Պարտված են եղել իմ բոլոր վեճերը
Լռության հարուստ բառապաշարի հետ,
Նույնիսկ ահել տարիներս
Զորու չեն եղել մարտնչել
և տկա՜ր
և հզո՜ր,
խո՜ւլ, հա՜մր, անխի՜ղճ
Լռություն կոչվող երևույթի հետ:
Երկխոսությունը լռության հետ
Դարեր է ապրել՝
Ծա՜նր
Ցավալի՜
Մի վեճ անհեթեթ,
Ասես վիճո՛ւմ ես այլ մոլորակային
օտար մարդու հետ,
Ասես չի՛ լսում,
Քեզ չի՛ հասկանում,
Ասես բառերդ օտա՛ր են ու բարդ,
Ասես նա էլ է քեզ նման տանջվում
Ու ամեն դեպքում - պատասխան չկա…
Քեզ պահպանող գամփռի նման ծերացած,
Դունչը դրած թաթերին,
Լռությունը մեկնվում է
Վաղուց հետքեր չտեսած
Դռանդ կամ պատուհանիդ…
Ո՛չ թույնն է ազդում,
Ու ո՛չ էլ մաղձը,
Ո՛չ արհամարանքը,
ո՛չ էլ ծիծաղը,
Մնում է բա՜հը…
Վերցնո՜ւմ ու թաղո՛ւմ ես լռությանը…
Համրությո՛ւնն ես թաղում լռության,
Շուրթերը կապում քարկապով,
Փորձո՜ւմ ես ամեն ինչ մոռանալ,
Փորձո՜ւմ ես ապրել աղմուկով:
Աղմո՛ւկն է մնում - սիրտդ քրքրող
Ճռինչով փակվող ձա՜յնը կոպերիդ,
Մատներիդ կաթացող արցունքդ այրող
Ու ատամներիցդ քրքրվող ձայնը շուրթերիդ:
Թվում է ամեն ինչ վերջացավ - դարձավ հող,
Ու «ոչինչը» ուղարկվեց գրողի ծոցը,
Բայց չի ընդհատվում նախանձդ շարժող
Անձրևի տանիքին համբուրող փսփսոցը…
Լռության հետ երկխոսություն՝
Ծա՜նր,
Ցավալի՜ ու համր
Մի վեճ…
Լռությունից չկա պրծում
Միևնույն է ինչ էլ որ անես…
Լռությունից վատթար թշնամի չկա՛,
Լռությո՜ւն, որ դարեր շարունակ եղել է ոսկի,
… Մարդ կա ոսկի է փնտրում անընդհատ,
Մարդ էլ կա թաղո՛ւմ է ունեցած ոսկին…
25.01.2016