Թավշապա՜տ մի երեկո էր,
Որ արևին ծածկեց,
Մի ծե՜ր, շա՜տ ծեր Լուսատու էր,
Որ աչքերս փակեց:
* * *
Հազա՜ր-հազար հնգաթև՜
Լույս-աստղիկներ շողացին,
Հազա՜ր-հազար հեքիաթնե՜ր
Աչքերիս դեմ հառնեցին:
Հեքիաթներից միայն մե՜կն էր,
Որ շատ մոտ էր իմ սրտին-
Մայրս գի՜րք էր կարդում, հե՜տն էլ
Օրո՜ր երգում մեղմագին:
Ինձ բալի՜կ էր անվանում՝
Ալեհերս շոյելով…
Ինչե՜ր ասես երազում
Որ չես տեսնի գիշերով:
Ասաց. – Տղա՜ս, թավի՜շ լինի
Կամ բետոնե ամո՜ւր պատ,
Թե փակում է լույսն աչքերիդ
Երի՛ցս լինի անիծված:
Խառնակ դա՜ր է, աչք մի՛ փակիր
Այդպես հանգի՜ստ անվրդո՜վ,
Թե որ մութը դուռդ թակի,
Դու մի՛ շտապիր դռան մոտ:
Նստի՜ր ու մի՛ շարժվիր տեղից,
Մութը կգա՜, կգնա՜,
Դու վախեցիր արեգակից,
Որ կարո՜ղ է դուրս չգալ:
* * *
Ծեր լուսատուն հոնքը ծռե՜լ
Կնճիռնե՜րն էր խաղացնում,
Արեգակը վաղուց ելե՜լ
Լո՜ւյս էր,
Լո՜ւյս էր բաժանում…