Երկնագույն ձայնը
«Կյանքը թատրոն է, մարդիկ՝ դերասաններ…» Լավ է ասված, թվում է թե ավելացնելու ոչինչ չկա, բա՞յց… Ոչ մի խոսք ռեժիսորի մասին… Ոչ մի խոսք օպերատորի մասին… Ոչ մի խոսք սցենարիստի մասին… Տխո՜ւր է… Միգուցե ռեժիսորը ուղե՞ղս է… Օպերատորը՝ աչքերս… Դե, իսկ սցենարիստը Սիրտս՝ հաստագլուխ մի անժխտելի փաստ: Ապակյա դռան վրայի ցուցանակն ազդարարում է, որ բաց է ամեն օր, ժամը 8.00-20.00, Բոլորի համար, երաշխիքով, որակով…և այլն: Զգում եմ, որ գրողը լավ հումորի զգացմունք ունի: Իսկ ժամը 20.00-8.00 ընկած ժամանակահատվածը ոչ մեկին չի՞ հուզում: Մտնում եմ ներս: Սովորական արհեստանոց է, մի քիչ ժամանակակից կահավորանքով: Նստած աղջիկը սպիտակ վերնաշապիկով է, իսկ շրջազգեստը չի երևում, անպայման սև գույնի կլինի: - Բարև Ձեզ: - Բարև, ինչո՞վ կարող եմ օգնել: Աղջիկն իրեն երևակայում է Beeline–ում աշխատող աղջիկ ու թվում է կարող է ցանկացած հարցի պատասխանել՝ բջջայինների լիցքավորումից սկսած մինչր ''3G'' համակարգ: - Օգնե՞լ, դժվար թե, բայց, այ օգտակար՝ միգուցե: Ուզում եմ հանձնել վերանորոգման: - Ի՞նչը: - Սի՛րտս: Լավ չի աշխատում: Զարմանքն այնքան մեծ էր, որ իսկույն հասկացա նրա մի քանի անգամ շրջանավարտ լինելը: - Դուք եք գրել, վերանորոգում ենք ամեն ինչ, որակով, երաշխիքով… - Հիմա Վովա դյադյային կկանչեմ, ես ոչինչ չեմ կարող ասել: - Վովա դյադյան ձեր սանտեխնի՞կն է: - Ոչ, - արդեն ժպտաց ուրիշ ժպիտով հասկացնելով, որ խղճում է ինձ: - Մարի՛ն, մի հատ դյադ Վովային կանչիր, հարցնո՛ղ կա: Կյանքը թատրոն է… Ներսից լսվեց: - Տեղում չէ, հիմա ես կգամ: Ներս եկավ ՛՛Մարին՛՛- ը՝ Մարինան: Նայում է ինձ, չեմ հասկանում ժպտում է թե քմծիծաղում, բայց վստահ գիտակցում եմ, որ նրա հայացքը շատ է նման Համատիրությունում աշխատող կանանց հայացքին, երբ գալիս են հերթական անգամ դրամ հավաքելու: - Ի՞նչ է եղել, - աչքերիս չի նայում: - Գիտե՞ք, սրտիս վերին կողային և ներքին կողային շերտերի հաճախությունների արանքում ընկած, ֆազա-իմպուլսով մոդուլացված տարածքը կարծես ջնջվել է, չի աշխատում: Նստած աղջիկը մեկ ինձ, մեկ նրան է նայում: - Արմին, երկու հատ սուրճ կսարքե՞ս, մեկը քաղցր՝ նրա համար, - գլխով ինձ է ցույց տալիս: …. Մարդիկ՝ դերասաններ: Արմինը գնաց սուրճի… - Ուրիշ կապիկություն չէի՞ր կարող մտածել: Հիմա էլ աշխատանքիս վայրը փոխե՞մ, ինչ է: - Դե լավ, ես սխալ էի, կներես, վերադարձիր, խիղճ չունես ի՞նչ է: - Ես շուտով կամուսնանամ, մոռացիր, խնդրում եմ: Անցածն էլ ետ չես բերի: Ներս մտավ Արմինեն, սուրճի բաժակներով: Չէի սխալվել՝ սև շրջազգեստով է Դե ինչ, պետք է շարունակել: Կյանքը թատրոն է… - Հասկանում եք, ես պատրաստ եմ նվիրելու մարմինս, մտքերս, երազանքներս, ամեն ամեն ինչ բացի սրտիցս, նա հիմա վատ վիճակում է: - Տեսնում եմ, ինչ անխնա եք նրա հետ վերաբերվել, բոլորովին ծածկված է սպիներով ու վերքերով: - Նրա հետ ուրիշներն են այդպես վերաբերվել: - Դո՞ւք եք թույլ տվել: Ինչո՞ւ: - Ես տղամարդ եմ, թույլ մի էակ, չկարողացա…Դուք կբուժե՞ք նրան: - Նրան ժամանակ է պետք, կա մի այդպիսի դեղ՝ ՛՛Ժամանակ՛՛: - Որտեղի՞ց կարելի է գնել: - Նա չի վաճառվում, կհայտնվի անսպասելի: Մեկ, երկու, կամ միգուցե երեք տարի հետո… - Այդքան սպասել, ես չեմ կարող, միգուցե այլ մեթո՞դ կա բուժվելու: - Առաջ նորմալ էր աշխատո՞ւմ: - Այո, շատ է սիրել, այնքան շատ որ… մաշվել է այն աստիճանի, որ երբ բաբախում է արագ-արագ ոչ ուրախություն է բերում, ոչ էլ տխրություն: Արմինեն ձախ ձեռքը դնչի տակ, գլուխը թեքած լսում էր մի այնպիսի ուշադրությամբ կարծես նրան ինչ որ մեկը մանրամասն պատմում է Վրաստանում գտնվող օգտակար հանածոների աշխարհագրական տեղերի ու ծավալների մասին: …մարդիկ՝ դերասաններ: Կյանքը թատրոն է… - Ինչպես ասացի՞ք, վերին, ներքին կողային շերտերի արանքո՞ւմ… Գլխով եմ անում, նայում նրա կիսաբաց կրծքին հանգրվանած, պարանոցից շղթայով կախված խաչին: - Դա, զգացմունքի տարածքն է, այն ավարտվել է: - Իսկ ի՞նչ անեմ ես, ավարտվե՞լ է, ասացիք: Ինչպե՞ս վերականգնեմ… - Կա մի շատ թանկարժեք դեղամիջոց, ամեն մեկը չէ, որ կհամաձայնվի Ձեզ տալ, դա Սերն է: Իսկ Սերը միայն սիրով կարող է փոխարինվել: Արմինե, քնեցի՞ր, բաժակները տար: Նորից մնացինք երկուսով: Փորձում եմ բռնել ձեռքը, ետ է քաշում: - Հիշո՞ւմ ես ինչ բան է երջանկությունը: - Ինչո՞ւ ես եղունգներովդ սիրտս քերծում: Ոչ, չեմ հիշում, հետո՞: - Ցավի ետևը երջանկությունն է, հարկավոր է վերհիշել: - Չեմ ուզում հիշել, ես վաղուց մոռացել եմ: - Սիրո համար գոյություն չունի ՛՛մոռանալ՛՛ բառը: Ինչո՞ւ ես թաքնվում անցյալից: - Այդպես է պետք: - Ո՞ւմ: - Ինձ, սրտիս: - Քեզ հարկավոր է գտնել մեկին, որը կնայի քեզ ինչպես դու ես ինձ նայում: - Ու նա ինձ կտա՞ քո այդ ասած սերը: - Ոչ, նա կսովորեցնի քեզ սիրել, սիրել այլ կերպ, նոր հարթությունում: - Ե՞րբ կիմանամ, որ արդեն սիրում եմ: - Երբ կտխրես հասկանալով, որ մի ամբողջ օր չես տեսել նրան, երբ կանհանգստանաս նրան սպասելիս, երբ չես կարողանա քնել առանց նրան բարի գիշեր մաղթելու… Չէինք զգացել թե ինչպես էր Արմինեն մտել ներս ու լսում էր ուշադիր: Հետո նստեց այն սեղանի շուրջը, որտեղ մենք էինք նստած: - Այնպես ես սովորեցնում ինչպես դո՞ւ ես անում Վովա դյադյաի հետ: - Չափդ ճանաչիր, ի՞նչ գործ ունես այստեղ, անցիր գործիդ: Չգիտեմ ինչ ասել: Գնա՞լ: Հեռանա՞լ: Ի՞նչ անել: - Մարին, դա՞ է սերը: Կներես ես չեմ մոռացել ինչպես են սիրում, ուղղակի ցավը ինձ ստիպել էր մոռանալ դրա մասին… Դուրս եկա այնտեղից, որտեղ վերանորոգում են ամեն-ամեն ինչ, որակով, երաշխիքով… …մարդիկ՝ դերասաններ:
Ես, նա, մութը: Ես, սիրտս, այդ Վովա քեռին: Նա, այդ Վովա քեռին, մութը: Բայց ինչքան էլ մտածում եմ երկուսով ենք՝ ես ու սիրտս, իսկ շուրջպարի համար երեքն են հարկավոր: Զանգ: Չեն խոսում, ժպտում են ձայնիս: Չեն խոսում բայց ես լսում եմ մի երկնագույն ձայն, մաքուր, մոդուլացված սրտիս վերին ու ներքին կողային շերտերի մեջտեղում: - Դե խոսիր էլի՜: Բայց նորից չի խոսում, ժպտում է ձայնիս: - Ալո, չե՞ս խոսում: Տու՜, տո՜ւ, տո՜ւ… Հեռախոսս էլ ինձ նման սեր է պահանջում: Ու նորից մի զանգ: Նորից լռություն: - Չե՞ս խոսում, հիմար: Եվ նորից տո՜ւ, տո՜ւ… - Արմինե, դո՞ւ ես: Բռնակալության հողմերից ընդհատակ անցած ճշմարտությունը ծնկած տեղից դանդաղ վեր բարձրացավ: - Ես եմ, բա էլ ո՞վ: Ս. Ումառ-Հարությունյան |