Идет загрузка...
Сегодня:  Среда, 16 Октября, 2019 года

Статьи

Կունենա՞նք արդյոք այն օրհներգը, որը մերը կլինի

20:42, Понедельник, 29 Апреля, 2019 года
Կունենա՞նք արդյոք այն օրհներգը, որը մերը կլինի

Կունենա ՞նք արդյոք այն օրհներգը, որը մերը կլինի


     Աշոտ Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բառարանում» կարդում ենք.

հիմն - օրհներգ

օրհներգ - օրհներգություն

օրհներգություն - սաղմոս, շարական, օրհնություն, աղոթերգ…

Մեր լրատվամիջոցներում բազմաթիվ անդրադարձներ են արվում նոր օրհներգ ունենալու հարցին: Առաջարկվում է որպես երաժշություն վերցնել Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից առանձնացված և մշակված այն հատվածը, որը երկար տարիներ ծառայել է որպես Խորհրդային Հայաստանի օրհներգի երաժշտություն: Դանիել Երաժիշտի և Ալեն Սիմոնյանի հավաստմամբ Մաեստրոն երաժշտությանը շարականին բնորոշ կառուցվածք է հաղորդել: Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ հայտարարված է այս երաժշտությանը համապատասխան լավագույն բանաստեղծության համար մրցույթ, որի վերջնաժամկետը ապրիլի 30-ն է: Հետաքրքիրն այն է, որ մրցույթում տեքստին անդրադառնում են հպանցիկ, նույնիսկ այնպիսի պահանջ չկա դրված, որ տեքստը պետք է ունենա շարականի ոչ միայն կառուցվածք, այլ նաև բովանդակություն: Չնայած եթե էքսկուրս կատարենք, Սարմենի բանաստեղծությունից սկսած մինչև օրս մեր օրհներգը ո՛չ շարականի կառուցվածք է ունեցել, ո՛չ էլ բովանդակություն, էլ ուր մնաց մոտեցներ Աստծո հետ խոսելու գաղափարին, չնայած Նարեկացի ենք ունեցել ու նրա մաքրագործման զրույցը: Եթե այսօր մենք աշխարհին ուզում ենք ներկայանալ որպես հոգևոր ազգ, ապա պետք է ձգտենք նույնպիսի դիմագիծ ունենալ, իսկ դա ենթադրում է ունենալ նաև ոչ պակաս կարևորություն ունեցող հոգևոր խոսք: Հիմնը օրհներգ է, օրհներգություն /акафист/: Այն արտաբերվում է ոտնկայս /ի նշան Աստծո նկատմամբ հարգանքի/, որովհետև սրտից եկող խոսքն է ուղղված բարձր ոլորտներ և ապահովում է մարդու, ժողովրդի հետադարձ կապը Աստծո հետ: ՈՒղիղ կապը՝ Աստված – մարդ, գոյություն ունի անկախ մեր գիտակցումից: Այն գործում է վերին նախախնամությամբ, կարգավորվում համատիեզերական, համամարդկային օրենքներով: Դրանով է պայմանավորված, որ երբեմն անկանխատեսելի պատերազմներ և հաղթանակներ են լինում: Օրինակ, ֆաշիստական Գերմանիան ավելի լավ զինված