Loading...

Articles

Մոսկվայի միջոցով լուծվել է ղարաբաղյան կլանի 2 թևերի՝ Սարգսյանի ու Քոչարյանի միջև եղած խնդիրը

01:03, Monday, 05 December, 2016
Մոսկվայի միջոցով լուծվել է ղարաբաղյան կլանի 2 թևերի՝ Սարգսյանի ու Քոչարյանի միջև եղած խնդիրը

Քաղաքական դաշտը նախընտրական փուլում է, ուրվագծվում են դաշինքներ: Վերջերս տեղի ունեցավ ՀՀԿ համագումարը, փոխվեց ԳՄ կազմը, և օրերս հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը տեղակալ է նշանակելու և ամենահավանական թեկնածուն Կարեն Կարապետյանն է: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական» - ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչ միտումներ են նկատվում, արդյո՞ք իշխանությունը ևս վտանգներ է տեսնում Կարեն Կարապետյանի գործունեությունից, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը նշեց. «Հիմա փողոցում ում բռնում են, դարձնում են հանրապետական. այսպիսի տպավորություն ունեմ: Կարելի է ենթադրել, որ ինչ-որ ուժեր ՀՀԿ-ում ուզում են իրենց տեսակարար կշիռը բարձրացնել:

Եթե Սամվել Կարապետյանը և Կարեն Կարապետյանը մարդկային ներհոսք են ապահովում ՀՀԿ, ապա կարելի է մտածել, որ ինչ-որ առումով նրանք կուսակցությունում իրենց տեսակարար կշիռը բարձրացնելու խնդիր են լուծում: Հաշվի առնելով նրանց անցած ուղին, կենսագրությունը՝ կարելի է ասել, որ քաղաքական առումով Մոսկվան ավելացնում է իր հնարավորությունները ՀՀԿ-ի ներսում: Սերժ Սարգսյանն էլ դա հասկանում է և սկսում է կատարել քայլեր»:

ՀՀԿ համագումարի վերաբերյալ Ա. Կարապետյանը նշեց, որ այն իրեն տխրեցրել է. «Այդ «դարակազմիկ» համագումարը ԽՄԿԿ 21-րդ համագումարից ավելի վատը եղավ: Ս. Սարգսյանի ելույթից տպավորություն ստացա, որ խոսում է մի մարդ, որը հոգնած է և ծրագրային առումով այլևս չգիտի, թե ինչ է պետք անել»:

«Քաղաքագիտական առումով՝ ամեն ինչ կոնկրետ է. մինչև 2018թ. ստատուս քվոն կպահպանվի, ընտրությունները կանցնեն ինչպես միշտ, ընտրություններից հետո ՀՀ-ում կկիրառվի «Պուտին-Մեդվեդև» տարբերակը, այսինքն՝ Սարգսյանը և Կարապետյանը՝ մեկը նախագահ կլինի, մյուսը՝ վարչապետ, իսկ եթե չստացվի՝ փորձ կարվի դառնալ «Բրեժնև» ՝ այսինքն՝ կառավարումը շարունակել կուսակցության միջոցով:

Արամ Կարապետյանի դիտարկմամբ՝ իշխանությունը երեք հիմնական խնդիրների առաջ է կանգնած՝ առաջինը նորմալ ընդդիմության բացակայությունն է, երկրորդը՝ նոր ծրագրերի, կրեատիվ մտքերի բացակայությունն է դաշտում, և երրորդը՝ Հայաստանի տնտեսության վիճակն է, որը հիմա լիովին կախված է արտաքին դոնորների պահվածքից, Ռուսաստանի տնտեսական կացությունից:

«Ռոբերտ Քոչարյանի մարդկանցից մի մասը հետ են կանչվել քաղաքական ասպարեզ, հետ են բերվել կառավարման համակարգ, այդ առումով, կարծում եմ, Մոսկվայի միջոցով լուծվել է ղարաբաղյան կլանի 2 թևերի՝ Սարգսյանի ու Քոչարյանի միջև եղած խնդիրը: Այդ պայմանավորվածությունը այս պահին գործում է», - ընդգծեց Կ. Կարապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5445 | 0 | 0
Facebook