Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Среда, 04 Декабря, 2024 года

Статьи

Քո ճանապարհը

12:50, Четверг, 21 Декабря, 2023 года
Քո ճանապարհը
    
    

Անձրևը գովերգվում է աշնան և գարնան, նաև ամռան, ինչպես և սիրո, բաժանման…հետ կապված գրեթե բոլոր ստեղծագործություններում:

Անձրևից հետո սկսում են արագությամբ աճել սնկերը…

Հետաքրքիր է, այդ ինչպիսի՞ անձրև եկավ Երևանի վրա, որ քաղաքի ցանկացած հատվածում սկսեցին սնկերի նման աճել ատամնաբուժարաններն ու դեղատները ….


    

Կանգառի մոտ գտնվող դեղատուն է:

Ապակյա պատի հետևում սպիտակ խալաթով մի աղջիկ է նստած:

Սպիտակ խալաթից վախենում են երեխաներն ու տղամարդիկ:

- Բարև´ Ձեզ: Դուք քաշը ավելացնելու դեղ ունե՞ք:

Տղայի տեսքը լուրջ էր, ու դա զարմացրեց աղջկան:

- Ի՞նչ դեղ, չհասկացա: Դեղատոմս ունե՞ք:

- Ո´չ, չունեմ: Բայց ինձ պետք է դեղ, որ երկրի ձգողականության ուժը մեծանա, ինձ ավելի ուժեղ ձգի, թե չէ թռչում եմ անընդհատ…

Մոտեցավ մյուս աշխատակցուհին` տարիքով, ակնոցներով, որովհետև աղջիկը չպատասխանեց ու զարմացած նայում էր տղային:

- Ա´յ տղա, բան ու գործ չունե՞ս: Գնա´ այստեղից, խանգարում ես:

Տանը երևի մի սենյակ ղժղժան թոռներ ունի, չաշխատող ամուսին, պորտը բաց` աշխատանքի գնացող հարս, չամուսնացած լաչառ աղջիկ: Թե չէ որտեղի՞ց այսքան չարություն այդ մոտ հարյուր կիլոգրամանոց մարմնում:

- Ես լուրջ եմ ասում, ուրախությունից թռչում եմ: Քիչ է մնում բոլորին համբուրեմ:

Կինը հանեց ակնոցները, գլուխը տարուբերեց, մտածեց . «Հիվանդ է խեղճը»:

- Տղա´ ջան, գնա´, քանի ոստիկան չեմ կանչել:

- Իսկ նրանց մոտ կլինի՞ այդ դեղից:

Աղջիկը, որ ուշադիր լսում էր, չկարողացավ անտարբեր մնար:

- Մեզ մոտ չկա, բայց ես Ձեզ դեղատոմս գրեմ, մի ուրիշ տեղ կգտնեք, լա՞վ:

- Ընթեռնելի´ գրեք:

Տղայի ձեռքում հայտնվեց թղթի վրա գրված հեռախոսի համար և անվան միայն առաջին` «Ն» տառը:

- Բայց անունը ամբողջությամբ չեք գրել:

- Այնքան փորձիր, մինչև գտնես, պայմանավորվեցի՞նք:

Տղան ուրախ-ուրախ դուրս եկավ դեղատնից:

- Ի՞նչ գրեցիր, - տարիքով կնոջ դեմքին զարմացախառն հետաքրքրություն էր:

- Ես հասկացա նրան: Գրեցի հեռախոսիս համարը և «Ն» տառը: Թո´ղ գտնի, եթե կարող է:

- Էս ջահելությունը գժվել է, - ասաց կինն ու նստեց աթոռին:

Ձեռքը վերցրեց գիրքը, որը ցուցադրաբար միշտ պահում էր աչքերի մոտ, իբր կարդում է:

Գիրքը «Խառատի տեղեկատու» էր: Երևի ուրիշ գիրք տանը չկար:

Աղջիկը բարձրաձայն ծիծաղեց:


    

* * *

Փողոցի սկզբնամասում մի կին ծաղիկներ է վաճառում:

Երբեք ինձ առանց առիթի ծաղիկներ չնվիրեց:

- Մայրի´կ, կակաչն ի՞նչ արժե:

- Հինգ հատը` երեք հարյուր:

- Չէ´, մեկ հատ է հարկավոր:

- Վերցրո´ւ, առանց վճարելու:

Ժամն արդեն քսաներեքն է: Տեսնես եկած կլինի՞:

Նռանեն մտավ բնակարան ու միանգամից զգաց ծխախոտի ծխի հոտը:

- Վարդա՞ն:

Ձայն չկա: Փնտրեց ննջասենյակում: Քնած է:

Լավ, երևի հոգնած է եկել:

… Կակաչը դրեց բաժակի մեջ` մահճակալի կողքը:

Մտավ անկողին, այնպես, որ չարթնացնի:

Փոքրիկ լուսամփոփի լույսը կարմիր կակաչին տալիս էր մուգ արյան, խոր մայրամուտի մի խորհրդավոր գույն:

Զգույշ ձեռքը տարավ ու դրեց Վարդանի մազոտ կրծքին, համբուրեց ուսը:

- Եկա՞ր, - ձայնը կիսաքուն էր ու դժգոհ, որ արթնացրին:

- Ինձ կակաչ եմ գնել, տե´ս ինչ լավն է:

Ձայն չկա:

Կիսամութի մեջ սկսեց լուսավորվել բջջային հեռախոսի էկրանի լույսը:

Չհասցրեց վերցնել` նախքան զանգը կսպաներ լռությունը:

- Նարինե՞:

- Սխալվել եք:

Հիշեց մի քանի ժամ առաջ դեղատուն մտած տղայի ձայնը:

Նորից զանգ:

- Նաիրա՞:

- Սխալվել եք:

Հետո նորից զանգ:

- Նունե՞:

- Սխալվել եք:

Վարդանը շրջվեց դեպի կինը:

- Ո՞վ է այդքան զանգում:

- «Ն» տառով անուն են փնտրում, - ժպտաց մթության մեջ:

- Նռանե´, անջատի´ր, միևնույն է չի կարող գտնել: Թո´ղ քնեմ, հա՞:

- Իսկ դու ինչպե՞ս գտար:

- Ես մի շոկոլադե սալիկ գնեցի ու քեզ հետ աշխատող այն կնոջը տվեցի: Կարծեմ տիկին Օֆիկ, չէ՞: Հա´մ անունդ ասաց, հա´մ ամբողջ կենսագրությունդ պատմեց: Թո´ղ քնեմ, հա՞:

Զանգ:

- Նելլի՞, Նանե՞, Նարե՞….

- Կրկի´ն փորձիր, -ասաց Նռանեն` անջատելով հեռախոսն ու լուսամփոփը:


    

Կակաչի գույնը փոխվեց բաց երկնագույնի, հետո` ավելի մուգ, հետո դարձավ ստվերագույն:

Նռանեն աչքերը փակեց ու տեսավ, թե ինչպես է ինքը մերկ, ձեռքերն ու ոտքերը տարածած, պառկած մի կապույտ օվկիանոսի մեջտեղում` փոքր ալիքների վրա:

Մենակ է, ու ալիքներն իրեն դադնաղ քշում, տանում են:

Հետո մոտեցավ մի փոքրիկ շնաձուկ: Նռանեն չհասկացավ, թե ինչու, չվախեցավ:

Շնաձուկն ատամներով բռնել էր մի կարմիր կակաչ, որը զգույշ դրեց կրծքի արանքում ու հեռացավ:

Արևը տաքացնում էր ալիքների վրա համաչափ օրորվող Նռանեին:

Նա մենակ չէր:

Նա էր, կարմիր կակաչը, կապույտ օվկիանոսն ու արևը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1157 | 0 | 0
Facebook