էր, նախահարձակ, քանի որ մտածում էր իր ուժի գերակայության մասին, բայց միևնույնն է, պարտվեց, քանի որ ի վեջո մարդկանց սրտում ապրող սերն է, համամարդկային բարոյականությունն է հաղթանակում: Ասել է, թե չարը որքան էլ նախահարձակ է, կանգ է առնում, պարտվում է հայրենասիրական էներգիաների առաջ, այն էներգիաների, որ հայրենիքի սիրով լցված մարդիկ, համախմբվելով, միացնելով իրենց գերմարդկային, աստվածային դրսևորման որակները, տանում են վերջնական հաղթանակ: Եթե դա տեղի չի ունենում /այն բացառիկ դեպքերում, երբ չարը ժամանակի այդ հատվածում հաղթանակ է տանում/ ապա, հավանաբար, պատճառն այն է, որ մարդկային այդ ընդհանրությունը չի կարողանում կամ չի հասցնում միավորվելուց հետո ապահովել իր հետադարձ /մարդ – Աստված/ կապը Աստծո, աստվածայինի հետ: Այդ ժամանակ մարդը զարմացած հետադարձ հայացք է գցում իր քայլերի վրա: Գուցե հասցնում է զղջալ, որ տարիներ շարունակ չի հոգացել Աստծո հետ իր փոխադարձ կապը ապահովելու համար բավարար չափով ջանք գործադրել, բայց ուշ է լինում: Խոսքն այն մասին է, որ այդ որակները ամենաբարձրն են և պետք է ամենօրյա իրենց գոյությունը ապահովող փաստագրումն ունենան: Հայրենիքի ուժն ու զորությունն ապահովող այս որակներն ամենաշատը ժողովրդի մեջ են պարփակված: Այդ է պատճառը, որ առանց ժողովրդի հաղթանակ չի լինում, և քաղաքակիրթ իշխանություններն էլ հասկանում են, որ ժողովրդին են ծառայում: Այսպես ծնվում է օրհնված երկիրը: Ժողովրդի մեջ ասվում է. «Աստծո օրհնանքն իջավ մարդկանց վրա»: ԵՎ սա ամենևին էլ սոսկ կրոնի մասին խոսակցություն չէ, այն ավելի կենսունակ և վեհափառ արմատներ ունի, այն օգնում է սերը վեր դասել շահախնդրությունից, նախանձից, ատելությունից, այն ապահովում է հանրության խաղաղ, հավաքական գոյը (соборность): Ուստի կարելի է ասել, որ ներդաշնակ և սիրող հասարակություն ունենալու համար չի կարելի աչքաթող անել Աստծո հետ մեր ներքին հետադարձ կապը ապահովելու ջանքերը: Ես նորից կրոնի մասին չեմ խոսում: Այլ մատնանշում եմ զարգացած և խաղաղ կյանքով ապրող այն երկրների փաստացի կենսակերպը, որոնք չեն խուսափում իրենց օրհներգի մեջ, որպես բարձրագույն արժեք խոսել Աստծո ներկայության մասին: Որպես օրինակ մեջ եմ բերում Շվեյցարիայի հիմնից երկու քառատող, այն գրվել է 1841թ.-ին, սակայն պաշտոնական կարգավիճակը ստացել է 1981թ.-ին, մի քանի ժողովրդական քվեարկություններից և ռեֆերենդումներից հետո.


