Բազմահազար հայեր Հայաստանում և աշխարհի բոլոր ծագերում հարգանքի տուրք են մատուցում 20-րդ դարասկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակին` այցելելով վերջիններիս հիշատակը հավերժացնող հուշահամալիրներ։
Այդ կապակցությամբ էլ, տարվույս` ապրիլի 24-ին, Հնդկաստանի Կալկաթա քաղաքի Սուրբ Նազարեթ հայոց եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որին էլ հաջորդեց Բարեխոսական կարգ։
Նյու Դելիից Կալկաթա էր ժամանել և արարողությանը ներկա գտնվել նաև Հնդկաստանում ՀՀ դեսպան տիար Վահագն Աֆյանը` տիկնոջ հետ։
Հոգևոր հայրերը, ճեմարանի ուսուցիչները, սաներն ու կալկաթաբնակ հայերը հյուրերի հետ միաձայն աղոթք բարձրացրեցին առ Աստված, որպեսզի Ամենակալ Տերը, Հայոց Ցեղասպանության ընթացքում հանուն Քրիստոսի և հայրենիքի նահատակված հայորդիների աղոթքների շնորհիվ և բարեխոսությամբ, Իր առատ ողորմությունն ու երկնային խաղաղությունը պարգևի հայոց աշխարհին և հայ ժողովրդին: Այնուհետև արարողության մասնակիցները լուռ խոնարհումով ծաղիկներ դրեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի առջև։
Ոչինչ չի մոռացվում...
Լիանա ՓԻՐՈւՄՅԱՆ
Կալկաթա, Հնդկաստան, Նիդ.օրագրի համար