Մարզերի երիտասարդները միշտ իրենց դժգոհությունն են հայտնում այն մասին, որ մարզերում չկան այն պայմանները, որոնք կօգնեն երիտասարդներին լինել ավելի զարգացած և տեղեկացված: Ցավոք Արմավիրը այդ մարզերից մեկն է:
Արմավիրում կան բազմաթիվ ժամանցի վայրեր` սրճարաններ, ակումբներ, այգիներ բայց այդ ամենից օգտվում են երիտասարդների միայն մի մասը: Ստացվում է, որ երիտասարդները զրուցելու կամ հաճելի ժամանակ անցկացնելու համար չունեն բարենպաստ պայմաններ: Այգին, որը շատ փոքր է հարմար է երեխաների և տարեցների համար:
Երիտասարդները ստիպված են լինում որևէ ֆիլմ կամ ներկայացում դիտելու համար վարձակալել որևէ տրանսպորտային միջոց և գնալ Երևան, բայց այդ հաճույքից բոլորը չէ, որ կարողանում են օգտվել ֆինանսական խնդիրների պատճառով: Արմավիրցիները ցանկանում են, որ իրենց քաղաքում լինի կինոթատրոն, թատրոն, հետաքրքիր ժամանցային կենտրոններ, լողավազան, տեղեկատվական հասարակական կազմակերպություններ և մի շարք զարգացնող բնույթի կառույցներ:
Խոսելով երիտասարդների հետ եկա մի եզրահանգման, որ բոլորը ցանկանում են տեղափոխվել մայրաքաղաք, քանի որ չունեն պայմաններ հետաքրքիր ժամանակ անցկացնելու համար: Եթե մեր կառավարությունը չշտկի այս իրավիճակը, ապա Արմավիրում կմնան միայն տարեցները: