Loading...

Articles

Արտակարգ դեպք Երևանում․ N 94 մանկապարտեզում 28-ամյա դաստիրակը երեխային բռնության է ենթարկել․ լուսանկարներ

00:36, Friday, 12 April, 2019
Արտակարգ դեպք Երևանում․ N 94 մանկապարտեզում 28-ամյա դաստիրակը երեխային բռնության է ենթարկել․ լուսանկարներ
     Երևանի թիվ 94 մանկապարտեզում 3.5 տարեկան երեխային դաստիարակը բռնության է ենթարկել:

Առաջին անգամ ծեծի ենթարկելու մասին նոր-նոր լեզուն բացված երեխան ինքն է մի կերպ մորը հասկացրել՝ հազիվ մի քանի բառ արտաբերելով ու ձեռքի նշաններով ցույց է տվել, թե ինչպես է դաստիարակը պատժել իրեն։ Իսկ օրեր անց, երբ 28-ամյա դաստիարակը կրկին նույն երեխայի վրա ձեռք է բարձրացրել, երեխայի մարմնի վրա մատնահետքեր են մնացել:

Մեկ ամսվա մեջ արդեն երրորդ անգամ դաստիարակի բռնության դեպքին ականատես է եղել այդ պահին մանկապարտեզում գտնվող երեխաներից մեկի ծնողը: Նշենք, որ դաստիարակի կողմից ֆիզիկական ուժի գործադրմամբ տղա երեխային «դաստիարակելու» փորձերն արվել են փետրվարի 20-ից մինչև մարտի 26-ն ընկած ժամանակահատվածում: Բռնության ենթարկված երեխայի մոր խոսքով՝ առաջին դեպքից հետո փորձել է առանձնազրույց ունենալ և պարզաբանում ստանալ դաստիարակից: Բնականաբար, նա հերքել է:
     «Սկզբում նկատեցի՝ տղայիս թևիկներին երեխայի ատամների հետքեր կան, մատիկների ճանկռած տեղեր, բայց դրան նորմալ վերաբերվեցի, մտածեցի՝ երեխաներ են, կոպիտ են խաղացել իրար հետ, բայց հետո, երբ հետքերը փոխվեցին, ու տղաս տանը պատմում էր, թե ինչպես է վարվել դաստիարակն իր հետ, սկսեցի շատ անհանգստանալ: Մոտեցա նրան, խնդրեցի, որ ուշադիր լինեն, երեխան վախենում է պարտեզ գալ, հրաժարվում է ամեն առավոտ, վարքագիծ է փոխվել:

Դաստիարակն էլի հերքեց, ասելով, թե՝ աբսուրդ ա, չկա նման բան, ու էլի ամեն ինչ բարդեց խմբի երեխաների վրա: Հերքեց նաև, որ ասեղով վախեցրել է իմ ու մնացած բոլոր բալիկներին, բայց այս մասին շատ երեխաներ էին տանը պատմել:

Տղաս էլ պատմում է, թե ինչպես է մի քանի անգամ սպառնացել, որ, եթե գնաք ձեր մամաներին պատմեք, ասեղով ձեր թաթիկները կծակեմ: Ես հեռախոսով փորձել եմ նկարել, թե ոնց է երեխաս տատիկին պատմում, ձեռքով ցույց է տալիս, թե ոնց է դաստիարակը ծեծում իրեն, ոնց է հարվածում իր գլխին, թևը կճմթելով՝ հատակին շպրտում: Եվ ամեն անգամ երեխան տարբեր շարժումներով է բացատրում: Բայց էս ամենը դաստիարակը միայն հերքում է… Ու զարմանալին այն էր, որ ոչ մի երեխա այդպես էլ չբողոքեց դայակից, հակառակը, շատ սիրում են նրան», - 168.am-ին պատմեց բռնության ենթարկված երեխայի մայրը:

Սրանից օրեր անց տղայի մարմնի վրա մայրը նորից կապտուկներ է նկատում, նորից մոտենում է, որ պարզաբանում պահանջի, դաստիարակը, ամենաանտրամաբանական հիմնավորումներով, փորձում է ապացուցել, որ երեխան շատ նուրբ մաշկ ունի, ու ամեն անգամ նրան հպվելուց՝ մարմնի տարբեր մասերում մատնահետքեր են մնում: Հաջորդ դեպքի ժամանակ իրավիճակը պայթում է՝ դաստիարակի կամքից անկախ: Նույն երեխայի նկատմամբ հերթական բռնության դեպքին ականատես է լինում ծնողներից մեկը, տագնապած շտապում է տուն ու մայրիկների համար հատուկ բացված Ֆեյսբուքի խմբում մանրամասն պատմում է աչքի տեսածը, հետո հորդորում նրանց, որ անհապաղ քայլեր ձեռնարկեն՝ «անդաստիարակ դաստիարակին» մանկապարտեզից դուրս անելու համար:

Նամակագրությանն արձագանքած ծնողներն անմիջապես ինքնակազմակերպված ժողով են հրավիրել տնօրենի մոտ: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Ղասաբօղլյանին պատմել են ողջ եղելությունը ու խնդրել, որ մանկապարտեզի տնօրենը ողջ տարածքում՝ սենյակներով հանդերձ, տեսահսկող սարքեր տեղադրի, որպեսզի վերահսկի արդեն որերորդ անգամ այսպիսի դեպքերով աչքի ընկած մանկապարտեզի դաստիարակների աշխատանքը: Տնօրենը հայտարարել է, որ ինքն է պատասխանատու բոլոր երեխաների կյանքի և առողջության համար, և խոստացել է առաջին իսկ հնարավորության դեպքում ողջ տարածքը զինել տեսահսկող սարքերով:

168.am-ին այս դեպքերի մասին տեղեկատվություն փոխանցած ծնողների խոսքով՝ երբ տնօրենին մանրամասն հայտնել են երեխաների պատմած նույնացող դեպքերի մասին, նկարագրել, թե ինչ է կատարվում իր ղեկավարած կառույցում, տնօրենը լսածից այլայլվել է, ասել է, թե վատ ինքնազգացողություն ունի, ձեռքերը փայտացել են… ու խնդրել է հեռանալ և 15 օր ժամանակ տալ իրեն՝ մինչև որ եղելությունը կպարզի և համարժեք քայլեր կձեռնարկի իրավիճակը շտկելու համար: Այս հանդիպումից հետո դաստիարակը դայակին խիստ հրահանգ է տալիս, թե այլևս իրավունք չունի շփվել երեխաների ծնողների հետ, և այս հրահանգն իջեցնում է տնօրենի անունից՝ իբրև թե ժողովից հետո տնօրենն է այս եզրահանգմանը եկել: Մինչդեռ ծնողներն ավելի ուշ պարզում են, որ բողոքից հետո դաստիարակը վտանգ է զգացել և իրեն ապահովագրելու համար այդպիսով որոշել է մեկուսացնել դայակին՝ ինֆորմացիա չփոխանցելու համար:

Խմբագրություն դիմած ծնողի խոսքով՝ դաստիարակն անփորձ է, նրան անցած սեպտեմբերից են աշխատանքի ընդունել, պնդում է՝ թեև ունի երկու երեխա, բայց երեխաների հետ շփվելու վերաբերմունք չունի, համբերատար չէ, մեթոդների չի տիրապետում:

«Երբ մի երեխա մյուսին խփում է, իրար հաշտեցնելու սեր ու համերաշխություն քարոզելու փոխարեն՝ մյուս բոլոր բալիկների առաջ ասում է՝ դե հիմա գնա ու դու էլ խփի իրեն, որ հասկանա, թե ոնց ա ցավում, ու այլևս քեզ չխփի», - ասում է նա:


    

«Տնօրենի հետ հանդիպումից 8 օր անց ծնողներիս կրկին կանչեցին մանկապարտեզ, տեղեկացրեցին նրա որոշման մասին: Տնօրենն ասաց, որ դաստիարակին մեկ ամիս ժամկետով ուղարկում է հանգստի, թող գնա, հասկանա, թե որտեղ էր իր սխալը… Կվերադառնա արձակուրդից, հետո կորոշենք՝ ինչ անել: Նրա խոսքից հասկացանք, որ դայակ-դաստիարակ հարաբերություններում ևս լուրջ կոնֆլիկտ կա, և նրանք միաժամանակ են ուղարկվել հանգստի: Իհարկե, պարզ էր, թե իրականում ինչ է կատարվել նրանց միջև, բայց օրեր անց հաջորդ անակնկալը եղավ, տնօրենն անսպասելիորեն ազատվեց պաշտոնից: Հիմա բոլորովին այլ ղեկավարի, դաստիարակի ու դայակի հետ գործ ունենք», - մեզ հետ զրույցում ասում է ծնողը:

Նշենք, որ այս աղմկոտ պատմությունը սկզբում փորձ է արվել պահել պատերի ներսում, սակայն գործն արդեն ոստիկանություն է հասել: Ոստիկանությունից տեղեկացանք, հետաքննում են մանրամասները՝ պարզելու, թե ինչ հիմնավոր փաստարկներ կան քրեական գործ հարուցելու համար:

Իսկ Երևանի քաղաքապետարանից տեղեկացրեցին, որ ահազանգ չի եղել, դեպքի մասին տեղեկացել են Ֆեյսբուքի օգտատերերից մեկի գրառումից և անմիջապես դիմել են իրավապահներին: Այլ գործողություն, որպես այդպիսին, քաղաքապետարանի Կրթության վարչությունը չի ձեռնարկել, սպասում են իրավապահների եզրակացությանը:

Դաստիարակի կողմից բռնության ենթարկված երեխան այս ընթացքում մի քանի անգամ հոգեբանի մոտ այց է ունեցել, ծնողի խոսքով՝ կատարվածը նստվածք է թողել երեխայի մոտ:

«Մեկ ամսից ավելի է՝ երեխաս գիշերները հանգիստ քուն չունի, կտրուկ վեր է թռչում ու լացում է վախից: Քնի մեջ, աչքերը փակ՝ դաստիարակի անունը տալով՝ գոռում է, թե՝ մի խփիր», - ասում է մայրը:

168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ պահանջում է կատարվածին համարժեք պատասխան թե՛ իրավապահների և թե՛ քաղաքապետարանի կողմից: Կնոջ ցանկությունն այն է, որ դաստիարակն այլևս երբեք չաշխատի որևէ մանկապարտեզում, խոստանում է իր ուզածին հասնելու համար մինչև վերջ գնալ:

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1434 | 0 | 0
Facebook
COMMENT.am