Loading...

Articles

«Ո՞ւմ էր ձեռնտու ընկեր Հրաչի մահը»

21:22, Tuesday, 02 April, 2013
«Ո՞ւմ էր ձեռնտու ընկեր Հրաչի մահը»

Այսօր առավոտյան ժամը 09: 00-ի սահմաններում Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է նույն գյուղի գյուղապետ, 1963 թ. ծնված Հրաչ Մուրադյանի դիակը, ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարվածը տխուր լռություն է իջեցրել գյուղում: Սառն անցուդարձի մեջ մարդիկ վախվորած էին, անծանոթներին նայում էին զգուշավորությամբ: Մոտ 5800 բնակիչ ունեցող գյուղում անպատասխան հարց է առաջացրել գյուղապետի սպանությունը: «Մեր գյուղապետը հոյակապ տղա ա եղել: Գյուղի համար ամեն ինչ արել ա», - ասաց գյուղացիներից Մյասնիկը: Մեր այցելության պահին գյուղի տաղավարներից մեկում հավաքված տղամարդիկ լուռ ծխում էին, հետո աննկատ հեռանում տաղավարի անկյուն, կարծես, թաքնվելու այնտեղ: «Իսկ գյուղապետը թշնամիներ ունե՞ր գյուղում», - հարցրեցի նրանց: «Չէ, ինքը թշնամիներ չուներ գյուղում, շատ հարգված-սիրված էր», - ասաց Մյասնիկը: Գյուղացիների խոսքով' իրենց գյուղապետի սպանությունը «ձեռնտու էր իշխանավորներին»: «Ամբողջ սովխոզի համար ա աշխատել, ուսանողներին փող ա փոխանցել, որ սովորեն: Մեր նմանները, իհարկե, բողոք չունեին նրանից», - ասաց գյուղացիներից Միշա Ներսիսյանը: Գյուղի բնակիչները պատմեցին նաև, որ ամբողջ գյուղը ջուր ունի, գազ ունի' շնորհիվ գյուղապետի: Բնակիչներն անթաքույց հիացմունքով էին խոսում գյուղապետի մասին, և նույնիսկ դժվար էին հավատում, որ նման ողբերգություն է տեղի ունեցել:

Անձայն կրակոց և ուժեղ գոռոց

Պռոշյանի գյուղապետարանի շենքի առջև' սպանության վայրում, դեռևս թարմ էին արյան հետքերը: Գյուղապետարանի դուռը փակ էր, առաջին հարկի լուսամուտի անկյունը նկատելիորեն ջարդված-փշրված էր: Գյուղապետարանի հարևանությամբ գյուղի մշակույթի տունն է, իսկ շենքին անմիջապես կից՝ թերթի կրպակը: Կրպակի աշխատակից Հեղինե Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր առավոտյան ժամը 06: 55-ին է բացել կրպակը:

Կնոջ պատմելով' ինքը կրակոցի ձայն չի լսել, իսկ սպանության մասին իմացել է միայն այն ժամանակ, երբ ուժեղ գոռոց է լսել: «Ամեն առավոտ ժամը 09: 00-ին ես միշտ լսում եմ «Ազատության» ձայնը: Հենց «Ազատության» ձայնը սկսվեց, գոռոց լսեցի, բայց մտքովս չանցավ նույնիսկ դուրս գամ, որովհետև շատ ծանրաբեռնված էի: Էդ պահին դիմացից կանայք էին վազում, իրենց հետ դուրս եկա, հետո լսեցի ախպոր գոռոցը. գոռում, կանչում էր' «Հրաչ, Հրաչ, էս ի՞նչ ա եղել, էս ո՞վ ա արել», - պատմեց կրպակի աշխատակիցը: Նրա խոսքով' այդ ժամանակ գյուղի բուժքույրն էր մոտեցել: Հ. Սարգսյանի խոսքով' որքան էլ պաշտոնյան թշնամիներ կամ չարակամներ ունենա, դա չի ենթադրում, որ կարող են սպանել նրան: «Եսիմ ի՞նչ տականք ա, եսիմ ի՞նչ անասուն ա եղել կրակողը: Իսկ ընդհանրապես ես մի բան գիտեմ' էս երկիրը դառել ա կրիմնալ երկիր: Էս երկրից ինչքան հնարավոր ա՝ պիտի փախնեն, որ մենակ մնա Հանրապետականը, տեսնեմ' ի՞նչ ա անելու»:

Ընկեր Հրաչը

Դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի տան բակում հավաքվել էին նրա մարտական ընկերները, ովքեր հուզմունքով, երբեմն՝ զայրույթով վերլուծում էին կատարվածը:

Պատմում էին, որ ընկեր Հրաչն Արցախյան հերոսամարտի մասնակիցներից էր: Պատերազմի ավարտվելուց հետո ամուսնացավ: «4 երեխա ունի' 2 աղջիկ, 2 տղա: Կրտսեր որդուն անվանել է իր մարտական ընկերոջ' Կարոտի անունով», - պատմում էին գյուղապետի մարտական ընկերները: Վերջիններս փորձում են հասկանալ, թե, ի վերջո, ո՞ւմ է ձեռնտու ընկեր Հրաչի սպանությունը: Նրանք վերհիշեցին, երբ 2008թ. էլ գյուղապետի ընտրություններից առաջ կրակել էին Հ. Մուրադյանի ավտոմեքենայի վրա: Նրանց ասելով' կրակոցների ժամանակ ավտոմեքենայի մեջ էին գտնվում Հ. Մուրադյանն ու նրա եղբորորդին: Այդ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որը, սակայն, ընկերների ասելով' զարմանալիորեն այլ ընթացք ստացավ: Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, թե Հ. Մուրադյանն ինքն է կրակել իր ավտոմեքենայի վրա: Այս դեպքից հետո ընկերներն այլևս կորցրել են վստահությունը Ոստիկանության հանդեպ: Ասում են' եթե Ոստիկանությունը ցանկանա, 24 ժամվա ընթացքում կգտնի մարդասպանին: Ընկերները պատմեցին նաև, որ դեպքի օրն ընկեր Հրաչը սովորականից շուտ է գնացել աշխատանքի: Ասում էին, որ գյուղապետարանից առավոտ շուտ զանգել էին, զանգողը գյուղապետարանի ազնիվ աշխատակիցներից էր: Ընկերների պատմելով' գյուղապետարանի բակում' նախքան շենք մտնելը, գյուղապետը զրուցում էր գյուղացիներից մեկի հետ, և հենց այդ զրույցի պահին կրակել են: Գյուղացին շփոթվել էր, բայց որևէ բան չէր նկատել: Միայն ասում են, որ կրակել են ավտոմեքենայի միջից: Հիմա ամենավատ վիճակում գտնվում են գյուղապետի 4 անչափահաս երեխաները, որոնք, ըստ որոշ գյուղացիների, վերջին ժամանակաշրջանում ճնշումների էին ենթարկվում դպրոցում: Պատճառը չգիտեն, բայց այդ ճնշումների մասին լսել են…

Ի դեպ, հիշեցնենք, որ 2012թ. սեպտեմբերին Պռոշյանի ճաշարանի մոտ էլ տեղի էր ունեցել ծեծկռտուք: «Պռոշյան գյուղի նախկին ճաշարանի մոտ գյուղի մի քանի բնակիչներ ինչ-որ հարցի շուրջ վիճաբանել են գյուղապետի և մի քանի ուրիշ անձանց հետ' գյուղապետի կազմակերպած արարողության ժամանակ, որի ընթացքում հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ, քաշքշուկ է եղել, որից հետո նրանք դիմել են փախուստի: Կատարվում է հետաքննություն», - նշյալ դեպքի մասին լրատվամիջոցներին հայտնել էին ՀՀ ոստիկանության Լրատվական վարչությունից: Այսօր կատարվածի մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Գերագույն մարմինը, որտեղ նշված է. «Բազմիցս դրսևորված սպառնալիքներն ու ահաբեկումները, ի վերջո, հասցրին այս վախճանին»:

Սպանության վարկածներ' ըստ գյուղացիների

Հ. Մուրադյանի սպանության վարկածներն այդքան էլ շատ չեն' ըստ գյուղացիների: Ոմանք կարծում են, թե գյուղապետը գյուղում թշնամիներ չի ունեցել, և բացառում են, որ մարդասպանը եղել է գյուղից: Ոմանք էլ կարծում են, որ սպանության հետ անմիջական կապ ունեն գյուղի «գողական» հեղինակությունները, որոնց անունները, սակայն, հրաժարվեցին տալ: «Դե ո՞ր գյուղում գողական չկա», - այսպես էին արձագանքում նրանք: Գյուղացիներից շատերը կարծում են, որ գյուղապետին սպանել են պաշտոնի համար: Ի դեպ, նշենք նաև, որ գյուղացիներից ոմանք 168.am-ի հետ զրույցում ասացին, որ կրակոցները եղել են «Մագնոլիա» տեսակի զենքից:

Սպանության պաշտոնական լրահոսից

«Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է նույն գյուղի գյուղապետ, 1963 թ. ծնված Հրաչ Մուրադյանի դիակը: Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Հրաչ Մուրադյանը մահացել է աջ քունքի շրջանում անհայտ անձի կողմից արձակած հրազենային վնասվածքից: Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է», - ասված է Ոստիկանության հաղորդագրության մեջ», - ասված է Ոստիկանության հաղորդագրության մեջ: Ավելի ուշ Ոստիկանությունը տարածել էր հետևյալ հաղորդագրությունը. «Հրաչ Մուրադյանի հագուստի վրա հնարավոր կրակոցի հետքեր, արգասիքներ, մանրաթելեր, քաշքշուկի հետքեր հայտնաբերելու նպատակով նշանակվել է դատաքիմիական, դատաձգաբանական, դատահետքաբանական և միկրոմասնիկային համալիր փորձաքննություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Հնարավոր ականատեսներ հայտնաբերելու նպատակով հարցաքննվել են բազմաթիվ վկաներ: Սպանության գործի հետագա նախաքննությունն իրականացնում է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունը»:

Լուսանկարը՝ hetq.am-ի

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1574 | 0 | 0
Facebook