը Մնձուրու 85-ամյակն էր, բայց տեւական հիացումի մղումով: Ինքը մտել է Մնձուրու պատմվածքներից կենդանացող աշխարհը եւ համոզված հավաստիացնում է, թե այդ «պատմությունների միջավայր մթնոլորտը ներծծվում է քեզ եւ, որպես հարավային երկրի արեւայրուք, քեզ հետ ապրում է, քո մեջ ապրում է երկար, շատ երկար, գուցե հավիտյան: Մնձուրու նկարագրած երկիրը պարզապես անմոռանալի է»: «Մնձուրու ստեղծագործությունը բովանդակում է կնոջ, աղի, արտի, առվի եւ այդպիսով որպես հավելում հայ ընթերցողներիս համար՝ մեր կորած հին երկրի պաշտամունք»: Իր աշխարհի նրա պատմություններով «թիզ առ թիզ, բույր առ բույր, շշուկ առ շշուկ ներծծվում է քեզ մեր հին բարի երկիրը, որին եթե չսիրենք, որը եթե հայացքներս դեպի քաղաք թե տիեզերք` արհամարհենք` կարող ենք կորցնել վերջնականապես: Հակոբ Մնձուրին ստիպում է սիրել: Մի մեծ բնապաշտություն, որը ժամանակի հետ ավելի կխորանա ու իրական ծանրակշիռ արժեք կտա գրողի դաշտանկարներին»:
     Այս խոսքերը մենք կարող ենք, առանց բառ իսկ փոխելու, կրկնել Մաթեւոսյանի ստեծագործությունը բնութագրելիս, եւ բոլորովին էլ կարեւոր չեն պատկերված ժամանակների ու վայրերի զանազանությունները՝ (1915-ից առաջվա Արմտանն է, թե 1940-50-ականների Ահնիձորը. նրանց պատկերած աշխարհը «թիզ առ թիզ, բույր առ բույր, շշուկ առ շշուկ ներծծվում է» մեզ, նրանք «ստիպում են սիրել... մեր հին բարի երկիրը»: Նաեւ Մաթեւոսյանի տագնապն էր` «հայացքներս դեպի քաղաք»` կկորցնենք այն վերջնականապես: Հիշենք «Մենք ենք մեր սարերը» վիպակի ավարտը. «Այդ բանտարկությունից կամ չբանտարկությունից հետո Պավլեն էր դեպի վատը փոխվում: Մի օր հաշիվները փակեց ոչխարների հետ, ընտանիքն առավ, գնաց քաղաք...»: Իսկ Զավենի կինը ամուսնու «վիզն անընդհատ ծռում է դեպի քաղաք. «Պավլեն որ էնտեղ ապրում է, մենք չե՞նք ապրի, շարժվիր, ես մի գործարանում հավաքարա՜ր կաշխատեմ: Իշխո՛ն, Իշխո՛ն... Իշխոն էլ է աչքը գցել քաղաքին»:
     Մնձուրու մասին Մաթեւոսյանի այս հոդվածը նույնպես վկայություն է նրանց հոգեհարազատության: Նրա մասին խոսելով` ասես ինքն իր մասին է խոսում: Այս հոդվածի ծնունդն իսկ ինքնին մի կարեւոր վկայություն է: Ընդհանրապես ե՞րբ է գրողը գրում գրողի մասին: Գրողը քննադատ չէ, որը պարտավոր է գրել գրողների մասին: Գրողը գրողի մասին խոսում է ընտրողաբար. նրանց մասին, ովքեր հոգեհարազատ են իրեն: Եվ դա ոչ միայն սիրո ու հիացմունքի թելադրանքով է լինում, այլեւ հոգեկան կապի, ինչ-որ տեղ էլ իրեն բացելու, իրեն հաստատելու մղումով: Մասնավորեմ. Հրանտ Մաթեւոսյանը հոդվածներ է գրել նրանց մասին, ովքեր, Մնձուրու բառերով, իր «ալկոհոլեն ունին» (Թումանյան, Զորյան, Բակունց, Չարենց, Մահարի, Մնձուրի, Սարոյան, Սահյան: Գրողների մասին Մաթեւոսյանը խոսք կամ հոդված է գրել առավելապես 80-ական թվականներից: 1960-ականներին «Գրական թերթում» ընդամենը երեք կարճ խոսք է գրել` Զորյանի մահվան` (1967 թ., Բակունցի ծննդյան տարեդարձի՝ (1969, իսկ 1970-ին` Գ. Մահարու մահվան առիթներով. (վերջինը տպագրվել է ուշ` 1995 թ.: Այն երեք սիրելի գրողների մասին, որոնց անունները Մաթեւոսյանը տվել է ի պատասխան Հովիկ Վարդումյանի հարցի` «Ովքե՞ր են եղել Ձեր գրական ուսուցիչները»:
     Արդեն հիշել ենք, որ այդ հարցի պատասխանի մեջ, Զորյանի առիթով, անդրադառնում է իր «հայտնագործությանը»` Հակոբ Մնձուրուն: Եվ ահա 1971 թ. «Գարունում» լույս է տեսնում նրա արդեն ոչ թե խոսքը, այլ հոդվածը Մնձուրու մասին: Առանձին գրողի մասին սա Մաթեւոսյանի առաջին հոդվածն է: 70-ականներին եւս երկու խոսք ունի Համո Սահյանի եւ Ա. Սահինյանի հոբելյանների առիթով եւ ապա (1976-ին) կրկին Մնձուրու մասին (հիշատակված զրույցը Վ. Դավթյանի հետ:
     Հետագա տասնամյակներում անդրադարձը Մնձուրուն հաճախադեպ է: 1980 թվականին «Վոպրոսի լիտերատուրի» -ում լույս է տեսնում Ալլա Մարչենկոյի` «Լեզվի պոեզիան» խորագրով ընդարձակ հարցազրույցը Մաթեւոսյանի հետ: Եվ ահա առաջին հարցը. «Հրանտ Իգնատովիչ: Ուզում եմ խախտել ընդունված կարգը ու Ձեզ միանգամից տալ այն հարցը, որով սովորաբար ավարտում են խոսակցությունը: Հիմա ինչի՞ վրա եք աշխատում»: Պատասխան. «Վերընթերցում եմ արեւմտահայ արձակագիր Հակոբ Մնձուրու մասին իմ հոդվածը»:
     Տեսե՛ք, Մաթեւոսյանը ինչքան է կարեւորում իր այդ հոդվածը, որ նրա վերընթերցումը համարում է «աշխատանք»` «ինչի՞ վրա եք աշխատում» հարցին ի պատասխան: Նշանակում է` մտորում է, որ հոդվածը խորացման, լրացման կարիք ունի, նշանակում է` նա մտքով Մնձուրու աշխարհում է, հոգեկապի նոր երանգներ է ուզում բացել, կամենում է հստակեցնել Մնձուրու գործից թելադրվող խորհուրդները: Որ Մնձուրին մեծ է, Մաթեւոսյանի համար քննարկման հարց չէ, այլ` «Մնձուրին մեծ է, որովհետեւ մեծ է»: Եվ հիմա այդ նույնի հաստատումը` լրացուցիչ մեկնաբանությամբ. «Մնձուրու ստեղծագործությունը, որ ինքնին հիանալի է, իմ ուշադրությունը գրավել է նաեւ այն պատճառով, որ հարուստ նյութ է տալիս մտածելու հայ գրականության ճանապարհների ու ճակատագրի, իսկական ու կեղծ նորարարության մասին: Մնձուրուն ես տեսնում եմ հին հայկական գյուղի նոր ժամանակներում մոլորված դեսպանորդ»:
     Այս բնութագրությունը, իր իսկ բառերով, կարող ենք վերագրել իրեն` Մաթեւոսյանին. իր մանկության «գյուղի նոր ժամանակներում մոլորված դեսպանորդ», իսկ նոր ժամանակները ոչ միայն 60-80-ական թվականներն էին, այլեւ, հատկապես, 90-ականները:
