Աստվածները որոշում են մի քաղաք կառուցել իրենց համար: Քաղաքի կառուցման համար նրանք պայմանավորվում են մի հսկայի հետ: Պայմանավորվածության համաձայն՝ աստվածները պիտի շռայլորեն վարձատրեին հսկային, եթե նա քաղաքի՝ Ասգարդի կառուցումը մեկ տարում ավարտեր (խոստացել էին, որպես վարձք, նրան տալ Արևը, Լուսինը և Օդինի կնոջը՝ Ֆրեյային):
Հսկան քաղաքը աներևակայի արագությամբ է կառուցում՝ վիթխարի քարերը կախարդական ձիու օգնությամբ տեղափոխելով: Աստվածները վախենում են, թե ստիպված են լինելու իրենց պարտավորությունը կատարել, այդ իսկ պատճառով ժողով են հրավիրում և միաձայն մեղադրում են Լոկին (սա լիարժեք աստված չի եղել, բայց ասերը՝ աստվածները, նրան թույլ են տվել իրենց հետ ապրել, քանի որ նա շատ սրամիտ ու խորամանկ է եղել), թե նա է մեղավորը, որ անհաջող պայմանագիր է կնքվել: Նրանք Լոկիին ստիպում են ամեն ինչ անել, որպեսզի պայմանագրի պահանջներն իրենք չկատարեն:
Լոկին զամբիկ է դառնում ու իր հետևից տանում է հսկայի հովատակին: Հսկան, բնականաբար, այլևս չի կարողանում ժամանակին ավարտել շինարարությունը: Այդ ընթացքում զամբիկ դարձած Լոկին երեք անգամ հղիանում ու ծնում է երեք արարածների՝ համաշխարհային գայլին՝ Ֆենրիրին, համաշխարհային օձին՝ Երմունգանդին և ութոտանի ձիուն՝ Սլեյպնիրին: Արագավազ ձիուն վերցնում է Օդինը, ամեն օր հեծնում է դրան ու ճանապարհորդում է երկնքում:
Մի անգամ, դեկտեմբերի 25-ին, ձմեռային գիշերահավասարի օրը, Օդինը կնոջն էլ է նստեցնում ձիուն ու Երկիր է իջնում: Նրանք մահկանացուներին նվերներ են բաժանում, իսկ մահկանացուներն էլ աստծուն շնորհակալություն են հայտնում՝ մշտադալար եղևնու ճյուղերին զոհաբերված կենդանիներ կախելով: Սրանից էլ, ըստ գերմանական ու սկանդինավայան ավանդապատման, ծնունդ է առնում Ամանորի տոնակատարությունը:
(շարունակելի)