     Когда краснеет хребет Альп,

молитесь, свободные швейцарцы, молитесь!

Ваша благочестивая душа предвидит

Бога в нашем Отечестве,

Господа Бога в нашем Отечестве.

……………………………….............

Грозной ночью, в страхе

доверимся же Ему, как дети!

Да, Тому, Кто предвидит благочестивую душу,

Богу в нашем Отечестве,

Господу Богу в нашем Отечестве!


     Այո, այդ ներկայությունը ապահովող սիմվոլ է օրհներգը, որովհետև այն Աստծո հետ մեր ամենօրյա հետադարձ կապը ապահովող ամենաժողովրդական, ամենապետական, ամենահասարակական ամենօրյա կապի ապացույցն է, հավաստագրումը: Դա է պատճառը նաև, որ նույն բարձր զարգացած հասարակություններում, ունենալով կիրթ և խելացի մասնագետներ, չեն խուսափում հանրաքվեներ անցկացնել, բաց, համաժողովրդական, արդար, թափանցիկ ընտրություն կատարել, քանզի դա մեր հեռահար ստրատեգիան է: Կկարողանա՞նք արդյոք հաղթահարել մեր պատմական կյանքի առասպելաբանական այն փուլը, երբ խոզ դարձած թագավորը /թագավորը ժողովրդի մարմնավորումն է, սիմվոլը, իսկ խոզը՝ այն կենդանին, որը վզի կարճության պատճառով չի կարողանում երկինք նայել/ նորից դառնում է մարդ: Սա ապահովելու համար ոչ թե պետք է մարդկանց «ղեկավարելու» շատ խելացի տեխնոլոգիաներ, լուծումներ գտնել, այլ պետք է ուժ ունենալ դրսևորելու մեր հավաքական սերն առ Աստված: Ամուր պետականություն վերականգնելու հարցում ջանքեր գործադրելու մեջ հատկապես կարևոր է հոգալ սիրո անմար մնալու հարցը: Հավանաբար այսպես է արարվում լավ մոռացված կամ դեռևս ամբողջովին չգիտակցված նորը: Չէ որ ի վերջո բոլորս էլ ուզում ենք վերականգնել մեր պետության առասպելական դարձած պետականության երբեմնի համբավը: Ճիշտ իշխանություն ու պետականություն ունենալուց հետո սկսվում է այն ճիշտ կառուցելը: Դրա համար է, որ մեր հասուն պետական այրերը շեշտում են. «Իշխանությունը պետք է ծառայի ժողովրդին»: Իսկ ժողովուրդը բոլոր ժամանակներում առանց Աստծո ապրել չի ուզում: Ուրեմն եկել է ժամանակը մեկ քայլ ևս մոտենալ Աստծուն: Սա կրոնավոր դառնալու կոչ չէ, այլ փորձ է պատմական ևս մեկ թյուր ըմբռնում շտկելու: Մեզանում հաճախ ընդունված է հպարտորեն շեշտել, որ մենք առաջինը պետականորեն քրիստոնեություն ընդունած ազգ ենք: Թույլ տվեք հարցնել, իսկ որքանո՞վ ենք ձերբազատված հեթանոսությունից և որքանո՞վ ենք կարողանում առաջին պատվիրանը պահել առաջին տեղում: Ամբողջ աշխարհում շատ մարդիկ փորձում են սրտի մակարդակում վերագտնել և վերաիմաստավորել առաջին պատվիրանը: Ինչու՞ ենք մենք փորձում չնկատելու տալ դեռևս 100 տարի առաջ Աստծո հետ հայրենիքի համար զրույցի բռնված Թումանյանին, եթե գտնում ենք, որ մենք ևս կարող ենք օրինակ դառնալ և լույս բերել: Կկարողանա՞նք արդյոք Աստծո խոսքը պահելով վեր կենալ ու քայլել: Կարծում եմ այդպիսի քայլ անելու փորձ է նաև նոր ընդունվելիք օրհներգի քննարկումը ճիշտ կազմակերպելը: Ամենայն հարգանքով եմ վերաբերվում երաժշտությանն ու երաժիշտներին, բայց թույլ տվեք հարցնել, մարդկության պատմության մեջ կա՞ նախատիպ, երբ սկզբում երաժշտության հեղինակի անունն է գրվում, հետո՝ խոսքերի հեղինակի: Չէ որ, միշտ գրվում է խոսք՝ …, հետո երաժշտություն՝…, սրանով իսկ արժեքավորելով խոսքի /որպես ինֆորմացիայի կրողի / առաջնային դերն ու նշանակությունը, ապա նույնքան հարգանքով նշվում է այդ խոսքերի ներդաշնակությունն ու գեղեցկությունը շեշտող երաժշտի անունը: Ուրեմն խնդրում եմ բացատրեք մեզ, թե ինչու՞ ենք մենք մեզ այդքան նեղության մեջ դնում, երբ ստիպում ենք մարդկանց բառեր գտնել կամ գրել երաժշտության համար, հետո էլ անբավ ենք մնալու, որովհետև ունենք Թումանյան, ով մեզ պարգևել է խոսքեր, որոնք ամեն հայի սրտից են բխում. «Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած, Հազար-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած» , «Ու պիտ դսռնաս էն երկիրը, ուր ձգտում է մեր հոգին»:

