Loading...

Articles

ՈւՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵԿԱՄՏԱԲԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԴՊՐՈՑԻՑ ԴՈՒՐՍ

19:27, Sunday, 09 June, 2019
ՈւՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵԿԱՄՏԱԲԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԴՊՐՈՑԻՑ ԴՈՒՐՍ

Վճարովի պարապմունքների պրակտիկան կամ կրկնուսույցների գործունեությունը Հայաստանի կրթական համակարգի համար նոր երևույթ չէ։ Դեռևս Խորհրդային շրջանում սկիզբ առած այս պրակտիկան այնուհետև մեծ տարածում գտավ անկախ Հայաստանում: 1990-ական թթ. բուհ ընդունվելու համար վճարովի պարապմունքների հաճախելը բավական տարածված էր: Տարիների ընթացքում այս պարապմուքները դարձել են ավելի արդիական: Եթե անկախության առաջին տասնամյակում վճարովի պարապմունքները բարձր դասարանի աշակերտներին ընդունելության քննություններին պատրաստելու համար էին, ապա այժմ զգալիորեն բարձրացել է վճարովի պարապմունքների հաճախող ցածր դասարանի երեխաների թիվը:

Ավագ դպրոցի ներդրման հիմնավորումներից մեկը հենց կրկնուսույցների ինստիտուտի հաղթահարումն էր, սակայն այն չկարողացավ լուծել այս խնդիրը: Հասմիկ Ավագյանը ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի է, ով հաճախում է կրկնուսույցի մոտ: Հասմիկը պատմում է. «Այս տարի եմ սկսել պարապել ընդունելության քննությունների համար, որ հասցնեմ. պարապում եմ անգլերեն, հայոց լեզու և գրականություն: Դե դպրոցի դասերով հնարավոր չի, կրկնուսույցի մոտ ավելի խորացված ենք անցնում ամեն ինչը, թեստերի միջոցով վարժվում ենք քննություններին» ։

Ընդունելության քննությունների համար կրկնուսույցները վերցնում են ամսական 20 000 դրամից ոչ պակաս: Ավագ դպրոցի աշակերտները հիմնականում պարապում են հենց իրենց ուսուցիչների մոտ, այդ դեպքում դասերից բացակայելը և անպատրաստ ներկայանալը խնդիրներ չի առաջացնում: Բացի դրանից, այն աշակերտին, ով պարապում է իր մոտ, ուսուցիչը, բնականաբար, ավելի բարձր գնահատական է նշանակում: Շատ դեպքերում վճարովի պարապմունքի հաճախելու մոտիվացիան ոչ թե գիտելիքի աճն է, այլ գնահատականի մեխանիկական բարձրացումը: Ավագ դպրոցի ուսուցչուհի Գայանե Ադամյանն էլ պնդում է․ «Աշակերտը, եթե մինչև ավագ դպրոց գալը լավ հիմք ունենա և այստեղ էլ լավ սովորի, պարապելու անհրաժեշտություն չի լինի, բայց չեն սովորում, հետո գալիս 2 տարի պարապում են, որ կարողանան ընդունվել, ուսուցիչն ինչ անի»:
    
    

Ցածր դասարանի աշակերտներին նույնպես ծնողներն ուղարկում են կրկնուսույցի մոտ, երբեմն ուղղակի դասապատրաստման համար:

«Ծնողների մեծ մասը որոշում է կրկնուսույցի օգնությանը դիմել, որովհետև դպրոցի ուսուցիչների տված գիտելիքը բավարար չէ, հաճախ այն նոր դասերը, որ բացատրել էին դպրոցում, ես ստիպված եմ լինում նորից բացատրել, որ հասկանան, ընկալեն նոր ինֆորմացիան: Իսկ որոշ դեպքերում ծնողները դիմում են կրկնուսույցին, որովհետև երեխաների հետ դաս անելու ժամանակ և հավես չունեն», - պատմում է Նարինե Գրիգորյանը, ով երկար ժամանակ զբաղվում է կրկնուսույցի աշխատանքով: Տարբեր դպրոցներում ցածր դասարանում սովորող երեխա ունեցող ծնողներն ասում են, որ իրենց երեխաներին պարապելու ուղարկում են իրենց դպրոցի ուսուցիչների մոտ հիմանականում նրա համար, որ այդ դեպքում երեխաներին ավելի բարձր թվանշով են գնահատում: Իսկ եթե իմանում են, որ ուրիշի մոտ է պարապում «վատ աչքով» են նայում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2095 | 0 | 0
Facebook