ՍԻՐՈՂ ԿԻՆԸ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿ (տղամարդկանց երկխոսություն)
17:42, Wednesday, 17 August, 2016
- Տոթ է, սակայն գեղեցիկ մի բան կա ամենուրեք... -Ներեցեք, ես շոգ եղանակ չեմ սիրում: -Զգում եմ` այրվում եք, և գիտե՞ք, թե ինչն է հետաքրքիր, որ երբ ներսից ենք այրվում, հաճախ զովանո՜ւմ ենք... -Ինչպե՞ս թե... -Չե՞ք կարծում, պարո՛ն, որ այրվողը հաճախ անելիք ունի, ուրեմն ապրելու գաղտնիք է կրում իր ներսում... -Իսկ երբ սերդ նահանջում է, և երազներդ ուզում ես վաճառել պատահական անցորդին, դա՞ էլ է անելիք... -Կարծում եք, որ կվաճառե՞ք... -Իհարկե՛, ամեն բան արեցի, ամեն բան... -Գուցե ոչինչ չարեցի՞ք... -Ինչպե՞ս եք համարձակվում այդպես խոսել... -Իսկ ինչո՞ւ արեցիք, երբ պիտի շպրտեիք այդ ամենը Ձեր սիրո երեսին... Մի ձեռքը չպիտի իմանա մյուս ձեռքի արածը... -Օ՜, աստվածաշնչյան պատգամն եք ինձ մեկնում... Ամեն բան ասված է, բարեկամս, սիրո նահանջը դավաճանություն է... -Դուք վաճառել եք ուզում պատահական անցորդին սրբազանը` Ձեր սիրո տարածքն այս աշխարհում, և ի լուր աշխարհին հայտնում եք Ձեր սիրո «սխրանքի» մասին և պահանջում փոխադարձ հարգանք, համարեք, որ արդեն ոչ միայն վաճառել եք մարդկային Ձեր սուրբ առաքելությունը, այլ մերկացել եք աշխարհի առաջ... -Իսկ ո՞րն է նրա առաքելությունը... Ո՞րը: Եթե Դուք խոսում եք կնոջ մասին` վահանը պարզած նրա ներաշխարհին, որպեսզի բառը չվնասի իրեն, ապա բարի եղեք նրա փոխարեն պատասխանել: Կրկնում եմ` ո՞րն է կնոջ առաքելությունն այս դեպքում... -Լռությու՛նը... -Ներեցեք, ես ճի՞շտ հասկացա, դուք լռությո՞ւնը նկատի ունեք... -Իսկ ի՞նչ եք կարծում, նա ունի՞ այլ ճանապարհ... -Դուք ինձ շփոթության մեջ եք գցում... -Բարեկամս, նվիրեք կնոջը լռության ակնթարթ, և նա իրերը կդասավորի այնպես, ինչպես բնության մեջ ամեն մի առարկա ու երևույթ է դասավորված մի ընդհանուր ներդաշնակության մեջ... Տղամարդը հաճախ շտապում է` փորձելով յուրացնել սեփական առաքինության լեզուն, դա ամենևին խիզախություն չէ: Փորձեմ լինել ավելի պարզ, քանզի այս տոթը չգիտեմ, թե ինչու այսօր ինձ դուր է գալիս և գուցե այն պատճառով, որ երբեմն ջերմության մեջ խոնարհության լեզուն է բարբառում, իսկ այս ամենի ակունքը գուցե բարությո՞ւնն է: Այդպես էլ կնոջ համբերությունն է, որ միշտ պիտի սնվի սիրո լեզվով, այսինքն ջերմությամբ, որպեսզի ծնվի իրականությունը, և սերը մենք պետք է նվիրենք նրանց առանց ակնկալիքի... Դա հենց ներքին ջերմությունն է, որով սնվում է ընտանիքը... Տան ուժը կինն է... -Ներեցեք, Ձեր աչքերում արցունքներ նկատեցի, գուցե սխալվո՞ւմ եմ... -Ես ուղղակի ժպտում եմ: -Դուք մի՞շտ եք այդպես ժպտում: Առաջին անգամ եմ զգում, որ ժպիտում արցունքը խորանում վառվող մոմի է նման: Դուք տխո՞ւր եք, անծանոթ բարեկամ: -Ո՛չ, իհարկե, ո՛չ, ես ուղղակի ի՛նձ նման եմ ժպտում... Դուք էլ Ձեզ նման խոսեցիք սիրուց, բայց երկուսս էլ մոռացանք մի կարևոր բան, շատ կարևոր... -Ե՞վ: -Կնոջ ներաշխարհը չեն վերլուծում, կարո՞ղ եք անքննելին ժամանակի մի փոքր հատվածի մեջ պարզել մարդուն որպես ճշմարտության խորհուրդ և մեկնել նրա իմաստը... Այդպես էլ կինն է իր ներաշխարհով պարզված տղամարդուն... Նրան ժամանակ է պետք, և դա պահանջում է մի ողջ կյանք: Աստվածային է նրա առաքելությունը, հետևաբար` անքննելի... -Մի՞թե նա հեռավորության վրա լսեց իմ տրտնջալը... Իմ սերը, իմ կյանքի իմաստը, իմ սիրելին... -Կանանց բառարանում տարածություն և ժամանակ բառերը չկան: Նրանք երբե՛ք չեն պահանջում ազատություն, քանզի նրանց ազատությունը սիրո մեջ է, դա է պատճառը, որ կնոջ քնքշությունը ամենաբնականն է աշխարհում, որից ծնվում է տղամարդու հերոսական էպոսը: Ակնթարթ անգամ սերը նահաջեց, կինը զգում է, որտեղ էլ, որ լինենք, թեկուզ մտքում շշնջանք: -Ես հաճախ եմ տրտնջացել այս եկեղեցու բակում և մենակ: -Նվիրեք Ձեր սիրելիին ժամանակ, իսկ դրա համար խիզախություն է պետք, որին կոչում ենք համբերություն... Իսկ համբերությունը բնական ընթացք է հավատից ծնված: Համբերության մեջ սերը խնամելու պատգամն է, իսկ դա տևում է մի ողջ կյանք... Երջանկություն է, երբ սերդ խնամելով ես տարված... 09.08.2016 թ., Երևան © Ռաֆայել Սերենց |
Like
0
Dislike
0
6132 | 0 | 0 | 0