     Ահա Մարչենկոն հարցնում է Հրանտի մասին, իսկ Հրանտը ներկայացնում է Մնձուրուն: Ասում է` նա «մեր ժողովրդի արեւմտահայ մասի» «կենսագիրն ու փաստաբանն էր կոչված լինել», մինչդեռ ոմանք նրան իսկական գրող չէին համարում «նրա անխոնջ ազգագրության պատճառով»: «Մինչդեռ այն, ինչ թերություն էր համարվում, առավելություն էր» . («Նա իր երկրամասը նկարագրել է դաշտային պահակի ճշգրտությամբ, ոչ մի անգամ չմոռանալով, թե ինչ էին ուտում, ինչպես էին հագնվում, ինչպես էին ցանում ու ինչ էին հնձում իր հայրենակիցները»: Իր գյուղի մարդկանց «կենսագիրն ու փաստաբանն» է նաեւ Մաթեւոսյանը: Հիշենք Մաթեւոսյանի Ծմակուտ աշխարհի նկատմամբ որոշ քննադատների քամահրանքը: «Մինչդեռ այն ինչ թերություն էր համարվում, առավելություն էր» նաեւ Մաթեւոսյանի համար:
     ինչպես էր զգում ու պատկերում իր աշխարհն ու մարդկանց Մնձուրին: Նաեւ Մաթեւոսյանը, որ Մնձուրո՞ւ, (թե՞ իր) մասին ասում էր՝ «Ոչ մի ծառ, ոչ մի աղբյուր, ոչ մի ծաղիկ, ոչ մի կատակ կամ միջադեպ անուշադրության չեն մատնվել, չեն թաքնվել նրա աչքից ու ականջից, հոտառությունից ու շոշափելիքից: Բոլոր կերպարները եւ բոլոր ձայները հավաքվել են նրա սրտում: Եվ այդ բոլոր ձայների, կանչերի ու բույրերի համար նա դարձել է պահեստարան»:
     Լսենք Մնձուրուն. «Հայրենականներուս մեջ ես տեսարան մը, պահ մը, անկյուն մը տվի: Բառերով նկարչություն ըրի: Իմ լիրիզմս, իմ ռոմանտիզմս, իմ ռեալիզմս դրի: Գետին ձայնը ըսի: Ականջներս կը լեցվեին գետին ձայնովը: Կը խլանային, ալ չէին ընդուներ: Րոպե մը, երկու, երեք, չորս, ու մեկեն կը բացվեին: Գետին ձայնը կը բռնվե՞ր: Բայց այնքան կը թանձրանար, որ բռնելս կուգար: Մեղուներուն պարս ելլելը, երաժշտությունը ըսի: Այգիներուն շերը` բանաստեղծությունը ըսի: Խաղողներուն մատներս իրար փակցնելը դեղձերուն մեջ ակռաներուս թաղվիլը, ջուրերուն բերնես վազելը ըսի»:
     Այս ամենը արդյունք էին այն տպավորությունների, որ «ամբարել» էր Մնձուրին մինչեւ 1914-ը, եւ դա Մաթեւոսյանը անվանում է «գունաձայնատեսագրություն»:
     Իր մանկության ու պատանեկության օրերի ձայները ու բույրերը քաղաքաբնակ դարձած Մնձուրին եւ Մաթեւոսյանը կարոտագին ու տանջագին տարան իրենց սրտում մինչեւ իրենց կյանքի ավարտը: 1959-ին Մնձուրին գրել է. «Դիցուք թե որեւէ ամենեն մեծ հաստատության վարիչը ընեին զիս, գյուղացին չերթար նորեն մեջես: Իմ գյուղիս արտերը, այգիները, գետափները միտքս որ իյնան, աչքիս բան չերեւար, կը խենթեցնեն զիս»:
     1999 Մաթեւոսյանն ասել է. «Էնպե՜ս եմ կարոտել երկրիս ձայների՜ն, ռիթմի՜ն, բույրերի՜ն, որ ինձ համար ուղղակի կյանք են եղել: Երկիր ասելով հասկանալի է` Լոռին: Ձայներն իսկապես: Հացի պես: Ոնց որ քաղցածը հացին կարոտած է լինում, ես էդպես, էդ քաղցը, էդ պակասը»: Այն կյանքը... «իր կենդանի ներկայությունը, իր թաքուն շշուկը, շշունջը իմ մեջ ինձ հուշել է, որ կենդանի մի երկու տող ստեղծել եմ»:
     Ամբողջ գյուղանկարը մշտապես Մաթեւոսյանի տեսլապատկերում է, (ինչպես Մնձուրու), եւ ձայները` բոլոր նրբերանգներով: Ահա մի հաստատում, որ 1990 թվակիր է. «Ես երբեմն բացահայտորեն զգում եմ իմ գրածներում, (կարիք կա՞ հիշելու ասենք` «Աշնան արեւը», («Ծառերը» - Վ. Գ.), մորս հնչերանգը, նույնիսկ նրա խոսքի ռիթմը, որից եթե շեղվում եմ, ուրեմն ինչ-որ բան այնպես չեմ գրել»:
