Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հենց սկսում ես հայրենասիրական ոտանավորներ գրել ու հայրենասիրական երգեր երգել, կյանքիդ որակը կտրուկ լավանում է

17:18, ուրբաթ, 16 հունիսի, 2017 թ.
Հենց սկսում ես հայրենասիրական ոտանավորներ գրել ու հայրենասիրական երգեր երգել, կյանքիդ որակը կտրուկ լավանում է

Հեռավոր անցյալ է դարձել այն ժամանակաշրջանը, երբ հույն մեծ ողբերգակ Սոֆոկլեսն իր ողբերգությունների համար ընդամենը կաղնու տերևներից հյուսված պսակով էր պարգևատրվում; Փառքը հոյակապ բան է, բայց այդ փառքի պսակից ի՞նչ օգուտ կարող էր քաղել, ասենք, օրինակ, 16-րդ դարում ապրած հունգար թափառաշրջիկ բանաստեղծ ու վինահար Շեբեշթեն Թինոդի Լանթոշը, որն իր մասին բանաստեղծություններից մեկում ասել է. «Լոկ ներշնչանքով եմ ձեռներս տաքացնում»: Հետո՞ ինչ, որ բանաստեղծին Ապոլոնը շնորհներով էր օժտել, հետո՞ ինչ, որ նա Ապոլոնի բնակավայր Պառնաս սարից բխող Կաստալյան աղբյուրից էր ըմպել: Նույնիսկ այդ աղբյուրի ջուրը խմածին ինչ-որ սնունդ է հարկավոր: Իսկ այս բանաստեղծի ժամանակներն այնպիսին էին, որ նրա կողքին չի եղել գոնե հրատարակչի ձեռքը, որը գոնե ինչ-որ բան գցեր նրա քսակը:


     Բայց այդ վիճակը նրա կյանքում երկար չի տևել: Երբ թուրքերը գրավել են Բուդան՝ Հունգարիայի ապագա մայրաքաղաքի մասը կազմած այդ քաղաքը, Թինոդին հանկարծ միանգամից հայրենասիրությամբ է համակվել ու սկսել է միայն հայրենասիրական ոտանավորներ գրել՝ կոչ անելով միավորվել ու վճռական պայքարի ելնել թուրքական լծի դեմ: Երբ թուրքերը Հունգարիայից ավելի մեծ տարածքներ են գրավում, Թինոդին տեղափոխվում է Կոշիցա ու ամուսնանում է ու միառժամանակ մոռանում է հայրենիքի մասին: Անցնում է ժամանակ, և երբ ապրուստի միջոցներ հայթայթելը դարձյալ դժվարանում է, Թինոդին սկսում է ակտիվորեն մասնակցել քաղաքական հավաքների ու մարտադաշտեր գնալ՝ ոչ թե անարգ թշնամու դեմ կռվելու, այլ տեղեկություններ քաղելու համար: Իր տպավորությունները նա շարադրում էր չափածո ձևի մեջ ու իր գրածները մարդկանց հրամցնում էր վինի նվագակցությամբ` ինչպես մեր Գողթան գավառի երգիչները՝ փամբիռի նվագակցությամբ: Առանձին վայրերում հենց նրա երգերից էր ժողովուրդը տեղեկանում, թե ինչ է կատարվում երկրում:

1515-ին Տրնավա քաղաքում ժողովրդական ժողով է տեղի ունենում: Այստեղ նա ծանոթանում է քաղաքական գործիչ Տոմաշ Նադաշդի հետ, որը նրան ժամանակագրի պաշտոնի է վստահում:

1546-ից մինչև 1551 թվականը խաղաղ տարիներ էին, և Թինոդին ամբողջովին նվիրվում է հունգարական հին բանաստեղծությունների մշակմամբ: 1552 թվականին թուրքերը նոր արշավանք են սկսում, և Թինոդին այդ իրադարձությունը անմահացնում է իր երգերում: Նա պաշարված Շեբեշտեն քաղաքի մոտ էր և շատ մանրամասն տեղեկություններ էր հավաքում պաշարման ընթացքի ու քաղաքի դիմադրության մասին:

Շուտով Թինոդիի փառքն հասնում է կայսր Ֆերդինանդ Առաջինին, որը 1553-ին նրան ազնվականի տիտղոս ու զինանշան է շնորհում:

Թինոդիի ամբողջ ստեղծագործական ժառանգությունն ընդամենը 1200 տող է կազմում, որը, նույնիսկ ժամանակի չափանիշներով, շատ քիչ է: Նա միշտ գրել է ինչ-որ իրադարձության առիթով, ու նրա պոեզիայի գեղարվեստական որակը բարձր չէ: Քանի որ նա բանաստեղծություններում ձգտել է մանրամասների անդրադառնալ, այդ իսկ պատճառով դրանք շատ միապաղաղ են: Իր իսկ կենդանության տարիներին նրա ոտանավորները ոչ թե գեղարվեստական, այլ հրապարակախոսական արժեք են ունեցել:


     Նկարում՝ Շեբեշթեն Թինոդի Լանթոշի հուշարձանը Հունգարիայի Շարվար քաղաքում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7731 | 0 | 0
Facebook