Ինչու՞ մրցույթ չենք հայտարարում այս խոսքերին երաժշտություն գտնելու համար: Կասկած իսկ չունեմ, որ Արամ Խաչատրյանի ձայնադարանում հեշտությամբ կգտնվի այդպիսի երաժշտություն, ինչու՞ չենք հավատում, որ մեր երաժիշտները կգրեն: Ինչու՞ ենք փորձում նորից ոգեկոչել դեռ չմոռացված խորհրդային հիմնը: Արամ Խաչատրյանի հսկայական երաժշտական գործունեության այս մի հատվածը իր սեփական պատմությունն է ձեռք բերել, տարիներ շարունակ օգտագործվելով «անմահ Լենինին» ու նրա գործը գովերգելու համար:

Որպեսզի մեր ընդունած օրհներգը ժամանակի մեջ հարատև լինի, փոփոխելու հարց չառաջանա, պետք է ժամանակի պես կառուցված խոսք լինի, սրտից բխած խոսք լինի, բերի մեր պատմության ընթացքը, ուղղված լինի ապագային, լուսավոր ապագայի տեսլապատկերը ունենա:

Իսկ ինչ վերաբերում է օրհներգի համար բառերի փնտրտուքին, կարծում եմ հարցը բարդանում է մեկ պատճառով. մենք արդեն ունենք օրհներգին վայել, ազգի ոգին անկոտրում պահող ու բարձրացնող բառեր/ Հ. Թումանյանի «Հայրենիքիս հետ» բ-նը/: Պատկերացնում եք, 1915 թ.-ին հոգու ի՜նչ թռիչք էր ապրել Թումանյանը, որ կարողացավ այդպիսի լավատեսություն հասցնել մեր ժողովրդին 100 տարի առաջ, այսօր ևս: Եվ եթե հրաժարվենք այն տեսնել և ընդունել, կնմանվենք մի մարդու, ով փայտե սանդուղքով ուզում է վեր բարձրանալ, բայց սանդուղքի մեկ աստիճանը հանել, մի կողմ է դրել ու հաջորդին ոտքը չի հասնում: Այսինքն, եթե մենք ունենք այնպիսի բանաստեղծություն, որը հարյուր տոկոսով բռնում է քննությունը, և հրաժարվում ենք տեսնել նրա իրական տեղն ու դերը, այդ տեղում մեկ այլ ստեղծագործություն դնելը անհնարին է դառնում, «չի բավարարում» հասարակության պահանջներին: Սա շատ նորմալ, բնական երևույթ է և զարմանալի չէ, որ անբավ ենք մնում մեր ընդունած օրհներգից:

Համո Սահյանն ասում էր. «Թումանյանը վերստեղծեց ազգի պատմությունը, որը և մարդկության պատմությունն է: Եղածը հայտնաբերեց: Նա այն մեծերից է, որ կարող է գոյատևել նաև ուրիշ լեզվում: Հայը դեռևս Թումանյանին չի ճանաչում: Այդ նա կարող էր վերևից Արևի պես նայել: Թումանյանն անսխալական է: Ավելի մեծ հայ դիվանագետ ինձ հայտնի չէ»:

Այսպիսով.

1. օրհներգը ապահովում է ժողովրդի հետադարձ կապը Աստծո հետ, պետք է բարձրացնի ազգային ոգին, նպաստի խաղաղությանը,

2. ժամանակի մեջ պետք է հարատև լինի, որպես հոգուց եկած խոսք, բերի պատմության ընթացքը, ունենա լուսավոր ապագայի տեսլապատկերը,

3. պիտի ծառայի ժողովրդին, դրվի հանրային քննարկումների, պետք է լինեն հիմնավորված տարբերակներ, որոշումը պետք է կայացվի հանրաքվեով,

4. ներկա պահն այնպիսին է /անշահախնդիր օրինակների անհրաժեշտություն/, որ ցանկալի է խոսքը և երաժշտությունը նվիրատվություն լինեն հայրենիքին, տնտեսված գումարը ուղղորդելով մշակութային արժեքների պահպանմանը:


    

29.04.2019թ.
     Նունե Կարապետյան

Продвижение этого поста

Нравится
1
Не нравится
0
| | |
1020 | 0 | 0
Facebook
COMMENT.am