Պետք է հրաժարվել անհեթեթ դարձվածքը գործածելուց
Ռուսական լեզվամշակութային խոհանոցից իրենց հիմնական սնունդն առնող հայերը բավականին հաճախ գործածում են «նա իր ափսեում է» կամ «նա իր ափսեում չէ», արտահայտությունները, և նրանց թվում է, թե շատ դիպուկ ու պատկերավոր դարձվածք են կիրառում: Ասում են, թե այդ թարգմանիչը ֆրանսիական մի պիեսի հերոսներից մեկի՝ «il n'est pas dans son assiette» -ը ուղղակի պատճենահանել է, և արդյունքում ծնունդ է առել «Նա իր ափսեում չէ» անհեթեթ արտահայտությունը: Այն գրական ռուսերենի մեջ է ներթափանցել եվրոպականացած ռուս ցուցամոլների միջոցով: Դարձվածքի անհեթեթությունն ընդգծելու համար ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովը «Խելքից պատուհաս» -ի հերոսներից մեկի «բերանն է դնում` «Հարգելի'ս, դու քո ափսեում չես» նախադասությունը: Գրիբոյեդովից ավելի վաղ ոչ այնքան հայտնի մեկ այլ ռուս գրող` Նովիկովը, ցուցամոլներին ծաղրելու համար, «Գեղանկարիչը» ստեղծագործությունում հետևյալ երկխոսությունն է վերարտադրում. «Ի դեպ, տիրուհի, ձեզ մի նորություն ասե՞մ, ախը՛ր ես, հիմարության աստիճան, սիրահարված եմ ձեզ. դուք ձեր հմայքներով այնպես եք գլուխս պտտել, որ ես իմ ափսեում չեմ նստած»: Ի սկզբանե «il n'est pas dans son assiette» -ը ֆրանսիացիները գործածել են այն նավի վիճակը հատկանշելու համար, որը չի կարող ազատ ընթանալ ջրային մակերեսի ցածր մակարդակի պատճառով, և հետո փոխաբերական նշանակություն է ձեռք բերել: Պրուսիայի Ֆրիդրիխ 2-րդ թագավորը Վոլտերին հղած նամակում գրել է. «Je ne suis pas encore dans une assiette tranquille» («Ես դեռ չեմ կարողանում խաղաղվել»): |