-Մենք -
Երկար ժամանակ է հանդիպում ենք…
միայն հայացքներով:
Ժպտում ենք իրար, ու … անցնում:
Պակասո՞ւմ է ինչ որ բան, ո՛չ ես, ո՛չ Նա
Չենք հասկանում…
«Դե ասա, ի՞նչ ես ուզում», մտքում հարցնում է Նա:
Նա Կի՜ն է, ուժեղ ինչպես փոթորիկը…
Սպիտակ խալաթի մեջ Նա ավելի գեղեցիկ կլինի քան փողոցում:
Փոթորիկները սպիտա՞կ են լինում…
Ես ժպտո՜ւմ եմ, Նա ժպտո՜ւմ է…
ու նորից մենք հանդիպում ենք հայացքով…
Գիշեր-դեղատան աչքերի առաջ:
-Ես -
Նայում ենք իրար…
Այնքան մոտիկ ենք իրար, որ կորցնում ենք
թաքնված մտքերի Հսկողությունը:
Երկուսիս աչքերն էլ փայլում են…
Առանց իրար հետ համաձայնության նայում ենք
Դռանը, որտեղից մարդ չի մտնում ներս,
Գիշերը գեղեցիկ է Նրա նման:
Ե՜ս…
Նա՜…
Շրջապատը կախարդական է ու…
Ուժեղը նա է…
Ձեռքերս
Սեղմած կրծքիս փորձում եմ դուրս փախչել գիշերվա միջից:
Հանգցնում եմ տանս բոլոր լույսերը,
Վառում եմ մի մոմ,
Սափրվում եմ մոմի տակ, նստում
Գրասեղանիս մոտ ու վերջապես
Հանդիպել էինք հայացքներով Ես և Նա…
Ոչինչ չեմ հասկանում, աչքերս նայել չգիտեն,
Նրա հայացքն էլ գրել չգիտե…
-Նա -
Նա սպասել գիտի,
Նա գիտի հայացքով պատմել,
Թե ինչպես է սիրում:
Նա թո՜ւյլ է, տղամա՜րդ,
Երկչո՜տ է, բայց…
Ինչքա՞ն կարելի է սպասել, պատվիրած դեղը
Արդեն ձանձրանում է,
Գրողի ծոցը գիշեր-դեղատունն էլ, աշխարհն էլ,
Գրողի ծոցն էլ այս զգեստը, որ հագա, որը
Չունի սկիզբ, որը չունի վերջ…
Գրողի ծոցը նա ով հնարել է մենակությունը…
Բայց ինչո՞ւ մենակ, մի՞գուցե կգա…
Կգա՜…
Կսպասեմ, Նա ուղղակի ուշանում է…
-Վերջաբան -
Իմ մասին ամենավատ բաները գիտեմ միայն ես,
բայց դեռ շարունակում եմ սիրել ինձ:
Բոլոր ճանապարհներից հրաժարվեցի և ոչ թե նրա համար,
որ բոլորը տանում են դեպի Հռոմ,
այլ որ բոլոր ճանապարհները
տանում են դեպի գիշեր-դեղատուն…
Դանդաղաշարժ Լուսաբացը
ձեռքի ջնջոցով գիշեր-դեղատան ապակուն
փակցնում է հայտարարություն.
«Առաջարկում եմ ՛՛ՍH՛՛ մակնիշի թվային որակով,
նուրբ տեսախցիկ, անցած տարվա դեկտեմբերից մինչև
այս տարվա մայիսն ընկած ժամանակահատվածում
Իմ հոգու բոլոր տեղաշարժերի ձայնագրությամբ:
Ս.Ումառ-Հարությունյան