Մթագնեց օրը.
Անձրև պիտ տեղա,
Մոլեգնած քամին թուղթ է թռցնում,
Ցավից ճչում են ճկված ծառերը,
Ձեղունի ներքո ահուդողի մեջ
Ծիծառը լուռ է,
Ծերունին ճիգով դարպասն է կողպում,
Անձրևանոցը քամուն դեմ արած
Տիկին է գնում,
Մի կատու կտրեց փողոցը վազքով,
Փեղկեր զարկվեցին,
Ապակին խշրեց,
Պարանից պոկված ճերմակ սավանը
Փաթաթվել բարդուն,
Պոկ գալ չի ուզում:
Էլի մի վայրկյան,
Եվ կաթիլն առաջին
Իջնում է հողին,
Հաջորդ կաթիլը`
Ասֆալտին դեռ տաք,
Թոշնած խոտերին,
Կտուրներին բարկ,
Ներկած կոպերին պորտբաց օրիորդի.
Անձրև է վարար:
Ջրհորդաններում աղմկող ջուրը
Փրփուր է կապել,
Փողոցներն ի վար առու է, հեղեղ,
Տեղատարափ է,
Մաքրագործումի ժամ...
- Ինձ մոտ անդորր է:
ՀԱՆԳՐՎԱՆ շարքից