     Ի լրումն այս «խոստովանությունների», որ գրավոր են, մի վկայություն էլ մեր մի զրույցից: Ասացի` «Քո գործերում ինձ հմայում են հատկապես երկխոսությունները` անթերի բեմադրության մեջ: Այնքան բնական են` նրբերանգներով իսկ համոզիչ, ասես ոչ թե գրել ես, այլ ձայնագրել»:
     Ասաց. «Ձայնագրել եմ, միայն թե հիշողությանս մեջ: Նրանց զրույցները, բառերը դեռ ականջումս են: Պատահել է, որ ականջ եմ կախել մորս, հարեւանուհիների՝ իրար հետ զրույցներին, ակամա, ոչ հատկապես, ինչ անեմ, չեմ կարողանում մոռանալ»:
     Մարչենկոյի հետ զրույցում Մաթեւոսյանը Մնձուրուն համարում է նաեւ «վաղվա օրվա ընտրյալ»: Ասում է` «եթե վաղը հայը, թեկուզ հարյուրից մեկը, ցանկանա տեսնել իր հայրերի ու ժողովրդի անցած ճանապարհը, ցանկանա գտնել իր արմատները, ապա երեկվա մեջ կգտնի մաքուր բացատ` լցված խաղաղ լույսով, Հակոբ Մնձուրու բացատը, եւ այդ բացատում խաղաղ, բարի, մայրիշխանությամբ առաջնորդվող աշխատասեր ժողովուրդ, եւ լույսը, որ անվանվում է խիղճ, մշտապես կլինի այնտեղ»:
     Այս զրույցից հինգ տարի հետո իր երկերի երկհատորյակի համար Մաթեւոսյանը երկու էջ «Երկու խոսք ընթերցողիս» է գրել: Ասում է. «Օհանեսի (իր հոր պապն է, իրենց գյուղի հիմնադիրը - Վ. Գ.) փորձն ուզում եմ կրկնել գրականության մեջ. ուզում եմ մի նոր հովիտ փռել եւ բնակեցնել նոր մարդկանցով ու կենդանիներով եւ կարծես թե հաջողում եմ. Ծմակուտ մի գյուղանուն, մի երկու բնակիչ ու կենդանի արդեն ունեմ: Շատերն իմ հիշողության գյուղից են գալիս, երբեմն էլ կարողանում եմ «զուտ ինձնից» ստեղծել: Շատ կուզենայի, որ իմ հովիտը մեծ ու արեւոտ լիներ, կուզենայի, որ նրա բնակիչները միայն լավ մարդիկ լինեին եւ վատերի համար իմ հովտում տեղ չլիներ, որ իմ մարդկանց կյանքը ծաղկեր լավ ժամանակներում եւ պատերազմն ու խեղճ թշնամանքը իմ հովիտ խուժելու միջոց չունենային, բայց ստիպված եմ լինել իմ ժամանակի տարեգիրը»: Մնձուրու «բացատում» եւ Մաթեւոսյանի «հովտում», որ սերտ աղերսներ ունեն, մշտապես աշխատասեր ժողովուրդն է եւ լույսը, որ անվանվում է խիղճ: Եվ Մաթեւոսյանի բնութագրությամբ` Մնձուրին իր ժողովրդի «կենսագիրն ու փաստաբանն էր կոչված լինել», իսկ ինքը ստիպված էր լինել իր «ժամանակի տարեգիրը», որ ըստ էության նույնն է: Եվ անշուշտ` նաեւ «փաստաբանը»:
     Մարչենկոն, շարունակելով խոսքը, ասես ուզում է ստուգել` Մնձուրու հետ Մաթեւոսյանի գեղագիտական առնչության հարաբերակցությունը: Հարց` «Իսկ Ձեր սեփական հարաբերությունները աշխարհագրության ու գյուղական կյանքի ազգագրության հետ ինչպիսի՞ն են»: Հրանտի պատասխանը կարճ է եւ հստակ. «Շատ պարզ եւ, կարծում եմ, ընդունված կարգով այնպես, ինչպես Հակոբ Մնձուրունը»: Ամեն ինչ ասված է:
     Առանց Մնձուրու անվան հիշատակության, բայց ասես որպես նախորդ հարցի շարունակություն, Մարչենկոն ուզում է պարզել նաեւ Մաթեւոսյանի կերպարների բնօրինակների, ինքնակենսագրական հիմքի գոյության, գրողի` իր բնաշխարհի ու կյանքի «լուսանկարիչը», «ակնարկագիրը» լինելու չափերը:
     Մաթեւոսյանի պատասխանից. «Առանց բնօրինակի ոչինչ չեմ կարող հնարել: Խթան է պետք: Սկիզբ: Դե իսկ հետո, իբրեւ կանոն, նախատիպից ոչինչ չի մնում: Այդուհանդերձ, իմ հերոսներից շատերը ճանաչում են իրենց «նախահայրերին առանձին գծերով` կենսագրական, իրավիճակային»:
     Շատ բան, ավելացնում է Մաթեւոսյանը, «ստեղծվել է տեսածի, նկատածի, լսածի հիման վրա: Բայց կա եւ ուղղակի կենսագրականություն: Ասենք, Սիմոնը` Աղունի ամուսինը, շատ բան ունի իմ հորից: Ինչպես եւ Եղիշը: Արայիկի մեջ իրոք ինձնից շատ բան կա»:
     Այդպես կարող էր ասել եւ Մնձուրին իր գործերի առիթով, եթե նրան տրվեր այդ հարցը: Բայց առանց հարցի էլ` Մնձուրին մեկից ավելի անգամներ խոսել է կյանքը բնօրինակից կերտելու իր սկզբունքների, կենսագրական հիմքերի մասին՝ շատ հաճախ հենց նախատիպի իսկ անունով կոչելով իր պատմվածքների հերոսներին: Այս մասին խոսել է նաեւ Մաթեւոսյանը արդեն հիշատակված «Հակոբ Մնձուրու աշխարհը» հոդվածում, «Անընդհատ, անվերջ վերադարձ» ուսումնասիրության մեջ եւ խոսել է՝ կարեւորելով կերպարաստեղծման այդ կերպը, խոսել է հիացումով:
     «Մեր կարմիր եզը» պատմվածքում, գուցե եւ իրական պատմություն է՝ հայտնի չէ, ջնջված են իրականի ու երեւակայականի սահմանները Մնձուրու արձակում, անունները պահպանված են` Տեմիրճենց մեծ պապը` իր պապն է, ինքը` Ակոբը, մայրը, տատը (ուրիշները նաեւ ուրիշ պատմվածքներում: «Կավին դարը» պատմվածքի վերջում Մնձուրին հիշեցնում է. «Այս պատմվածքներս պատմվածք շինելու համար ստեղծագործություն մը չէ: Կավին դարը հողին տակը մնացողը Տեմուրճենց հարսը, իմ մայրս է: Բառ առ բառ իմ պատմությունս է աս»: Բայց սա մի պատմվածք է` գեղարվեստական պատումի բոլոր հատկանիշներով: Այդպես են Մնձուրու շատ պատմություններ, որոնց հերոսները` իրենց անուններով իրենց գյուղացիներն են, բայց այսօր մեզ համար նրանք պատմվածքների հերոսներ են, եւ կարեւոր չէ` իրակա՞ն են թե հորինված, կարեւորը` նրանք կենդանի կերպարներ են:
     Իսկ Մաթեւոսյանը 1984-ին գրում է. «Ինչ որ գրել եմ, իմ աշխարհի, իմ ճանաչած մարդկանց մասին է: Երբեմն անունները փոխում եմ՝ նեղանում են, մեկ-մեկ էլ չեմ փոխում, հիմա էլ ջոկ են նեղանում: Ինձ համար յուչաքանչյուր իրական մարդ ավելի թանկ է, քան բոլոր տեսակի վերացարկումները»:
     Կրկնենք. այսօր, բոլորովին էլ կարեւոր չէ, իրակա՞ն են Մաթեւոսյանի հերոսները, թե՞ ստեղծված. կարեւորը` նրանք ճշմարիտ եւ բարձրարժեք գրականության կենդանի կերպարներ են:
     Բնավ պատահական չէ, որ «Հակոբ Մնձուրու աշխարհը» արդեն հիշված հոդվածում, որ սկսվում է Մնձուրու մի քանի պատմվածքների հերոսների արարքների հիշատակումով, Մաթեւոսյանը հատկապես սեւեռվում է «Մեր կարմիր եզը» պատմվածքի վրա, պատմում սյուժեն, որովհետեւ այնտեղ տեսնում է իրեն անչափ հոգեհարազատ մի աշխարհ` իր բնությամբ, լեռներով ու դաշտերով, կենդանիներով, եզներով ու տավարապահներով, աշխատավոր մարդկանցով:
     Մայր ու տղա անցնում են լեռնելեռ, ձորեձոր, հարց ու փորձ` «Պզտիկ Արմտանին եզնոցը» որ կողմն են տարել, հայտնի չէ: Վերջապես «խորունկ ու ջուրով ձորի մը մյուս» կողմից հովիվները մի կերպ հասկանում են նրանց հարցը եւ` «Ե՛տ դարձեք, ե՛տ, ե՛տ, ե՛տ, - պոռացին, - Խպոն` ձեր հովիվը, ձեր եզնիքը Ղարապուտախի մյուս ափն անցուց, մյուս ա՜փը, մյուս ա՜փը, մյուս ա՜փը... Գետը իջեք, գե՜տը, գե՜տը, գե՜տը: Ճերմակ Քարտա՜˜կ, ելեք, ճերմակ Քարտա՜կ, ապա` հասկցա՞˜ք, հասկցա՞˜ք, հասկցա՞ք»:
     Այս դրվագը հիշեցի, որ ասեմ, թե այն որքան կարող էր հոգեհարազատ լինել Մաթեւոսյանին: Հիշենք «Մենք ենք մեր սարերը» կինոնկարի վերջին դրվագը, մյուս լեռան լանջից հարեւան գյուղի եւ, Անտառամեջի հովիվների հարց ու պատասխանը` կանչով. - Ո՞ր գյուղի ոչխարն է, ո՞ր, ո՞ր.. - Անտառամեջի՜, Անտառամեջի՜...: Ճիշտ այն ձեւով, ինչպես Մնձուրու մոտ: Հիշեցի, որ ասեմ նաեւ, թե ի՜նչ սիրով, ի՛նչ կարեւորությամբ է Մաթեւոսյանն իր հոդվածում վերապատմում Մնձուրու պատմվածքի այդ հատվածը.
     Իսկ ահա Հակոբ վարժապետի պապը` մալի, անասունի նկատմամբ իր անհանգստությամբ, տան նահապետի իր ծանրակշիռ խոսքով, ըստ Մաթեւոսյանի, հայ գյուղացու այն տեսակն է «ում վրա կանգուն է կյանքը»:
     Իր հայրական պապի մասին խոսելիս (Մարչենկոյի հետ զրույցում) Մաթեւոսյանն անգիր հիշում է Սահյանի «Պապը» բանաստեղծությունը եւ ավելացնում. «Ահա իմ պապն էլ պատկանում էր մարդկանց այդ ցեղին` մարդիկ, որ գիտեն հողի հետ խոսել»: Հիշում է նրա մշակած այգին` «գեղեցիկ, խնամված մարգեր, վարդի մի քանի թուփ»: Եվ ապա` «Պապիս ոչ միայն այգին, ամեն ինչն էր գեղեցիկ` նույնիսկ անասունը: Գեղեցկուհի էր գոմեշը, թվում էր աչքերը սուրմայած: Եվ նրա երինջն էլ իր նման էր` պչրուհի»: Վերադառնանք Մնձուրու պատմվածքին` հիշելու համար վերջին դրվագը. մայր ու տղա վերջապես գտնում են իրենց եզներին: «Մեր եզն էր: Այս ի՜նչ ըրեր էր լեռը, ի՜նչ արեւաշող թարթիչներով, արեւաշող ճակատով ու աչքերով եզան մը փոխեր, պայծառակերպեր էր: Ամենեն անվանի արձանագործը եզան մը արձանը շինելու ըլլար, այս աչքերս խտղտող, այս արու գեղեցկությունը պիտի չկրնար տալ, - գրում է Մնձուրին: Իր պապի` աչքերը սուրմայած, գեղեցկուհի գոմեշի, պչրուհի երինջի պատկերը հիշող Մաթեւոսյանը ինչպես կարող էր անտարբեր մնալ արեւաշող թարթիչներով, ճակատով ու աչքերով պայծառակերպ այս եզան արու գեղեցկության հանդեպ: Եվ այն պապի նկատմամբ, որ Հակոբինն էր, Համոյինը եւ իրենը, ովքեր «գիտեին հողի հետ խոսել»:
     Ինչպե՞ս կարող էին Մաթեւոսյանին չհմայել Մնձուրու հերոսները` իրենց այնքան բնական խոսք ու զրույցով, անկաշկանդ, համով-հոտով երկխոսություններով, որ ասես կենդանի բեմականացումներ` աչքիդ առաջ են այդքա՜ն բնական ու համոզիչ: Այսպես` Տյուկե մամը լուր է ստանում, թե սարում իրենց եզը գլորվել է քարափից, սատկել է, կանչում է հարսին, ծունկի գալիս, «լաչակները քակեց, ծեր, նոսրացած մազերը թափեց աչքերուն» եւ ինչպես եղերամայրը, սկսում է ողբը` պատմում է եզան կենսագրությունը, գովում նրա բարեմասնությունները. մի ճշմարիտ ողբերգ, որ ասում են կանայք հարազատի կորստյան ժամանակ: Կամ մի ուրիշ դրվագ Մնձուրու հեքիաթներից. «Ծղրիդ մորքուրին մայրը մեր վարի Տեմուրճենց դուռը կը նստեր աղջիկը կգովեր, որ առնող մը ելլեր»: եվ ի՜նչ գովերգ:
     Մաթեւոսյանին հարազատ էին այդպիսի կերպարները իր մանկության հիշատակներից: Նրանք էին իր գրականության կազմավորողները: Նրանց վարքը, գործը, խոսքը, ձայնը:
     «Ես գրող դարձա մորս շնորհիվ, - ասում է Մաթեւոսյանը Մարինա Արիստովային: Ապա` «Ի՜նչ մայր ունեի: Այդպիսի հիանալի պատմող ոչ մի տեղ չես գտնի: Ի՜նչ կերպարներ էր ստեղծում, ի՜նչ իրավիճակներ` մեկը մեկից կենդանի, անկաշկանդ, ազատ»: Եվ բոլորը ստույգ, ճշգրիտ, դիպուկ: Խոսքի մեջ ոչ միայն լեզու էր ստեղծում, այլեւ աշխարհի մոդելը: Գյուղում ընդհանրապես առաջ շատ լավ էին խոսում»:
     Մաթեւոսյանի հիշողության պաստառին միշտ իր այդ համագյուղացիներն էին, ականջում` նրանց զրույցները, երկխոսություները: «Ես հայտնվեցի ժողովրդական լեզվի տարերքի մեջ, սուզվեցի լեզվական ծովի մեջ, այդ հորձանքը տարավ ինձ, տարավ..., - ասում է Մաթեւոսյանը Մարչենկոյին: - Եթե լսեիք` ինչպես են խոսում իմ համագյուղացիները, վստահ եմ, որ «Մենք ենք մեր սարերում» Ձեր նկատած «բազմաձայնության» ձայնագրությունը Ձեզ կթվար աղոտ ու անարտահայտիչ»:
     Մնձուրու աշխարհը` բնաշխարհը, մարդիկ, կենցաղը. ես չգիտեմ` կա՞ մի ուրիշ գրողի մոտ ավելի ամբողջական` իր «երկրի» պատկերը: Ինքը այդ «երկրում» ապրեց 1886-ից մինչեւ 98-ը, ապա եւս 1907-ից 1914-ը - մոտ քսան տարի, եւ գիտեր ու արեց այն բոլոր աշխատանքները, որ կարող էր անել արմտանցին:
     Գյուղում իր ապրած տարիների մասին Մաթեւոսյանն ասում է. «Հող էի մշակում, խոտ էի հնձում, օգնում էի հորթին ծնվելիս, ծառ էի պատվաստում, - որպեսզի ամեն ինչ չթվարկեմ, միանգամից ասեմ, եթե կրկնվեր ջրհեղեղի լեգենդը, ես ինչպես Նոյը, կկարողանայի վերականգնել երկրի վրա հողագործության ու անասնապահության մշակույթը: Եվ եթե ինչ-որ բան պատահեր մարդկության հիշողությանը, ես կարող էի իմ համագյուղացիների պատկերով ու նմանությամբ, նրանց այն ժամանակվա կյանքի պատկերով նորից ժողովել մարդկային բարոյականության օրենսգիրքը: Այս ամենի համար պարտական եմ իմ այն հին Ահնիձոր գյուղին, ուր տասնհինգ տարի եմ անցըրել»:
    

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6474 | 0 | 0
Facebook